Ֆրանսիան ցանկանում է ուղեկցել Հայաստանին տեխնոլոգիական հեղափոխության հարցում, մասնավորապես, կրթության ոլորտում. Ժոնաթան Լաքոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02-12-2019 15:48:33 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ֆրանսիան Հայաստանի կողքին է տեխնոլոգիական հեղափոխության համար:
Այս մասին դեկտեմբերի 2-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած «RINArmenia» (Recursive Inter Network Architecture) նախագծի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նշենք, որ «RINArmenia» ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տնտեսական ֆորումի փակման ժամանակ համացանցի համահիմնադիր Լուի Պուզենի, Ֆիլիպ Պուի և Հայկ Մնացականյանի կողմից:
Ըստ Ժ. Լաքոտի՝ համացանցի ապագայի մասին շատ են մտորում Ֆրանսիայում, աշխարհում ու նաև Հայաստանում, իսկ համացանցի համահիմնադիրներից Լուի Պուզանն այդ մտորումները սկսել է RINA ծրագրի շրջանակներում:
«Այս ծրագիրը ցույց կտա երկակի իրականություն. Առաջինը՝ նոր տեխնոլոգիայի դինամիկան է Հայաստանում: Դա մի իրականություն է, որը մենք փաստում ենք ամեն օր, և մենք դա տեսնում ենք այն երիտասարդ մասնագետների մեջ ու կազմակերպությունների, որոնք ստեղծվում են այս ոլորտում: Շատ ենք խոսում Հայաստանում հեղափոխության մասին և կարող ենք փաստել, որ կա նաև տեխնոլոգիական հեղափոխություն»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Նրա խոսքերով՝ Ֆրանսիան ցանկանում է ուղեկցել Հայաստանին տեխնոլոգիական հեղափոխության հարցում, մասնավորապես, կրթության ոլորտում:
«e-Hayt» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն իր հերթին նկատեց, որ RINA-ն ապագայի համացանցն է:
Նրա փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացնելու համար իրենց պետք էր մի վայր, որտեղ հնարավոր կլիներ անհնարինը դարձնել հնարավոր։
«Մի քանի տարի ի վեր գալով Հայաստան՝ ես ինձ համար բացահայտեցի, որ այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Այստեղ կարելի է իրականացնել և զարգացնել ծրագիրը, գտնել մասնագետների »,- ընդգծեց Ֆիլիպ Պուն:
Ներկայացնելով RINA-ն՝ «RINArmenia»-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Անի Ոսկանյանը նախ պարզաբանեց, թե ինչ է ինտերնետը։
Նրա տեղեկացմամբ՝ այսօր ավելի քան 4 մլրդ մարդ օգտագործում է ինտերնետ, որին միացված է ավելի քան 18 մլրդ սարք։
«Մենք սխալմամբ ինտենետը բնորոշում ենք որպես նորագույն տեխնոլոգիա, մինչդեռ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի և չի բավարարում այսօրվա տեխնոլոգիաների պահանջներին»,- փաստեց Ա. Ոսկանյանը։
Նա ընդգծեց, որ ինտերնետն ի սկզբանե ունեցել է բացեր հատկապես անվտանգության հետ կապված, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել պետությունների, ինտերնետ օգտագործողների համար, ինչպես նաև պատրաստ չի եղել ապահովելու այսօրվա տեխնոլոգիաները, իսկ «RINA»-ն ամբողջությամբ վերափոխված, 0-ից ստեղծված է համակարգ է, որը լուծում է նշված խնդիրները:
«Այն ոչ միայն կարևոր լուծում է ներկայի համար, այլ նաև անհրաժեշտություն ապագայի համար»,- եզրափակեց Ա. Ոսկանյանը: