Սերժ Սարգսյանը չի վախեցել մարդասպաններից, բյուջեն թալանողներից, ու հիմա ինչ-որ բանաձև է ձևակերպել
01-11-2019 11:00:08 | Հայաստան | Հարցազրույցներ
lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը
Պարոն Գևորգյան, երկու օր է քննարկվում է Սերժ Սարգսյանի ճեպազրույցը, որտեղ անդրադարձ է եղել այսօրվա իշխանությունների գործողություններին։ Նա նշել է, որ իրեն վախկոտ չի համարում, բայց հիմա էլ է վախենում անպատասխանատու պոպուլիստներից, մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Ինչպե՞ս եք գնահատում նրա՝ իշխանություններին ուղղված քննադատությունը։
Տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը 20 տարի չի վախեցել մարդասպաններից, չի վախեցել բյուջեն թալանողներից, չի վախեցել աստղաբաշխական սեփականություն կուտակած իր մերձավորներից ու հիմա իր համար ինչ-որ բանաձև է ձևակերպել՝ «անպատասխանատու պոպուլիստներ»։ Ես անգամ չգիտեմ՝ ինքը դրան հավատում է, թե ոչ։ Իր բոլոր հաշվարկները, որ նոր կառավարությունը տապալվելու է, որ իրենք հետ են վերադառնալու իշխանության, այդ կոնֆետով կերակրում էր իր կողմնակիցներին, վաղուց արդեն չկա, և մնում է այդպես ինչ-որ բանաձևեր ասպարեզ նետել։
Երկար ժամանակ Սերժ Սարգսյանը չէի խոսում, հիմա հայտարարում է, որ մոտենում է ժողովրդի հետ անկեղծ խոսելու ժամանակը։ Հիմա եկե՞լ է այդ ժամանակը։
Եթե ինքն իսկապես ժողովրդի հետ անկեղծ խոսի, այդ անկեղծ խոսակցությունը, հավատացեք, ամենևին իր օգտին չի լինելու։
Ի՞նչ նկատի ունեք։
Նկատի ունեմ այն ամենը, ինչ այսօր բացահայտվում է և դեռ բացվելու է առաջիկա տարիների ընթացքում։ Ես ծայրը չեմ տեսնում, թե ինչքան մենք պետք է գնանք բացահայտելու ուղղությամբ, այնքան շատ են այդպիսի գործերը։
Շատերը մեղադրում են գործող իշխանություններին, որ դանդաղում է իր քայլերում։
Բացված քրեական գործերի ծավալն այսօր այնքան մեծ է, որ եթե մենք քառապատկենք կամ տասնապատկենք քննիչների թիվը, էլի նրանք աշխատելու են գերբեռնված։
Վարչապետը երեկ կառավարության նիստում ուշագրավ հայտարարություններ է արել։ Մասնավորապես նշել է՝ հատ-հատ, ընդհուպ պինցետով արմատախիլ են անելու տգիտության քարոզով զբաղվող մարդկանց պետական համակարգում։ Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը պետական տարբեր օղակներում առկա խնդիր է տեսել։
Պետական կառավարման համակարգը մոտ 95 և ավելի տոկոսով մնացել է հինը։ Գործունեության կանոնակարգերը, որ կան, դրանք նախկին ստանդարտներին, կոռուպցիոն սխեմաներին հարմարեցված են եղել։ Հիմա դա գտնելը, հայտնաբերելը, թե որտեղ է այդ կանոնակարգը շեղված, որպեսզի հարցն արագ, օբյեկտիվ և ճիշտ լուծում ստանա, դա բավական բարդ պրոցես է։ Մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Այն, ինչ ասում է վարչապետը, 100 տոկոսով ճիշտ է ասում և 100 տոկոսով իրականացնելու է։
Դուք նշում եք, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատին կերակրում էր նրանով, որ շուտով իրենք վերադառնալու են իշխանության։ Նրանք տիրապետում են խոշոր մեդիա և այլ ռեսուրսների։ Այս առումով մտավախություններ չունե՞ք։
Անցած 1,5 տարին ցույց տվեց, որ իրենց այդ մեդիա ռեսուրսը, որը վայրկյանը մեկ ինչ-որ փոթորիկ է ստեղծում ցանկացած հարցի շուրջ, որևէ ազդեցություն հասարակության վրա, մեծ հաշվով, չի թողնում։ Հասարակության մեջ անընդհատ ինչ-որ նեգատիվ են ուզում մտցնել։ Ինչ-որ չափով դա հաջողվում է, հետո դա ցրվում է, հետո նորից հաջողվում է ու ցրվում է, բայց ընդհանուր առմամբ իրենք չեն ունեցել այն ազդեցությունը, որը կարելի է մտահոգիչ համարել։ Գնալով դա ավելի է նվազելու, որովհետև այն ուղղությունը, որով մենք գնում ենք, գուցե այսօր շատ մեծ չափով չի երևում, բայց կամաց-կամաց ավելի ակնառու է դառնալու։ Այնպես որ, ես այստեղ շատ մեծ մտահոգություն չեմ տեսնում։
Սերժ Սարգսյանը խոսել է նաև իր հնարավոր ձերբակալությունից և նշել. «Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա, հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն։ Եթե իմ ձերբակալությունով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը, այս շղթան կբացահայտվի, թող ձերբակալեն»։
Սերժ Սարգսյանը 2018 թվականին ձերբակալված չէր, բայց մենք առաջին անգամ ունեցել ենք Հայաստանից մեկնածների և ժամանածների դրական բալանս՝ 15 300 հոգի։ Նման բան չի եղել երբեք Հայաստանի նորանկախ հնրապետության մեջ։ Մենք ունեցել ենք բազմաթիվ ցուցանիշներ, որոնք շատ ու շատ հուսադրող են։ Այդ բոլորն արձանագրվել է այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը իշխանության չէր, բայց ձերբակալված էլ չէր։ Թե դրանից հետո ինչ կլինի, ես չգիտեմ։