Հայաստանի զբոսաշրջային նոր ուղեցույցը. Կյանքը հիասքանչ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանի զբոսաշրջային նոր ուղեցույցը. Կյանքը հիասքանչ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 02-12-2019 13:05:51   | Հայաստան  |  Հասարակություն



Լոռիից Աշտարակ, Գյումրիից Ծաղկաձոր, երկրի մի ծայրից մյուսը...Կյանքը հիասքանչ է մի բուռ Հայաստանի յուրաքանչյուր անկյունում: 
 
Դերասանուհի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի «Life is Beautiful with Hermine Stepanyan» խորագիրը կրող և ֆեյսբուքյան  ու յութուբյան ալիքներով հեռարձակվող  հաղորդաշարը, բոլոր նրանց համար է, ովքեր գիտեն և միաժամանակ «չգիտեն» Հայաստանի մասին, ովքեր  ուզում են բացահայտել փոքրիկ, խորհրդանշանական, պատմություն ունեցող անկյունները, այն գյուղերում ու քաղաքներում, որոնք բոլորիս հայտնի են թվում: Իսկ այդ վայրերում, իրոք, բացահայտելու շատ բան կա: 
 
ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) կողմից մեկնարկած «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող հաղորդման ժամանակ  Հերմինեն փնտրում ու գտնում է Հայաստանի տարբեր քաղաքների, գյուղերի քիչ հայտնի և յուրօրինակ վայրերն ու մարդկանց, նա նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում թանգարաններին ու պատկերասրահներին, կոլորիտային շենքերին և գաստրո տներին: Դրանց կողքին հաղորդավարուհին ներկայացնում է գյուղական տուրիզմի զարգացման հնարավորություններն ու նախադրյալները: 
 
Հաղորդման հերոսը Հայաստանն է, կիզակետում մեզ հայտնի վայրերն են՝ անհայտ դիտանկյունից, մարդիկ են՝ իրենց առօրյայով, որոնք այլ ճանապարհ են ընտրել իրենց կյանքը բարելավելու եւ երկիրը զարգացնելու համար, կերպարներ են՝ իրենց պատմություններով. ոգեշնչող, կյանքը գնահատել ստիպող, յուրաքանչյուր վայրում հիասքանչն ու գեղեցիկը արտացոլող:
 
«Ես միշտ ասում եմ՝ երջանկությունը, հետաքրքրությունն ու գեղեցկությունը շատ փոքր երեւույթների մեջ են: Ճամփորդելու ընթացքում ինձ կարող է ոգեւորել ու տպավորել նույնիսկ ծառի նորահաս բողբոջը: Եվ իմ այդ դրական մոտեցումը, թե ինչ սիրուն է կյանքը, ինչ հիասքանչ է բնությունը, ինչ լավն են մարդիկ, բերեց նաեւ վերնագրի ընտրությանը»- պատմում է Հերմինեն՝ հաղորդման գաղափարի և անվան ընտրության մասին խոսելիս։ 
 
Վերջին վայրերից մեկը, որտեղ եղել է Հերմինեն, Գյումրին է։ Հայրաքաղաքի գեղեցկությունն ու ամենասիրված վայրերը բացահայտելու համար հաղորդավարուհին այս անգամ իր ճամփորդությունն սկսում է գնացքով։ Հայկական ֆիլմերի նկարահանման հրապարակներից մինչև Գյումրու ամենահայտնի վարսավիրանոց, Վարպետաց փողոցից մինչև գաստրո անկյուններ և սրճարաններ.Գյումիում չես ձանձրանա։ Իսկ նոր արկածների և ուրիշ Հայաստան ներկայացնելու համար Հերմինե Ստեփանյանն արդեն ճանապարհ է ընկել. հաջորդ կանգառը Ջաջուռն է։
 
Life is beautiful հաղորդաշարը կարող եք դիտել.
Ֆեյսբուքյան հասցե՝ https://cutt.ly/PeBDzgX
Յութուբյան ալիք՝  https://cutt.ly/HeBDxh9
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն