Դիրիժոր Վարդան Հակոբյանը հանրությանը ներկայացրել է իր «Անցյալ և մոտիվացիա» գիրքը


Դիրիժոր Վարդան Հակոբյանը հանրությանը ներկայացրել է իր «Անցյալ և մոտիվացիա» գիրքը

  • 28-10-2019 10:20:20   | Հայաստան  |  Նոր գրքեր

Երաժիշտ և դիրիժոր Վարդան Հակոբյանը հանրությանը ներկայացրեց իր «Անցյալ և մոտիվացիա» գիրքը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույսընծայած գրքի շնորհանդեսն անցկացվեց «Մեցցո» ակումբում:
 
«Անցյալ և մոտիվացիա» գիրքի հեղինակն ունենալով մեծ փորձ դասական երաժշտության կատարողական արվեստում, անդրադարձել է մի թեմայի, որը շատերին կհետաքրքրի. նրա համար հասունացել է անհրաժեշտություն գտնելու մի բանաձև, որով կարելի է հնարավորինս ճիշտ և խորը ընկալել ու մեկնաբանել դասական երաժշտությունը: Չլինելով հոգեբան` հեղինակը բացահայտել ու վերլուծել է մի շատ հետաքրքիր թեմա` ինչ ազդեցություն ունեն կոմպոզիտորի մանկության իրադարձությունները նրա ստեղծագործական ոճի և ձեռագրի վրա:
 
«Երբեք չեմ մտածել, որ գրիչ կվերցնեմ ձեռքս և գիրք կգրեմ: Իհարկե, կարճ հոդվածներ գրել եմ, բայց չեմ մտածել, որ այդ ամենը գրքի կվերածեմ: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք կուտակումներ, և այդ ամենը պետք է դուրս ժայթքեր և այս կերպ ժայթքեց»,-շնորհանդեսի ժամանակ նշեց Վարդան Հակոբյանը:
 
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Դավիթ Սամվելյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ նման գրքերի պակաս կա, գրքի շարադրանքը շատ սահուն է, և այն կարդալիս նշմարվում են հերոսի հույզերն ու մեծ պատասխանատվությունը:
 
Գրքի հեղինակն իր համար գտել է բանաձև, որն օգնում է նրան հնարավորինս խորը և ճիշտ գնահատել ու զգալ կոմպոզիտորի ստեղծագործական միտքը և այն փոխանցել ունկնդրին կատարման միջոցով։ Գիրքը կարող է օգտակար լինել երաժիշտների, և՛ ոչ միայն երաժիշտների համար, քանի որ անդրադառնում է հայտնի կոմպոզիտորների անձնական կյանքի և պատմական տվյալ փուլի նրբություններին՝ այս երկուսի դիտանկյունից մոտենալով արդեն հայտնի ստեղծագործություններին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր