Հայաստանում քաղաքականության, կուսակցությունների դերի մասին ընկալումներն աղավաղված են


Հայաստանում քաղաքականության, կուսակցությունների դերի մասին ընկալումներն աղավաղված են

  • 11-12-2019 12:03:11   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

lragir.am-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը
 
Պարոն Միսկարյան, հաճախ են հնչում կարծիքներ, որ այսօր իշխանությանը համարժեք ընդդիմություն չկա, և այս իշխանությունը դժբախտ է հենց դրա համար։ Որպես ընդդիմության ներկայացուցիչ ինչ կարող եք ասել այս մասով, որքանով է կայացել ընդդիմությունը ՀՀ–ում հեղափոխությունից հետո։
 
Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել։ Խնդիրն իշխանության և ընդդիմության մեջ չէ, այլ առհասարակ քաղաքական համակարգի։ Հայաստանում քաղաքականության մասին ընկալումները, կուսակցությունների դերի, նշանակության, բովանդակության մասին ընկալումները ինքնին աղավաղված են։ Իզուր չի, որ կուսակցությունների մասին օրենքի քննարկումից առաջ մենք առաջարկեցինք նախ հստակեցնել թե ինչպիսի քաղաքական համակարգ ենք մենք ուզում ունենալ վերջնարդյունքում, և հետո միայն մշակել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք իրենց ամբողջականության մեջ կհանգեցնեն այդ համակարգի կայացմանը։
 
Ընդդիմադիր դաշտը վերջին շրջանում կարծեք թե զբաղեցնում է ՀՅԴ–ն։ Ինչո՞ւ նոր ուժերը չեն ակտիվանում։ Արդյոք դա պայմանավորված է նրանով, որ ընտրություններ առաջիկայում չկան, ավելին, ՏԻՄ ընտրություններին խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն անտարբերություն են դրսևորում։ Սրա պատճառները որտե՞ղ եք տեսնում։
 
ՀՅԴ ակտիվանալու պատճառները նույն տրամաբանության մեջ են, ինչ որ քաղաքական դաշտն իր մեծամասնությամբ, այն է` ապաքաղաքական։ Այն օրակարգերը, որոնք ցանկանում է առաջ տանել ՀՅԴ-ն, այնքան «կեղծ» են, որ նույնիսկ սատարում չեն գտնում նույն ՀՅԴ շարքերում։ Իրականում, քաղաքական դաշտի նման վիճակը ինչ-որ առումով բնական է հետհեղափոխական զարգացող երկրի համար։ Էս պահին ավելի շատ հանրային ընկալումների մեջ խմորումները ընթանում են արժեքների հստակեցման շրջանակներում։ Իհարկե, այդ գործընթացն ավելի արագ և արդյունավետ կընթանար, եթե քաղաքական ուժերը «օգնեին» հանրությանը ավելի արագ և հեշտ կողմնորոշվել այդ հարցում, բայց դե ունենք այն, ինչ ունենք, իրենք քաղաքական ուժերը դեռ կայանալու և իրենց գոյությունն ու գործողությունները վերարժևորելու անհրաժեշտություն ունեն։ Մեծ հաշվով, սա մեր պետության մեջ գոյություն ունեցող իրականության հետևանքներն ու արտացոլումն է։
 
Օրերս ՀՅԴ ժողովներից մեկի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակվեց, որտեղ Հրանտ Մարգարյանը կոչ էր արել դաշնակցական երիտասարդներին պարտիզանական հարվածներ հասցնել իշխանություններին։ Ինչպե՞ս եք գնահատում սա և արդյոք այստեղ վտանգներ տեսնում եք։
 
Որպես ինստիտուցիոնալ կայացած կառույց ՀՅԴ-ն մեծ պոտենցիալ ունի և կարող է կարևոր դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում։ Սակայն ինչպես որ Հայաստանն էր հռչակվել «ժողովրդավար», բայց գործում էր մի կետից կառավարվող տոտալիտար համակարգ, այդպես էլ ՀՅԴ-ն զերծ չի մնացել այդ արատից, որը կամա թե ակամա պիտի տիրեր նրան, քանի որ նախկին համակարգում կուսակցությունը այլ կերպ չէր էլ կարող գործել։ Առանց ներքին ժողովրդավարության կուսակցությունները դատապարտված են հայտնվելու պատմության աղբանոցում։ ՀՅԴ-ի կողմից հանրության համար վտանգներ չեմ տեսնում, բայց վտանգներ տեսնում եմ ՀՅԴ վերնախավի կողմից կատարած քայլերի արդյունքում ՀՅԴ-ի հետագա գործունեության համար։ Էդ մարդիկ պիտի հասկանան, որ հին մեթոդները նոր Հայաստանում չեն գործում։
 
Վերջերս մեղադրանք առաջադրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինչպես եք գնահատում ներկայացված մեղադրանքը՝ հաշվի առնելով, որ նախկին իշխանությունները այն ծիծաղելի են համարում և դա համարում են Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ։
 
Գիտեք, ես չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, նրա կողմից վնասը վերականգնելու պարագայում։ Իհարկե, Հայաստանում պիտի օրենքով գործել, բայց պետության զավթման մեջ մեղադրվող մարդուն կանչել պատասխանատվության ֆինանսական չարաշահումների համար, մի փոքր տարօրինակ է։ Մեծ հաշվով, եթե քաղաքական առումով Սերժ Սարգսյանը չէր կեղծել ընտրությունները, սահմանադրական հանրաքվեն և դրա արդյունքում չէր զավթել իշխանությունը, ապա ինչու մարդիկ դուրս եկան փողոց և մերժեցին նրան։ Արդյոք այդ հավանական մեկ միլիոն դոլար գողանալու համար։ Չեմ կարծում։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի դեմ կատարել է շատ մեծ հանցանք, նա յուրացրել է ժողովրդի իշխանությունը, և ես, ինչպես և բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, սպասում եմ այդ մասով նրան պատասխանատվության կանչելուն։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ