Երբ կոռուպցիայի դեմ պայքար է մղվում և բացի Մանվել Գրիգորյանից մարդ չկա նստած, այդ մասին ոչ ոք չէ՞ր մտածել
25-10-2019 11:14:04 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
Պարոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակել քաղաքացիական անձանց, երկու շաբաթով հետաձգվել է։ Երկրորդ ընթերցմամբ այն չընդունվեց։ Պատճառները տեխնիկակա՞ն էին։
Պատճառն այն էր, որ գրավոր առաջարկների ժամկետն անցել էր, ոչ նախարարությունն էր հասցրել գրավոր առաջարկներ տալ, ոչ էլ «Իմ քայլը» խմբակցությունը։ Միայն ԲՀԿ-ն էր գրավոր առաջարկ արել, որը մենք չընդունեցինք։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկումների ժամանակ եկանք այն համոզման, որ մի քիչ էլ շարունակենք քննարկել։ Մենք դեմ չենք, մենք չենք շտապում, մենք մտահոգություններ ունենք, որոնց մասին բարձրաձայնել ենք։ Խնդիրներ կան, որ պետք է լուծենք։ Մենք ասացինք, որ սա միջանկյալ լուծում է, որը հիմա պետք է տանք։ Դրանից հետո, արդեն հունվար-փետրվարին, երբ կձևավորվի սահմանադրական հանձնաժողով, այ այնտեղ համակարգային լուծում պետք է տանք։ Մենք շարունակում ենք պնդել, որ այդ կառույցները կամ պետք է դառնան առանձին նախարարություններ, կամ Սահմանադրությամբ նախատեսված առանձին կոմիտեներ։ Այս առումով շատ կարևոր է, որ մեր այս համոզմունքը որոշակի իմաստով հասկացված է իշխանության կողմից։ Դա էր պատճառը, որ չնայած կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունեց։ Հիմա խնդիր չկա, երկու շաբաթ էլ կսպասենք։
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են ոստիկանապետի պաշտոնում քաղաքացիական անձ նշանակելուն և հենց այդ հայտարարությանը հաջորդեց նրա հրաժարականը։
Ես դիտել եմ պարոն Քոչարյանի հայտարարությունը, ես շատ հարգում եմ նրան, բայց չեմ կարող ասել, որ հենց դրա համար է նա ազատվել աշխատանքից։ Նա ասաց, որ ոստիկանությունը դեմ է եղել այդ մոտեցմանը և ճիշտ է ասում։ Կառավարության նախարարական կոմիտեի նիստում և ոստիկանության ներկայացուցիչը, որն ինքն էր ներկայացնում, և ԱԱԾ-ի ներկայացուցիչը դեմ են արտահայտվել։ Այսինքն՝ Հովհաննես Քոչարյանը ոստիկանության կարծիքն էր ներկայացնում։ Չի բացառվում, որ երբ նա ասաց, որ որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու համար է դա արվում, գուցե դա է խնդիրը եղել։ Գուցե համարվել է, որ նա չպետք է քաղաքական մեկնաբանություններ տար, չեմ կարող ասել։
Այդ առանցքային ոլորտներում պաշտոնակատարներ են նշանակված։ Շատերը սա քաղաքական ճգնաժամ են համարում։
Պաշտոնակատարներն ունեն ամբողջական լիազորություններ։ Տեսեք, ոստիկանապետի պաշտոնակատարը նշանակումներ է անում։ Այսինքն՝ նրանք ամբողջական լիազորություններ ունեն։ Ես չգիտեմ, թե ինչու վարչապետն այդ պաշտոններում նշանակումներ չի անում։ Հնարավոր է՝ սպասում է նախագծի ընդունմանը, հնարավոր է փորձաշրջան է։ Իմ տեղեկություններով, այդ պաշտոնատար անձանց ասվել է, որ եթե դուք արդարացնեք ձեզ, նորմալ աշխատեք, շատ հնարավոր է, որ հենց դուք էլ մնաք այդ պաշտոնում։ Այստեղ ես չեմ զարմանում, որովհետև այսօրվա վարչապետը 1,5 տարի առաջ եղել է ընդդիմադիր և այդ համակարգերի հետ շփում ունեցել է գործի բերումով, երբ իրեն քրեական հետապնդման են ենթարկել։ Այդ ինչպե՞ս կարող է շատ արագ իմանալ, թե այդ համակարգերում ով ով է և նշանակում անի։ Հետևաբար, այս պայմաններում փորձաշրջան նշանակելը տրամաբանական է, հատկապես որ հնարավորություն չունի իր թիմից մարդ նշանակել, կամ իր իմացած իրավաբաններից մեկին նշանակել։ Օրենքով դա չի կարող անել, սահմանափակված է։ Ստիպված նշանակել է մեկին և հույս ունի, որ նրանք կհաջողեն։
Ձեր նախագծի կյանքի կոչման դեպքում չկա՞ վտանգ, որ այդ պաշտոնները դառնալով քաղաքական, վարչապետին ավելի լայն լիազորություններ են տրվում, թեև նշում էիք, որ սուպերվարչապետության դեմ եք։
Այս փոփոխությամբ սուպերվարչապետության համակարգը չի ուժեղանում և չի թուլանում։ Այս փոփոխությամբ ԱԱԾ-ն և ոստիկանությունը հնարավորություն են ստանում բարեփոխվելու քաղաքացիական նշանակման արդյունքում, այսինքն՝ մարմինները չեն դառնում քաղաքական։ Մարմնի ղեկավարը նշանակվում է անձ, որը համակարգից չէ և կարող է ընդհանրապես որևէ քաղաքական դեմք չլինել, բայց այդ համակարգում տարատեսակ պրոցեսներով անցած չլինելով՝ նա ազատություն է ստանում ռեֆորմներ անելու, այլապես այդ ոլորտներում մենք կաղապարված կմնանք և որևէ ռեֆորմ չենք կարող անել։ Այսինքն՝ սուպերվարչապետական համակարգը, որը մենք թիրախավորել, թիրախավորում և թիրախավորելու ենք, մնում է այնպիսին, ինչպիսին կա, որևէ նոր բան սրանով չի ավելանում, քան այն, որ հնարավորություն է տրվում համակարգը բարեփոխելու, ինչը բոլորիս շահերից է բխում։
Ի դեպ, ձեր այս նախաձեռնությունը ոմանց կողմից իշխանություն-ընդդիմություն գործարք դիտարկվեց։
Իսկ ի՞նչ է արել իշխանությունն ընդդիմության համար, որ գործարք է դիտվում։ Սա կարող է դիտարկվել գործարք ԼՀԿ և պետության միջև, որովհետև մենք մտածում ենք պետության մասին։ Ինձ համար վարչապետները, նախագահները մարդիկ են, որոնք գալու-գնալու են։ Ես յոթ տարի է քաղաքականության մեջ եմ, այնքա՜ն վարչապետ է եկել-գնացել և ի՞նչ… Երբ մեկուկես տարի կոռուպցիայի դեմ անմռունչ պայքար է մղվում և բացի Մանվել Գրիգորյանը, մարդ չկա նստած, այդ մասին ոչ ոք չէր մտածե՞լ, բա այդ ինչու այդ համակարգի մարդիկ ուժեղ չպայքարեցին, որ հիմա կռիվ են անում։
Ավելի աբսուրդ բան ասեմ. մենք փետրվար ամսին բերել էինք կառուցվածքի մեր այլընտրանքային տարբերակը, որով առաջարկում էինք, որ այդ մարմինները դառնան նախարարություններ։ Նույն Հովհաննես Քոչարյանը իր հարցազրույցում ասում է, որ լավ կլինի մի նախարարության կառուցվածքում կազմակերպել։ Եղբայր, բա դուք դեմ էիք նախարարություն դառնա, դուք տապալեցիք նախաձեռնությունը և հիմա էլ դեմ եք, որ համակարգից դուրս մարդ նշանակվի և փորձի բարեփոխել։ Կրկնում եմ՝ միայն նրանք կարող են մտածել, որ գործարք կա, որոնք իրենց կյանքը գործարքներով են ապրել կամ էլ մեզ լավ չեն ճանաչում, կամ էլ Փաշինյանին լավ չեն ճանաչում։ Որևէ գործարք չկա և չի կարող լինել, սա այս կարճատև փուլում պետք է ծառայի պետությանը, համակարգի բարեփոխմանը, որից հետո պետք է անպայման այս համակարգերը վերադարձվեն կամ կառավարության կառուցվածք որպես նախարարություն, կամ կոմիտեի տեսքով խորհրդարանի կողմից ղեկավարվի ընտրության ձևով, որը սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկման առարկա է։