Գազի հարցում համաձայնությունը պետք է երկարաժամկետ լինի
15-11-2019 12:12:15 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Պարոն Մանուկյան, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել է գազի սակագնին, նշել, որ բանակցությունները մինչև հիմա շարունակվում են, գազի գինը առնվազն մինչև ապրիլի 1-ը չի թանկանա։ Փոխվարչապետն ընդգծել է, որ բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել այն, որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա։ Կարո՞ղ ենք ասել, որ ապրիլից հետո այլևս անհնար կլինի զսպել թանկացումը։
Անհնար կլինի, թե հնարավոր, ճիշտ կլինի այդ հարցով դիմենք պարոն Գրիգորյանին, ով անմիջականորեն մասնակցում է այս գործընթացներին։ Ես մի բան կարող եմ ասել, որ մեզ համար, մեր հասարակության և հատկապես բիզնես հանրույթի համար չափազանց կարևոր է կանխատեսելի լինելը։ Այս առումով շատ խոցելի իրավիճակ է, երբ ամեն տարի, հատկապես նոյեմբեր-դեկտեմբերին այն մեսիջը, թե ինչ է լինելու օրինակ հունվարի 1-ից գազ սպառողների հետ, գալիս է առաջին պլան։ Կարծում եմ, որ այս բանակցությունների շրջանակներում շատ ավելի կարևոր կլինի ոչ այնքան սահմանին գազի գինը, այլ դրա երկարաժամկետ տեսլականը և որ այդ գինը լինի ավելի կանխատեսելի գոնե մեծ ժամանակահատվածով, քան մեկ տարին է։
Ռուսական կողմը պատրա՞ստ է դրան։
Ես չգիտեմ, թե ինչ չափով է պատրաստ, բայց պատրաստ լինել-չլինելուց բացի մենք պետք է խոսենք նաև ռազմավարական համագործակցության ուղղորդիչ փաստաթղթերի մասին։ Դրանցից է միասնական էներգետիկ շուկայի անցնելու մասին տեսլականը, որը դրված է ԵՏՄ համատեքստում։ Դա ենթադրում է, որ այդ պատրաստակամությունն առնվազն ինչ-որ մի պահի պետք է կյանքի կոչվի, և նույն Ռուսաստանը պետք է փորձի Բելառուսին, Հայաստանին և, ինչու ոչ, նաև ներքին շուկայում սպառողներին հնարավորինս ավելի արդար գնագոյացման մեխանիզմներ առաջարկել։
Ռուսական կողմը պատրա՞ստ է երկարաժամկետ հաշվարկների՝ հաշվի առնելով, որ այս խնդիրը մենք բազմիցս բարձրաձայնել ենք թե երկարաժամկետ գործարքների, թե միասնական շուկայի առումով, բայց դրական ազդակներ կարծես թե չկան։
Անկախ նրանից, որ կա դաշնագիր, ռազմավարություն, ամեն երկիր փորձում է հնարավորինս իր շահն առաջ տանել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից է նաև բխում, որը նաև չի հակասում Ռուսաստանի շահերին, որ ավելի երկարաժամկետ տեսլականներ լինեն։ Չի հակասում, որովհետև դուք գիտեք, որ աշխարհում բավական մեծ տեխնոլոգիական զարգացումներ կան և էլ ավելի շատ երկրներ են անցնում «սպառիր կամ վճարիր» սկզբունքին։ Այսինքն, դու ասում ես՝ ես երաշխավորված այսքան գազ կսպառեմ և անկախ նրանից՝ այդքան սպառում ես, թե ոչ, դու դրա փոխարեն վճարում ես։ Սա այն մոտեցումն է, որ երկու կողմերին տալիս է կանխատեսելիություն և երաշխավորված սպառում, որը պետք է քննարկվի։ Կարծում եմ՝ այս քննարկումների ընթացքում սա մեզ համար պետք է լինի չափազանց կարևոր հնարավորություն, որովհետև այդ մեսիջը բիզնեսի համար, հատկապես նրանց համար, որոնք ծախսատար տեխնոլոգիաներում ուզում են ներդրում անել, նրանք ուզում են կանխատեսելիություն ունենալ։
Թուրքմենական գազի տարանցման մասին երկար խոսվեց, բայց մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով դրական դինամիկա չկա, Իրանի հետ բանակցում ենք ու էլի արդյունք չկա։ Ո՞րն է պատճառը։
Չեմ կարծում, որ արդյունք չկա։ Արդյունքն այն է, որ երբ դու բանակցում ես, նշանակում է ունես այլընտրանք, ինչով նվազեցնում ես դիմացի կողմի բանակցություններում գերակա դիրքերը։ Մենք բոլոր կողմերի հետ պետք է բանակցենք, բայց վերջնական շահառուն պետք է լինի սպառողը։ Եթե մենք այս համատեքստում դիտարկում ենք, որ օրինակ, իրանական գազի և ռուսական գազի գները վերջնական սպառողի համար նույնն են, այս պայմաններում նախապատվելի կլինի ռուսականը, որովհետև ռուսական գազի կալորիականությունը, ջերմատվությունը մի քանի անգամ ավելի բարձր է պարսկականից։ Հետևաբար, մեր սպառողի շահերի տեսանկյունից նախընտրելի կլինի ռուսական կողմից առաջարկվող գազը։