Նիկոլ Փաշինյանի որդեգրած թավշյա մեթոդները դատարանների դեպքում չեն արդարացնում


Նիկոլ Փաշինյանի որդեգրած թավշյա մեթոդները դատարանների դեպքում չեն արդարացնում

  • 21-10-2019 11:56:42   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

-Պարոն Միսկարյան, նախորդ շաբաթ ՍԴ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու որոշումը։ Ինչպես եք գնահատում այն։
 
-Ի սկզբանե պարզ էր, որ այդպես էլ կլինի։ Կարծում եմ որոշ մարդկանց կողմից միամտություն էր ՍԴ-ից այլ բան սպասելը։ Պարզից էլ պարզ էր, որ Սահմանադրական դատարանը որպես նախկին ռեժիմի մնացուկ ու նախկինների հետ բազմաթիվ կապերով շաղկապված կառույց պիտի առավելագույնս ձգտի պահպանել իր դիրքերը։
 
-Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը նախորդ իշխանության ներկայացուցիչներին ստիպեց անգամ ակցիա իրականացնել։ Նրանք նշում են, որ այս բոլոր քայլերը ուղղորդված են։ Ինչպե՞ս եք գնահատում։
 
-Հրայր Թովմասյանի հետ փոխկապակցված անձանց ԱԱԾ հրավիրելու մեջ ես հակաօրինական ոչինչ չեմ տեսնում։ Հրայր Թովմասյանը նրանց անունով իր գույքն ու ունեցվածքը գրանցելուց առաջ պիտի մտածեր դրա մասին։ Ինչ վերաբերում է «ակցիային», ապա դա ամբողջովին մտնում է նախորդ մտքի տրամաբանության մեջ։ Հանցագործ ռեժիմի սպասավորների մոտ հիմնավոր վախեր կան, որ մի օր էլ «այդ ուղտը իրենց բակում է չոքելու»։ Բնական է, որ ինչ որ ձևով փորձում են կանխել այդ պրոցեսը։
 
-Առհասարակ, արդյոք Հրայր Թովմասյանի հրաժարականով ՍԴ խնդիրը կլուծվեր և հանրությունը այդ կառույցի նկատմամբ վստահությունը կվերգտներ։
 
-Ցավոք, ՍԴ ճգնաժամը չի սկսվում և չի ավարտվում Հրայր Թովմասյանով։ Սահմանադրական Դատարանը որպես ինստիտուտ կայացած չէ, և նրա անդամների մեծամասնությունը աշխատում և աշխատել են էն համակարգի տրամաբանության մեջ, որը իրենց նշանակել է այդտեղ իր` համակարգի շահերը պահելու համար։ Հնարավոր չէ կեղծված ընտրություններն ու հանրաքվեները լեգետիմացնողներով ունենալ իրավամբ առողջ ու իր իրական նպատակին ծառայող, անաչառ Սահմանադրական դատարան։ Կարծում եմ ՍԴ-ի հարցը համալիր, ամբողջական լուծում է պահանջում։
 
-Ընդհանրապես, դատաիրավական բարեփոխումներին միտված իշխանության քայլերը որքանո՞վ են արդյունավետ։
 
-Պետք է փաստել, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի որդեգրած թավշյա մեթոդները դատարանների դեպքում չեն արդարացնում, եթե չասենք` տապալված են։ Դատական ամբողջ համակարգը մնում է հին տրամաբանության մեջ։ Գուցե դատավորները հիմա կաշառք չեն վերցնում, բայց դա դատական համակարգում նվազագույնն է։ Կոռուպցիոն կապերն ու կոմպրոմատների ինստիտուտը շարունակում է մնալ որպես բարձր ռիսկային գործոն։ Անկախ դատարաններ ունենալու համար նախ հարկավոր է ունենալ անկախ դատավորներ։ Մենք դա դեռևս չունենք։

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

 Հարցազրուցավար

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ