Ճեղքում Ամուլսարի՞ հարցում. վարչապետի հայտարարությունը


Ճեղքում Ամուլսարի՞ հարցում. վարչապետի հայտարարությունը

  • 15-11-2019 19:00:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հյուր էր Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի հոբելյանին: Պալատը հասարակական կառույց է, որը միավորում է հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնությունները: Ելույթ ունենալով հոբելյանին, Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարի, ներդրումային քաղաքականության, կառավարության մոտեցումների մասին, փաստացի շարադրելով այն, ինչի մասին վարչապետը խոսում է տարբեր ամբիոններից՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական հեռանկարի իր եւ կառավարության պատկերացումը:
 
Մինչ այդ, Փարիզում օրերս հայկական համայնքի հետ հանդիպմանը վարչապետը խոսել էր հայ-ամերիկյան հարաբերության մասին էլ, ասելով, թե այդ ուղղությամբ շատ մոտ ենք կարեւոր ճեղքման:
 
Ընդհանուր առմամբ այստեղ իհարկե հնարավոր է դիտարկել խնդրի մի քանի շերտ, եւ լայն իմաստով երկկողմ փոխվստահության կարեւոր շերտին անդադարձել եմ Հայ-ամերիկյան ճեղքում հոդվածում: Ընդհանուր քաղաքական պլաստին զուգահեռ, հայ-ամերիկյան հարաբերությունն անշուշտ ունի նաեւ կոնկրետ կետեր եւ, դատելով նախկինում արված հայտարարություններից, դրանցից զգայուններից մեկը Հայաստանում արեւմտյան խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի հանքավայրի հարցն է:
 
Այդ հարցը Հայաստանի կառավարության առաջ բարձրացրել են ԱՄՆ դեսպանները, այլ դիվանագետներ: Ամերիկյան առեւտրի պալատն էլ մի քանի անգամ հայտարարություն է տարածել Ամուլսարի հարցի առնչությամբ: Պալատի անդամ է շահագործման իրավունք ունեցող Լիդիան ընկերությունը:
 
Քննարկվե՞լ է Ամուլսարի հարցը վարչապետի այցի ընթացքում: Եվ ընդհանրապես, հարցն ինչպիսի՞ տեղ ունի հայ-ամերիկյան հարաբերության տիրույթում ներկայում: Կարո՞ղ է հայ-ամերիկյան ճեղքման հանգամանքն առնչություն ունենալ Ամուլսարի հարցի հետ: Եվ ինչպիսի՞ առնչություն՝ ի վերջո Լիդիանին գործելու եւ ներդրումային ծրագիրն ամբողջացնելու հնարավորությա՞ն, թե՞ հայ-ամերիկյան երկխոսության, ներդրումային հնարավոր հեռանկարների արցը Ամուլսարի հարցից այսպես ասած տարանջատելու տեսքով:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ ներկայում չկա Լիդիանի աշխատանքը արգելակելու որեւէ իրավական հիմք: Միաժամանակ, շաբաթներ առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք քննություն կառաջացնեն նոր ուղղությամբ, ինչը կարող է հանգեցնել իրականացված ՇՄԱԳ-ը կասկածի տակ դնելու եւ նոր ՇՄԱԳ անհրաժեշտություն, ինչը կերկարաձգի հարցը եւս մի քանի ամիս:
 
Ամուլսարի հարցը իհարկե համակողմանի բարդ տնտեսա-քաղաքական հարց է, մի կողմից արտաքին ներդրումային, նաեւ հնարավոր է քաղաքական միջավայրերի հետ Հայաստանի արդյունավետ հաղորդակցության, մյուս կողմից՝ ներքին քաղաքական միջավայրում լարվածության հարց: Եթե կառավարությունը կայացնի հանքի շահագործման վերջնական որոշում, աներկբա է, որ մի շարք քաղաքական ուժեր փորձելու են օգտագործել բնապահպանական հանգամանքը քաղաքական դիմադրություն ձեւավորելու համար:
 
Զուտ բնապահպանական ռիսկերի կառավարման խնդրին զուգահեռ, ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ թերեւս չի տեսնում քաղաքական խնդիրները առանց լարման ու բախման լուծելու տարբերակը:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play