Հիմա թիրախավորել են Արայիկ Հարությունյանին, տոտալ արշավ է տեղի ունենում


Հիմա թիրախավորել են Արայիկ Հարությունյանին, տոտալ արշավ է տեղի ունենում

  • 06-11-2019 11:35:19   | Հայաստան  |  Հարցազրույցներ

lragir.am-ի  զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը
 
Պարոն Հովհաննիսյան, մի քանի օր է՝ քննարկվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ այս իշխանության օրոք արվեստում չպետք է լինի ցենզուրա։ Սա բուռն արձագանք է գտել հանրության շրջանում։ Բանը հասել է նախարարի հրաժարականի պահանջին։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը։
 
Եկեք համեմատենք, թե ինչ ուներ նախկին իշխանությունը և ինչ ունի ներկա իշխանությունը։ Նախկին իշխանությունը տիրապետում էր բոլոր ռեսուրսներին, բացի մի ռեսուրսից` ժողովրդի աջակցությունից։ Նրանք տիրապետում էին փողին, մեդիա ռեսուրսներին, բիզնեսներին, մենաշնորհներին, գործարաններին, բայց չէին տիրապետում ժողովրդի վստահությունը, դրա համար իրենց քրեաօլիգարխիկ ռեսուրսներով ամեն անգամ կեղծում էին ընտրությունները։ Հիմա եկել է մի իշխանություն, որը տիրապետում է ժողովրդի վստահությանը և չի տիրապետում մեդիային, ֆինանսներին, մենք չունենք օլիգարխներ, հարուստ պատգամավորներ։ Այս իշխանությունն ունի ժողովրդի վստահության քվեն։ Հիմա նախկինների մեդիա ռեսուրսը փորձում է մաքսիմում նվազեցնել այն հիմնական ռեսուրսը, որ ունի այս իշխանությունը։ Եվ տարբեր տեսակի ստահոդ տեղեկություններով, կեղծիքներով, բանսարկություններով, չափազանցություններով փորձում են ժողովրդական տրամադրությունների վրա ազդել, որ հնարավորինս իջեցնեն ժողովրդական վստահության մակարդակը։
 
Ինչպե՞ս են դա անում. թիրախավորում են կոնկրետ մի անձի, ժամանակին դա Արսեն Թորոսյանն էր, հետո մեկ այլ մարդ էր, հիմա Արայիկ Հարությունյանն է, և սկսում են բոլոր հարվածներն ուղղել այդ անձի ուղղությամբ։ Դա անում են իրենց մամուլի միջոցով։ Եթե նկատեք, տոտալ արշավ է տեղի ունենում մեկ անձի դեմ։ Հիմա թիրախի տակ մեր գործընկեր Արայիկ Հարությունյանն է, և մենք մեր բոլոր միջոցներով պետք է պաշտպանենք նրան։ Արայիկ Հարությունյանն այն անձն է, որ բացառիկ ազնվություն ունի։ Նրա շատ խնդիրները գալիս են նրա ազնվությունից, որ ինքն ուղղամիտ է և միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Հիմա ինչո՞ւ են թիրախավորել Արայիկ Հարությունյանին, որը նորից իր բացառիկ ազնվությունից ելնելով հայտարարել է այն, ինչի մասին երազում էին բոլոր արվեստագետները, մշակութային գործիչները, որ մշակույթն ու արվեստը պետք է լինեն ազատ, որևէ ցենզուրա այստեղ չի կարող լինել, որովհետև ցենզուրան ենթադրում է ճաշակ։ Եթե այդ մոտեցմամբ մենք առաջնորդվեինք, ժամանակին Միքելանջելոն չէր ստեղծի իր Դավիթը, որովհետև նա գիշերները գնում էր դիահերձարան, ուսումնասիրում էր մարդկանց մարմինների մկանային համակարգը, դեմ էր դուրս եկել կաթոլիկ եկեղեցու կանոններին։ Եթե այդ մտածողությամբ առաջնորդվենք, ապա այսօր մարդկանց պետք է ողջակիզենք, ինչպես միջնադարում է եղել։ Հետևաբար, մշակույթի ոլորտի թիվ մեկ պատասխանատուի հայտարարությունը լիովին տեղավորվում է այդ շրջանակներում։ Ես այսօր տեսա բազմաթիվ մշակույթի գործիչների, որոնք վերջապես սկսեցին խոսել և սկսեցին պաշտպանել հենց այդ տեսակետը, որ մշակույթը չպետք է ունենա ցենզուրա։
 
Բայց եղան նաև հակառակ տեսակետը պաշտպանողներ։
 
Հակառակ տեսակետ պաշտպանողները պետք է ասեն, թե ինչպես են տեսնում այդ ցենզուրան։
 
Մասնավորապես, նշվում է, որ մետրոյի մոտ տեղի ունեցածն արվեստ չի կարելի համարել։ Նաև նշվում է, որ Մել Դալուզյանի մասին ֆիլմի համար այդքան գումար չպետք է հատկացվեր, և նախարարի հրաժարականը պահանջող պատգամավորները հայտարարում են, որ նա ոլորտը տանում է կործանման։
 
Նախարարի հրաժարականը պահանջող պատգամավորներին ես խորհուրդ կտայի սեփական աչքի գերանը թողած ուրիշի աչքի փուշը չմատնանշել։ Ինչ վերաբերում է ձեր նշած երկու հարցերին, նախարարն իր հարցազրույցում մանրամասն պարզաբանում տվեց այդ մասին, որ գեղագիտական խորհուրդներն են դրանք ընտրել։ Գոռ Սուջյանը փորձեց հրաժարվել դրանից, որին հետևեց իր ստորագրությամբ արձանագրության հրապարակումը։ Նման մանիպուլյացիաները պետք է տեղ չունենան, և եթե դու մասնակցել ես, դու պետք է քաջություն ունենաս ասելու՝ այո, մասնակցել եմ և իմ համաձայնություն եմ տվել այդ միջոցառումը անելու համար։ Նույնը վերաբերում է ֆիլմի նկարահանմանը։ Սա ևս ճաշակի հարց է։
 
Այսօր օրինակ եթե շատ մարդկանց ցույց տաս Մալևիչի «Սև քառակուսին», միգուցե շատ մարդկանց համար դա ոչ մի բան է։ Եթե մարդկանց ցույց տանք և հարցնենք, թե սա ի՞նչ է, մեծամասնության համար դա անհասկանալի ինչ-որ բան է։ Կամ իմպրեսիոնիստները ժամանակին հետապնդվում էին, նույն Մանեն, Մոնեն, Թուլուզ Լոտրեկը։ Նրանց արվեստը ոչ ոք բանի տեղ չէր դնում, բայց հետագայում տեսանք, թե ինչպիսի բում եղավ իմպրեսիոնիստների։ Նույնը նաև կուբիզմին, աբստրակտցիոնիզմին, սյուրռեալիզմին է վերաբերում։ Կա արվեստի ճյուղ՝ դադաիզմ, որը շատ մարդկանց համար անընկալելի է, բայց դա այսօր արվեստի ճյուղ է։ Եվ դատել սեփական ճաշակով, ասել՝ սա արվեսt է, նա արվեստ չէ, հնարավոր չէ։ Ժամանակը ցույց կտա՝ ինչն էր արվեստ, ինչը՝ ոչ։
 
Խնդիրը ինչպե՞ս պետք է հաղթահարվի։ Հասարակության այդ հատվածի հետ ինչպիսի՞ աշխատանք պետք է տարվի։
 
Դրանք մարգինալ շատ-շատ փոքր զանգվածներ են, հասարակության մեծ մասը բավական գիտակից է և տեսնում է կատարվող պրոցեսները։ Նաև շատ լավ հասկանում է, թե որտեղից են ուղղորդվում, մյուս կողմից, Հանրապետության հրապարակում երբ ռոք երաժշտություն է հնչում, երիտասարդության մեծ մասը գնում և մեծ հաճույքով լսում է այն։ Տեսնում ենք դասական երաժշտությունը մեծ տեղ է զբաղեցնում։ Այսպիսով, սա ժամանակավոր երևույթ է, և երբ վերջանա նրանց գաղափարական և ֆինանսական մատակարարումների արդյունքը, այդ մարգինալ խմբերը վերանալու են։
 
Նրանք եղանակ չե՞ն կարող ստեղծել։
 
Բնականաբար չեն կարող, նրանք կարող են «պամեխաներ» ստեղծել, բայց ոչ եղանակ։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ