Ոչ թե նախարարների, այլ դիրքերում գտնվող սպաների աշխատավարձը պետք է բարձրանա


Ոչ թե նախարարների, այլ դիրքերում գտնվող սպաների աշխատավարձը պետք է բարձրանա

  • 25-10-2019 15:19:25   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
 
-Պարոն Շիրինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով նախարարների աշխատավարձը գաղտնի հրամանով բարձրացնելուն, նշել է, որ եթե գաղտնի գրիֆով է գնացել, չի նշանակել, որ հանրությունից գաղտնի պահելու նպատակով է արվել։ Ձեզ համար համոզի՞չ էին նրա փաստարկները։
 
-Ես դա չեմ հասկանում։ Ես կարծում եմ, որ եթե Հայաստանում աշխատավարձի ներդաշնակ համակարգ չներդրվի, երկիրը զարգանալ չի կարող, հնարավոր չէ։ Կոռուպցիան չի կարող վերանա այնպիսի երկրում, որտեղ պրոֆեսորն ստանում է 150 հազար դրամ։ Այդպես հնարավոր չէ ապրել, գիտությունը չի զարգանա։ Հիմա այս դեպքում, եթե ամեն ինչ նորմալ էր, ինչու էին գաղտնի պահում։ Ինչ է նշանակում՝ գաղտնի չէ, գաղտնին էլ ո՞նց է լինում։ Բայց գլխավորը դա չի, այլ այն, որ երկիրը ոչ թե անարդար հիմքերի վրա է, այլ նաև աշխատավարձի համակարգն արդար չէ։ Եթե դա չկա, մոդեռնիզացիա չի լինելու, կոռուպցիան չի կարող վերանալ։ Իշխանությունը պետք է ընդունի, որ նախորդ իշխանության շրջանում ոչ թե ստվերային տնտեսությունն է խնդիրը եղել, այլ նեգատիվ էկոնոմիկան։ Տնտեսությունը հակահասարակական է, հակաժողովրդական է, հետևաբար, այդ բոլորը պետք է արմատապես լուծվի, կիսատ-պռատով ոչինչ չի ստացվի։ Ամբողջ հարցն այն է, որ այս աշխատավարձերով երկիրը չի կարող ապրել։ Տնտեսագիտության ոլորտ ենք մտնում, գնագոյացման հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն։
 
Մյուս կողմից, իշխանությունը միշտ պետք է հիշի, որ ինքը հեղափոխության արդյունք է և եթե հիմա ուզում է ազատվել դրանից, չի կարող ձերբազատվել։ Հետևաբար, այս իշխանության ամեն քայլ պետք է հրապարակային լինի, եթե պետական գաղտնիք չի պարունակում։
 
-Վարչապետը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն 200-300 հազար մարդու, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերը։ Սա մեղմացնո՞ւմ է իրավիճակը։
 
-Ես ասում եմ, որ աշխատավարձի ամբողջ համակարգը պետք է ռեֆորմի ենթարկվի։ Ես էլ պնդում եմ, որ ոչ մեկի աշխատավարձը չպետք է բարձրանա, բայց խրամատում գտնվող զինվորի աշխատավարձը պետք է բարձրանա։ Ոչ թե պատգամավորի, նախարարների, այլ դիրքերում գտնվող սպաների աշխատավարձը պետք է բարձրանա։ Բեռլինի կոնգրեսից մեր ժողովրդի համար գլխավորն անվտանգության հարցն է։ Հետևաբար, առաջին հերթին զինվորականության աշխատավարձը պետք է լինի պատշաճ։ Այդտեղից պետք է սկսեն, ոչ թե խորհրդարանից, կառավարությունից։
 
Նախարարների աշխատավարձն ինչո՞ւ պետք է բարձրացվի, ի՞նչ արդյունք ունեն որ։ Սա իրենց տեսության հետ հակասության մեջ է։ Տեսեք, ասում են՝ տնտեսությունն ու երկիրը ազատական են, հետևաբար պետությունը չպետք է միջամտի, այլ պետք է կողքի կագնի և պայմաններ ապահովի։ Իսկ պայման ստեղծելու համար 1,5 մլն դրամ աշխատավա՞րձ է պետք։ Ընդհանրապես աշխատավարձ պետք չի։ Թող նախարարների մի մասը, որ մեծահարուստներ են, հասարակական հիմունքներով նախարար աշխատեն։ Թող մի մասը հրաժարվի աշխատավարձից։ Նույնը վերաբերում է պատգամավորներին, որոնց մեջ նույնպես կան մեծահարուստներ։ Բանակի աջակցության հիմնադրամ պետք է ստեղծվի և այդ փողերը բոլորը թող ուղղվեն դրան։
 
Եթե գիտությունը չի ֆինանսավորվում, նախարարն ո՞վ է, որ նրա աշխատավարձը բարձրացվի։ Մանավանդ որ հիմա կառավարությունից ահավոր դժգոհություն կա։ Այդ դժգոհությունը պահվում է զուտ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դրական վերաբերմունքի արդյունքում։ Թող դուրս գան ու ժողովրդից հարցնեն, թե իրենք այդ ի՞նչ հեղինակություն ունեն։
 
Ըստ էության, թաքուն աշխատավարձն են բարձրացրել՝ պարգևավճարի անվան տակ։ Առհասարակ, ի՞նչ ցուցիչներով են աշխատավարձ տալիս։ Կարո՞ղ եք ասել, ասենք, էկոնոմիկայի նախարարությունն արդյունաբերությո՞ւն է ստեղծել։ Կամ ասենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի հատ միջազգային համաժողով արեց, դրա համար պարգևավճա՞ր են տալիս։ Էդ դեպքում ոչ մի բան չպետք է անեն, ինչ էլ անեն, պարգևավճար պետք է տան։ Ընդհանրապես, վարչական ապարատը պետք է չափավորվի, կրճատվի, և այդ օպտիմալացման գումարներն ուղղվեն աշխատավարձին, բայց ոչ պարգևավճարի ձևով։ Դա թաքնված աշխատավարձ է, եթե բոլորին են տալիս։ Ի՞նչ են արել, որ այդպիսի աշխատավարձեր են ստանում, Ամուլսարի հա՞րցն են լուծել, տնտեսության վիճա՞կն է լավացել։
 
-Ինչպե՞ս եք գնահատում մոտեցումը, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացվում են և այդ պաշտոններում հնարավորություն է ստեղծվում նշանակել դրսից մարդիկ։
 
-Ես կողմ եմ դրան, կուսակցությունը պետք է վերցնի ամեն ինչ։ Կուսակցությունը, որ հաղթել է ընտրություններում, պետք է պատասխանատու լինի ամեն ինչի համար։ Բայց ոչ թե հայկական տարբերակով, որ ոչ մեկը ոչ մեկի համար պատասխան չի տալիս։ Ի՞նչ է նշանակում անկուսակցական ոստիկանապետ։ Իրենք են ռեֆորմներ խոստացել, իրենք էլ պետք է իրականացնեն։ Նիկոլը պատվիրակված է ժողովրդի կողմից երկիրը վերափոխելու։ Այսինքն ի՞նչ է ստացվում, նախարարները պետք է կուսակցական լինեն, բայց անվտանգությունը, ոստիկանություն, բանակը անկուսակցական լինե՞ն։ Իհարկե, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն կպնդեն, որ այդ կառույցները չպետք է քաղաքականացվեն, բայց իրականում պետք է քաղաքականացվեն, որպեսզի ժողովրդի առջև պատասխանատու լինեն։ Մեր երկիրը ճգնաժամային իրավիճակում է, պատկերացրեք, վաղը հարաբերությունները սրվում են և ոստիկանապետն անկուսակցական է, ինչ ուզի կանի, կուզի այլ կուսակցության շահերի կենթարկվի, կուզի Վանեցյանի նման բիզնեսի շահեր կպաշտպանի։ Մեր երկրի վիճակն էքստրեմալ է, որը պահանջում է էքստրեմալ լուծումներ։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ