Հաագայի «Աբովյան» մշակութային ընկերությունը 25 տարեկան է
24-06-2009 16:45:00 | Նիդեռլանդներ | Մշակույթ
ՀԱԱԳԱ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Նիդեռլանդներում գործող հայկական «Աբովյան» մշակութային
ընկերության ստեղծման 25-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական
ուղերձ է հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` բարձր
գնահատելով ընկերության գործունեությունը:
«Աբովյան» ընկերությունը հիմնադրվել է 1984թ. հունիսի 19-ին
Նիդեռլանդների Հաագա քաղաքում:
Ինչպես տեղեկանում ենք Հաագայից ստացված հաղորդագրությունից,
տարեդարձի առթիվ ընկերությունը կազմակերպում է հայկական
կինոփառատոն` համագործակցելով Հաագայի Filmhuis Den Haag-ի եւ
երեւանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնների հետ: Հոկտեմբերի 22-ին
մեկնարկելիք փառատոնը կներկայացնի հայկական կինոյի անցած ուղին:
Նախատեսվում է նաեւ հրատարակել որոշ գրքեր:
Անցած 25 տարիների ընթացքում «Աբովյան» հայկական մշակութային
ընկերությունը հետաքրքիր է դարձրել Նիդեռլանդների հայ համայնքի
մշակութային կյանքը` կազմակերպելով շաբաթական հանդիպումներ եւ
հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ, միջոցառումներ,
հրատարակելով պարբերականներ:
«Աբովյան» մշակութային ընկերությունը միշտ սերտ
հարաբերությունների մեջ է եղել Հայաստանի եւ Սփյուռքի հասարակական
ու մշակութային կազմակերպությունների հետ: Բազմիցս դերասանական
խմբեր եւ անհատներ են հրավիրվել մշակութային ծրագրերին մասնակցելու
համար: Մշակութային կենտրոն են այցելել նաեւ ուսանողներ,
մարզիկներ, գիտնականներ: