Նրանց հավաքել են Հայաստանին վնաս պատճառելու համար. Մնում է պարզել, թե ով է հրահրողը
18-11-2019 10:34:54 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ «Վերնատուն» ակումբի համաժողովը, հրավիրվա՞ծ էիք, և եթե հրավիրված լինեիք` կգնայի՞ք, թե ոչ։
Ինձ համար շատ տհաճ կլիներ լինել այդ միջավայրում, ոչ հրավիրված էի, ոչ էլ կգնայի։ Մեծ բարեբախտություն է, որ իրենք ինձ գիտեն, ես էլ իրենց գիտեմ։ Մենք գիտենք՝ ով ով է։ Նրանց բոլորին ես ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում։ Այնպես որ, մենք չէինք կարող այնտեղ միասին լինել։
Իսկ, ընդհանուր առմամբ, այս հավաքն ինչպիսի՞ տպավորություն թողեց։ Ձևավորվում է նոր բևե՞ռ, թե՞ պարզապես նախորդ իշխանության համակիրներն են, որոնց հասարակությունը մերժել է։
Չէի ասի, որ նրանք բոլորը նախկին իշխանությունների համակիրներն են, այնտեղ նաև նախորդ իշխանության կողմից լքվածներ կան։ Նախորդ իշխանությունը նույնիսկ նրանց հետ լավ չի վարվել։ Օրինակ, շատ ցածր հոնարար է ստացել Վազգեն Մանուկյանը 1996 թվականի իր ակցիայի համար։ Հանրային խորհրդում նախագահ լինելը, կարծում եմ, պատվաբեր չէ։ Ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանը չի կարող լինել նախորդների հետ և չի կարող նրանց շահերի պաշտպանը լինել։ Նա կփորձի նախորդներին օգտագործել որպես ռևանշ։ Այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես նրանք իրեն օգտագործեցին, այնպես էլ Վազգեն Մանուկյանը կարող է նրանց շահերը պաշտպանի՝ օգտագործելով նրանց ընդդիմություն լինելը։ Բայց չի կարելի ասել, որ Վազգեն Մանուկյանը նախորդ իշխանությունների շահերի պաշտպանն է կամ ուզում է նրանց վերադարձնել հետ ու ինքը նորից վերադառնա, դառնա Հանրային խորհրդի նախագահ։ Նա ավելի լուրջ հայտ է ներկայացնում, քանզի լուրջ սպասելիքներ ունի, բայց դա ընդհանուր առմամբ այն փոցխն է, որը մի ժամանակ ինքը տրորել է։ Հիմա նորից հույսը դնում է նույն փոցխի վրա, որը մենք արդեն գիտենք։ Մենք դրան ծանոթ ենք և գիտենք, թե դա ինչպես կավարտվի։
Ի՞նչ հաջողություն կարող է ունենալ «Վերնատունն» այսօր, իսկապես ընդդիմադիր դաշտի բաց կա՞ այսօր Հայաստանում։ ԲՀԿ-ին էլ էին հրավիրել, բայց չէր եկել։
ԲՀԿ-ն որոշ իմաստով մրցակից կազմակերպություն է։ Հասկանալի է, որ նա չէր կարող ներկայանալ իր մրցակցի շնորհանդեսին։ Այդ տեղը քաղաքական դաշտում զբաղեցնում է հենց ինքը՝ ԲՀԿ-ն։ Այն, ինչ ձեռնարկում են, ԲՀԿ-ին մրցակից են ստեղծում, և բնական ու ճիշտ է, որ ԲՀԿ-ն մերժել է հրավերը։ Իսկ ընդհանրապես, ի՞նչ նպատակ ունեն նրանք. Նրանք բոլորը հայտնի են իրենց կենսագրությամբ, հայտնի են իրենց վնասարարությամբ։ Նրանց նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը, գործող իշխանությանը և ժողովրդավարությանը։ Կուրսը այդպիսին է, մենք մինչև հիմա դա գիտենք։ Նրանք վնաս են տվել պերեստրոյկային, նրանք վնաս են տվել ՀՀ-ին նախորդ տարիներին, հիմա նրանք մասնագիտացել են, հմտություն ունեն այդ հարցում։ Իշխանություն նրանք, իհարկե, չեն կարող ստանալ։ Ուրեմն նրանց գլխավոր խնդիրն է խոչընդոտներ հարուցել, խոցել այն ծրագիրը, այն ուղղությունը, որով հիմա Հայաստանը շարժվում է։ Որքան իրենց տված վնասը մեծ լինի, այնքան իրենք բավարարված կլինեն։ Հիմա մենք պետք է սպասենք և զգուշանանք։ Նրանք դա կարող են անել, և հարկավոր է վնասարարության դեմ պատնեշներ ստեղծել։ Նրանց տարիքն այնպիսին է, որ բնական ճանապարհով նրանք կհեռանան։ Նրանք հիմա այն տարիքում են, որ ամեն օր հարկավոր է թերթերի վերջին էջը կարդալ, որտեղ ցավակցությունների ցանկն է։
Կա տեսակետ, որ այդ ակումբի գոյությունը յուրատեսակ լյուստրացիա է։ Լենա Նազարյանը հայտարարել է, որ այդտեղ հավաքվել են մարդիկ, որոնք ատում են Նիկոլ Փաշինյանին առանց պատճառի։
Անշուշտ, սա լյուստրացիա է, բայց նրանք արդեն ունեն իրենց կրծքանշանները լյուստրացիայի, նրանք արդեն վաղուց հայտնի են, նրանց գլխի գլխարկը բոցավառվում է։ Նրանք ջահերի նման են, թաքնված չեն, նրանք հայտնի են և հենց այդ հարթակի վրա են կանգնած։ Նրանք չեն հրաժարվում իրենց կենսագրությունից, նրանք հպարտանում են իրենց արածներով։
Նրանք արդեն հաջողել են։ Արդեն մեծ հաջողություն է, որ հավաքույթ են անում, եթե այստեղ չկա հատուկ մոդերատոր։ Տարբեր շահեր, տարբեր նկարագիր ունեցող, տարբեր քաղաքական ծագում ունեցող, տարբեր գաղափարախոսություն ունեցող մարդկանց հավաքույթն արդեն հաջողություն է։ Այդքան իրար վանող մարդկանց, անհամատեղելի մարդկանց համատեղելն արդեն հաջողություն է որպես էքսպերիմենտ։ Փաստորեն, էքսպերիմենտը ցույց տվեց, որ նրանց կարելի է հավաքել։ Հիմա տեսնենք, թե ով է հավաքել, որովհետև իրենք իրենցով չեն կարող հավաքվել։ Ուրեմն ինչ-որ մեկը հավաքել է։ Լյուստրացիան, բացահայտումը կլինի այն ժամանակ, երբ պարզվի, թե ով է նրանց հավաքում։
Այսինքն՝ դա Վազգեն Մանուկյանը չէ՞։
Վազգեն Մանուկյանը գործիք է, խոցելու գործիք է։ Վազգեն Մանուկյանը թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն։ Նախորդ իշխանության ներկայացուցիչները նրան օգտագործեցին, 1980-ական թվականներին պերեստրոյկայի հակառակորդները օգտագործեցին, 1990-ական թվականներին Վազգեն Մանուկյանին օգտագործեցին Ռուսաստան-Բելառուս ինտեգրացիայի ջատագովները, հանրապետականները օգտագործեցին։ Հիմա տեսնենք, թե ով է հաջորդ օգտագործողը։
Հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներն էին մասնակցում այդ համաժողովին, ենթադրվո՞ւմ է, որ հենց նա է մոդերատորը։
Ռոբերտ Քոչարյանն արդեն չկա, նա որպես գործոն բացակայում է։ Նա օգտագործվել է, հիմա լքվել է։ Նա չի կարող օգտագործել, որովհետև ինքն արդեն որպես գործոն չկա։ Ռոբերտ Քոչարյանին հիմա կարող է օգտագործել Վազգեն Մանուկյանը, որովհետև նա պատրաստ է օգտագործվել ցանկացած ուժի համար, միայն թե ինքը մնա ասպարեզում, օրակարգում։ Իսկ իսկական կազմակերպողը, մոդերատորը, հրահրիչը, համակարգողը, իհարկե, Վազգեն Մանուկյանը չէ։ Ինքն օգտագործվողների շարքում է, միաժամանակ ոմանց օգտագործում է։