Ինչու է Ռուսաստանն ուժեղացնում Գյումրիի բազան


Ինչու է Ռուսաստանն ուժեղացնում Գյումրիի բազան

  • 31-10-2019 10:48:53   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը:
 
Պարոն Սարգսյան, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանում հայտարարել է, որ ռուսական ռազմակայանը պատրաստ է Հայաստանի զինված ուժերի հետ դիմակայել ծագող սպառնալիքներին, նաև նշել է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը Կովկասում կայունության երաշխավորն է և նրա ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի արդիական տեխնիկայով վերազինվելուց հետո։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։
 
Շոյգուն նախկինում էլ է ասել, որ ռազմակայանը մոդեռնիզացիայի և ժամանակակից տեխնիկա տրամադրելու միջոցով կհզորանա։ Այսինքն՝ ներուժը բարձրացնում են սպառազինության ու մոդեռնիզացիայի շնորհիվ, մարդկային ռեսուրսի ավելացման մասին խոսք չկա։ Սրա անհրաժեշտությունը կապված է նրա հետ, որ Սիրիայի սահմանին մեմորանդում են կնքել։ Առաջին հայացքից դա համաձայնություն է, բայց իրականության մեջ այդ ուժերը դեմ առ դեմ են կանգնած, որովհետև Սիրիայի զորքն էլ է այդտեղ, և Ռուսաստանը, փաստորեն, Սիրիայի զորքերի հետ է այդտեղ կանգնած։ Հիմա խաղաղ վիճակ է, որևէ պրոբլեմ չկա, բայց եթե պրոբլեմ եղավ, ստացվելու է, որ Ռուսաստանը Թուրքիայի դեմ է կանգնած։ Այդ ֆոնին բնական է, որ Շոյգուն այստեղ հայտարարում է, որ ուժեղացնում են դիրքերը։ Դրանք իրար հետ կապված են։
 
Ընդհանրապես, ռուսական ռազմակայանը ո՞ր չափով է իրեն արդարացնում՝ հաշվի առնելով, որ նախկինում բազմիցս քննարկվել է դրա Հայաստանում գտնվելու նպատակահարմարության հարցը։
 
Ընդհանրապես, ցանկացած վայրում, որտեղ գոյություն ունի այլ երկրի զորք, դա խնդիրներ է առաջացնում։ Քրդերի օրինակը փայլուն ձևով ցույց տվեց, թե ինչ կարող է լինել։ Քրդերն էլ տարիներ շարունակ աշխատում էին ԱՄՆ-ի հետ, և հանկարծ ԱՄՆ-ն միակողմանի որոշում է կայացնում, զորքերը դուրս է բերում ու ասում՝ ինձ այդ ամենը չի հետաքրքրում։ Ու քրդերը հայտնվում են համապատասխան վիճակում։ Այսինքն ինքնիշխանության պակասն անընդհատ վտանգ է գլխիդ կախված։ Այնպես չէ, որ համագործակցությունը նշանակություն չունի, իհարկե, ունի, բայց այդ ձևերն իրենց մեջ վտանգ են պարունակում։
 
Հայաստանի հետ կապված էլ նույն վիճակն է։ Մի բան է, որ դու ինքդ տեր ու տիրական ես տարածքում, բայց համագործակցում ես ուրիշ պետությունների հետ, մեկ այլ բան է, երբ քո տարածքում ռազմական ներուժը կապում ես ուրիշի հետ։ Երկրորդ դեպքում դու այդ ուրիշի որոշման տերը չես, ցանկացած պահի ինչ որոշում ուզենա կընդունի։ Այ դա է վտանգը։ Ես բազմիցս ասել եմ, որ խնդիրն այն չէ, որ չպետք է հարաբերություններ ունենանք անվտանգության հարցերում, ուղղակի ձևերն են մտահոգիչ։ Պետք է ընտրել այնպիսի ձևեր, որ ինքդ քո որոշումներին տեր լինես, և քո խնդիրների լուծումը կապված չլինի ուրիշների որոշումների հետ։ Սա այդ հարաբերությունների ամենաթույլ տեղն է։
 
Վերջերս «Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուրախ է, որ Հայաստանը նախագահելով ԵԱՏՄ-ում, կարողացավ այդ կազմակերպության միջազգային գործընկերության շրջանակն ընդլայնել։ ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանը նույն նպատակն ունի նաև ՀԱՊԿ-ում, որ այդ կառույցը դառնա ավելի արդյունավետ և փոխշահավետ։ Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ տիրույթում Հայաստանը որքանո՞վ է կարողանում իր գործառույթները կատարել այդ առումով։
 
Մեր ռազմավարությունն այն է, որ այդ կառույցներում կանոնավորենք ամեն ինչ, արդյունավետության հարցը լուծենք, անորոշություններից ազատենք այդ կառույցները։ Վարչապետն օրինակ է բերում ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովը, որ տեղի ունեցավ Երևանում։ Դա ցույց տվեց, որ Հայաստանը մեծ դերակատարություն ունի նոր ստրատեգիայի մեջ, որն ընդունեց ԵԱՏՄ-ն։ Խոսքը, մասնավորապես, Իրանի հետ համագործակցության մասին է։ Հիմա Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում էլ նույն ստրատեգիան ունի՝ կանոնավորել, արդյունավետ դարձնել, անորոշություններից ազատվել։ Այդտեղ էական բան չկա։
 
Երբ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ կդառնա և Հայաստանի, և Ռուսաստանի, և մյուս անդամ երկրների համար, դա որքանո՞վ եք հավանական համարում։
 
Հենց ամենասկզբից, երբ խնդիրներ սկսվեցին կապված Յուրի Խաչատուրովի հետ, այդ ժամանակ էլ այդ հարցերը դրվել են։ Հիմա պետք է նայել, հստակեցնել գործառույթները, հարաբերությունները, պատասխանատվությունը, որը հիմա, կարծեք թե, չկա։
 
Վերջերս փոփոխվեց ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, որը նախատեսում է դիտորդի և գործընկերոջ կարգավիճակներ։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Բաքուն չի դառնա այդպիսին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ինչ վտանգներ կարող են լինել այստեղ։
 
Այդ կազմակերպությունում Հայաստանի դերը հենց դրանով է առանձնահատուկ, որ Հայաստանը վետոյի իրավունք ունի։ Հետևաբար, Հայաստանի համար անցանկալի որևէ պետություն չի կարող այդ կազմակերպությունում լինել։ Հիմա կամ պետք է փորձեն օրենսդրությունն այնպես փոխել, որ կարողանան շրջանցել վետոյի իրավունքը, կամ այլ եղանակ գտնեն։ Անգամ օրենսդրության փոփոխությունը ՀԱՊԿ-ում պետք է փոխվի կոնսենսուսով։
 
ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ նախօրեին գիշերը Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի գյուղերի և հայկական դիրքերի ուղղությամբ։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։
 
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններից պարզ է դառնում, որ ուզում են ինչ-որ մեսիջներ ուղարկել միջազգային ուժերին՝ ներկայացնելով իրենց դժգոհությունը։ Այդ նույնը տեսնում ենք Թուրքիայի կողմից՝ ուղղված ԱՄՆ-ին և Արևմուտքին, երբ Թուրքիան ամեն կերպ փորձում է ցույց տալ իր դժգոհությունը։ Հիմա մոտավորապես նույն բանը Ադրբեջանի հետ է կատարվում։ Ի վերջո, այն բարդ իրավիճակում, որում հայտնվեց Թուրքիան, Ադրբեջանը եզակի երկրներից է, որ պաշտպանեց Թուրքիային։ Բնական է, որ այդ ամենն ազդում է տարբեր հարաբերությունների վրա։ Ադրբեջանն էլ իր մեծ եղբոր պես ուզում է ցույց տալ, որ իր վրա ոչինչ չի ազդում։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ