Արցախի խնդրում չպետք է թույլ տրվի հակառակ կողմին մոնոլիտացվել
13-11-2019 18:45:24 | Հայաստան | Հարցազրույցներ
lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել է, որ Ղարաբաղը սկզբում բանակցությունների մաս էր, սակայն ինչ–որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը։ Ձեր կարծիքով, ինչ ուղերձ էր պարունակում նման հայտարարությունը։
Լավրովի հայտարարությունը ցույց է տալիս, որ այն չհիմնավորված թեզերը, թե Ղարաբաղյան բանակցություններում ինչ-որ խնդիրներ կլինեն, աբսուրդի հասնող թեզեր էին և հիմա հերքվում են։ Երկրորդ, իհարկե, ողջունելի է, որ այստեղ ընկալում կա, բայց սա նաև որպես այդպիսին նորություն չէ, որովհետև Ղարաբաղը եղել է 1994 թվականին զինադադարը ստորագրած կողմերից մեկը, Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն էր այդ երեք կողմի հետ խոսելը։ Այսինքն Փաշինյանը սրանով վերահաստատում է Մինսկի խմբի համանախագահների մանդատը։
Լավրովը նաև նշել է, որ առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի որևէ համաձայնություն, որը դուր չի եկել Բաքվին։ Կարելի՞ է ձևակերպել, որ ռուսաստանցի նախարարը հայամետ մոտեցումներով է հանդես եկել։ Արդյոք պետք չէ զգուշանալ, որ սրա դիմաց ինչ–որ բան Մոսկվան կփորձի պոկել Հայաստանից։
Այստեղ զգուշանալու բան չկա, այլ ուղղակի այն թեզը, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ կողմ, պետք է առաջ տանել։ Այդ թեզի դեմ որևէ խաղ չի կարող լինել, որովհետև 1994 թվականի զինադադարը նաև Արցախն է կնքել։
Իհարկե, արտաքին քաղաքականությունն զգուշանալ սիրում է, բայց եթե դու հիմնական թեզն ունես ու հենց դա էր մանդատը Մինսկի խմբի համանախագահների, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, ապա շատ բան հեշտանում է։ Նաև հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը դուրս սղղացրել բանակցային պրոցեսից, որը մեծ հարված էր հայկական դիվանագիտությանը։ Դրա մասին բազմաթիվ հրապարակումներ ու վերլուծականներ են գրվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում անդրադարձել է Արցախի խնդրին՝ նշելով, որ ինքն անձամբ պատրաստ է երկխոսել ոչ միայն Ադրբեջանի, այլև ադրբեջանցի ժողովրդի հետ։ Սա նոր էլեմե՞նտ է մտցնում բանակցային գործընթացում և ինչ այն կարող է տալ։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքն անձամբ պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, ապա շատ կարևոր է, որ բանակցությունների ժամանակ թույլ չտրվի, որ մոնոլիտացվի համակարգը, որի հետ մենք բանակցում ենք։ Այսինքն մենք պատրաստ ենք ուղիղ խոսել այդ ժողովրդի հետ, և այդտեղ որևէ խնդիր չկա։ Սա ինչ-որ առումով կարևոր դիվանագիտական մոտեցում է, որ թույլ չտրվի հակառակ կողմին մոնոլիտացվել։
Փաշինյանը կրկին հիշեցրել է, որ Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ է և պետք է վերադառնա բանակցային սեղան։ Միաժամանակ հիշատակել է, որ մինչ օրս Բաքվից չի հնչել տեսակետ, որ Բաքուն ևս պատրաստ է այնպիսի լուծման, որը կբխի նաև Հայաստանի ու Ղարաբաղի շահերից։ Կարծում եք այս դրույթի վրա շեշտադրում անելը ամրացնո՞ւմ է Հայաստանի դիրքերը՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը դա պարտվողականություն է համարում։
Արցախի հիմնախնդրի թնջուկը լուծելու համար այդ լուծումը պետք է երեք կողմերի համար էլ ընկալելի լինի։ Սրանով Նիկոլ Փաշինյանը նաև Ադրբեջանի ներքին լսարանին է դիմում։ Վարչապետի այս հայտարարությունը նաև որոշակի մանիպուլյացիաների է ենթարկվել ընդդիմադիրների կողմից, բայց փաստն այն է, որ նրա այս կառուցողական քայլերին Ադրբեջանը որևէ կերպ չի պատասխանում և հարցը մնում է, թե արդյոք այդ երկիրն առհասարակ կառուցողական է, թե ոչ։ Փաշինյանն իր այդ վերջին դրույթով ավելի շատ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն կառուցողական չի, չենք տեսնում այն մեսիջը, որ իրենք ևս պատրաստ են գնալ կարգավորման։