Եթե թուրքերը մնան ռուսների տակ, ԱՄՆ-ն գործն ավելի առաջ կտանի
31-10-2019 18:27:19 | Հայաստան | Հարցազրույցներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ սա նախ բարոյական նշանակություն ունի. «Հայության մեջ բոլորը չէ, որ ընտանիքով զգացել են ցեղասպանությունը, բայց հատկապես ցեղասպանությունը վերապրած ընտանիքների համար սա մեծ բարոյական քայլ էր։ Խոսքը հատկապես ամերիկահայության և եվրոպահայության մասին է, որոնք անձնվեր աշխատել են այդ երկրների իշխանությունների հետ Ցեղասպանության ճանաչման համար։ Ամերիկան այն պետությունն է, որ լավագույնս վարձահատույց եղավ իր հայ քաղաքացու հանդեպ։ Աշխարհում ոչ մի երկրում հայկական քաղաքակրթություն այնպես չի արժևորվում, ինչպես ԱՄՆ-ում։ Սա դրա ապացույցն է։ Երկրորդը, Թուրքիայի ավանդական ծախվելու քաղաքականության և Հայաստանի արժևորման գնահատականն են տվել ամերիկացիները։ Մասնագետների համար սա ցուցիչ է թուրք-ամերիկյան, ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկան հասկանալու համար։ Ինձ համար դա ցուցիչ է, և ես տեսա, որ այսքան տարիների իմ մոտեցումներում չեմ սխալվել։ Այս ակտի ընդունումը նաև ցույց է տալիս, որ ամերիկացիները թուրքերի վզից բռնած ռուսների տակից դուրս են քաշում։ Եթե թուրքերը մնան ռուսների տակ, ԱՄՆ-ն գործն ավելի առաջ կտանի։ Իսկ եթե չեն մնա, ուրեմն մենք տարիներ շարունակ այս հարցում տատանումներ կտեսնենք։ Հիմա ոչ ոք չի կարող ասել, թե Թուրքիան ինչ կանի, կգնա՞ քաղաքական լարախաղացության, թե ոչ։ Իսկ մեզ ի՞նչ է մնում անելու. Նորից հին կարծիքս բարձրաձայնեմ՝ գողապետությունն իր պարագլուխներով, շահառուներով և քիսաչիներով պետք է ջախջախվի։ Սա մեր երկրի համար կյանքի ու մահու հարց է»։
Նրա խոսքով՝ կան մարդիկ, որ ասում են Հայաստանը ոչ մի դերակատարություն չունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այդ բանաձևի ընդունման հարցում, բայց եթե պետություն չլինեինք, այդքան բան չէր արվի. «Նույնիսկ եթե պետությունը չի խառնվել, միևնույն է Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ շատ կամ քիչ դերակատար է։ Իսկ այսօր ապացուցվեց, որ իր չափի հետ համեմատ խոշոր դերակատար է։ Մեզ ժողովրդավարական պետություն է պետք, որտեղ կլանները պետք է ջախջախված լինեն, գողապետությունը ֆիզիկապես պետք է ոչնչանա, որպեսզի ստանանք այն, ինչ պետք է ստանանք։ Կամ հիմա մարդիկ կան, ասում են՝ հայ ժողովուրդը ժողովրդավարության պատրաստ չէ։ Ես ցնցող մի բան ասեմ այդ առիթով. Մեր պատմաբաններից ամենատաղանդավորներից մեկը՝ Հակոբ Մանանդյանը գրում է, որ հայերը ֆեոդալիզմի շրջանում ունեին ռազմական դեմոկրատիա։ Այսօր էլ նույնն ենք անելու, շրջափակված ենք, բանակը պետք է հզոր լինի, բայց ժողովրդավարություն պետք է լինի երկրում, որպեսզի զարգանանք։ Հիմա մենք նույն վիճակում ենք, եթե Նիկոլ Փաշինյանը հաջողեց, մենք կունենանք այդ ռազմական դեմոկրատիան»։