14-11-2019 17:52:30 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Մի խումբ հայ լրագրողներ նոյեմբերի 17-ին կմեկնեն Բաքու՝ ավելի վաղ համաձայնեցված փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում:
Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը հայտնի է դարձել Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկըրության մեդիա համաժողով 2019»-ի ընթացքում: Հաղորդվում է, որ հայ լրագրողները կայցելեն մի շարք պետական կառույցներ և հանդիպումներ կունենան փորձագետների հետ: Լրագրողների փոխադարձ այցը նախատեսվել էր պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ որպես փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ մարդասիրական միջոցառում: Նույն պայմանավորվածության շրջանակում համաձայնություն էր ձեռք բերվել զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ: Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի կունենա ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այց Հայաստան:
Մենք այս տեղեկությունը փորձեցինք ստուգել ՀՀ արտգործնախարարությունից։ Նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ասաց, որ ոչ հերքում և ոչ էլ հաստատում է լուրը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։