Հասունացել է Հայոց ցեղասպանության համար հատուցման ժամանակը
14-11-2019 10:12:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայոց ցեղասպանությունը դատապարտել են․
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին հանդես են եկել երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակել են որպես «Թուրքիայի նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ»։
Փաստացի՝ Օսմանյան կայսրությունը առաջիններից մեկն է․ որ դատապարտել է Հայերի ցեղասպանությունը։ Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919 – 1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարությունը նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայ քաղաքացիների կոտորածները, ցեղասպանությունը ու բռնագաղթը կազմակերպելու եւ իրականացնելու համար։
Հայերի ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են ՄԱԿ-ի անդամ 35 պետություններ, այդ թվում՝ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի առաջատար պետություններ, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ժողովուրդների մշտական դատական ատյանը եւ այլ։
Հիշեցնենք նաեւ, որ հայերի 1894-1896 թթ. Համիդյան կոտորածները դատապարտել էին ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ։
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի 14 ապրիլ 1995 թ․ ընդունած «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության մեջ նշված է․
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դուման հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արեւմտյան Հայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին, հետեւելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիայի ոգուն ու տառին, «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» 1968 թ. նոյեմբերի 26-ի ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիային, ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915 թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով, դատապարտում է 1915-1922 թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին եւ ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
ԱՄՆ Կոնգրեսի 29 հոկտեմբեր 2019 թ․ ընդունած «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» բանաձեւի մեջ նշված է․
«Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության եւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 եւ 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձեւերի միջոցով,
Քանի որ Էլի Վիզելի՝ «Ցեղասպանության եւ վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաեւ հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի եւ արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:
Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ
Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու եւ հիշատակելու միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որեւէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որեւէ այլ կերպ առնչելու փորձերը, եւ
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի եւ մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջեւ առնչությունների վերաբերյալ կրթությունը եւ հանրային իրազեկվածությունը»:
Հիշատակենք նաեւ 1918 - 1920 թթ․ միջազգային հանրության կողմից հայերի իրավունքների վերաբերյալ ընդունված որոշումները, պայմանագիրը, Իրավարար վճիռը․
Ռուսաստանի Կառավարության Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ.,
ԱՄՆ Սենատում կայացած 1920թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը,
Սեւրի խաղաղության պայմանագիրը, 10 օգոստոս 1920 թ.,
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.:
Այս նկատառումներից մեկնած Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2018 եւ 2019 թթ․ ՄԱԿ-ին ուղղեց հետեւյալ դիմումնագրերը.
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ, 25 մայիս 2018 թ.:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ.:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 20 նոյեմբեր 2018 թ.։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ, 7 օգոստոս 2019 թ․։
Իրականում, սույն դիմումնագրերը վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով միջազգային հանրության կողմից արդեն իսկ կայացված որոշումներին, որոնք կայացվել են, սակայն մինչեւ օրս կյանքի չեն կոչվել։
Մեջբերված բոլոր այս փաստերը հաստատում են՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 2-րդ նստաշրջանի ընդունած 19-ը հոկտեմբերի 2014 թ. «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ռազմավարության մասին» հայտարարության այն եզրակացությունը, համաձայն որի՝ «պարզապես, պետք է ընդունել, որ Հայերի ցեղասպանության ճանաչման պարտադրված գործընթացն ավարտված է եւ պետք է անցում կատարել Հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման եւ հատուցման գործընթացին»:
Ըստ այդմ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն ու բանաձեւը եւ կարծում է, որ այժմ իսկապես հասունացել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստից վճռական անցում կատարելու Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման, այլ կերպ ասած, հատուցման, այլ կերպ ասած, Հայկական Հարցի վերջնական, արդարացի ու ամբողջական լուծման հարցերին։
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ