Պետք է խոսվի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին


Պետք է խոսվի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին

  • 21-11-2019 12:07:50   | Հայաստան  |  Հարցազրույցներ

lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը
 
 
Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Գարեգին Նժդեհի շուրջ։ Հիմա էլ ռուս լրագրողները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը դրա վերաբերյալ հարց են տալիս՝ առաջարկելով հանձնաժողով ստեղծել ու քննարկել Նժդեհի կերպարի հարցը։ Ինչո՞վ է պայմանավորված Նժդեհին օրակարգ բերելը՝ հաշվի առնելով, որ նախորդ իշխանության գաղափարախոսության առանցքում էր Նժդեհի կերպարը։ Ի՞նչ ուղերձներ է հղում Մոսկվան։
 
 
Ես չեմ կարծում, որ Մոսկվան ինչ-որ ուղերձներ է հղում։ Ես չեմ կարծում, որ Նժդեհի թեման հենց այնպես է ակտիվացվել, ակտիվացնող շրջանակներ կան, որոնք ադրբեջանական շրջանակներ են։ Հայ-ռուսական օրակարգում այս խնդիրը երբեք չի դրվել այս ձևով։ Հիմնականում սա ադրբեջանական թեզ է, որին պետք է կոնկրետ արձագանքել։ Չնայած այն հանգամանքին, որ նախկին իշխանությունները հայտարարում էին, թե Նժդեհի գաղափարախոսությունն իրենց հարազատ է, նրանք բավականին շեղված էին նույն Աշոտ Նավասարդյանի կողմից ընկալված տեսություններից։ Նույնիսկ իրենց ղեկավարների գենեոլոգիան եթե նայեք, կտեսնեք, որ Աշոտ Նավասարդյանն ընդդիմություն էր Վազգեն Սարգսյանի ժամանակ, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն էլ լավ չէին, իսկ Անդրանիկ Մարգարյանն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջում։ Ինչ վերաբերում է Նժդեհին, նա հայ ժողովրդի հերոսն է, և որևէ շահարկում այդ թեմայով այս կամ այն կողմից պետք է միշտ հատու, իմաստալից և պատմական փաստերի հիման վրա պատասխան տրվի, ինչը վարչապետը շատ լավ տվեց։
 
Պատասխանները տրվեցին նաև Աշգաբադում, բայց թեման չի փակվում։ Ինչպե՞ս պետք է վերջակետ դրվի սրան։
 
Նման թեմաները հորինվում են և նետվում դաշտ այս կամ այն խմբի կողմից։ Նժդեհի մասով վարչապետը նշեց, որ եթե այդ հարցը քննարկվում է, ապա շատ տրամաբանական է հարցում անել նաև Մոլոտովի դերի մասին, շատ տրամաբանական է հարցում անել Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի մասին, հարցադրում անել այն երևույթի վերաբերյալ, թե արդյոք մենք խոսում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի, թե Հայրենական պատերազմի մասին, քանի որ այդտեղ տարեթվերի խնդիր կա։ Նժդեհի գործունեությունը պետք է ընկալվի մեր ազգային իղձերի իրականացման տիրույթում։ Նժդեհի ողջ գործունեությունն ուղղված է եղել հայ ժողովրդին և կապ չի ունեցել, թե այս կամ այն ուղղություններով աշխատել կամ չի աշխատել։ Նժդեհի համար Հայաստանի անվտանգությունն ամեն ինչից վեր է եղել։ Եթե հարցադրումներ պետք է արվեն, ապա պետք է հարցադրումներ արվեն այն գեոպոլիտիկ իրավիճակի վերաբերյալ, որին հասցվել էր մեր հանրապետությունը 1920-1921 թվականներին։ Պետք է խոսվի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին, որ տեսնենք, թե կողմերն ովքեր են։ Նժդեհը բացառապես պաշտպանում էր Զանգեզուրի, Լեռնահայաստանի և Արցախի գոյության իրավունքը։ Սա է, որ շատ մարդիկ չեն ընկալում, բայց դա իրենց խնդիրն է։

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ