«Սիրելի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ մանիպուլյացիայով մի զբաղվեք». Մակունցը՝ Նաիրա Զոհրաբյանին

11-12-2019 12:28:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Սիրելի՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ մանիպուլյացիայով մի զբաղվեք: Երբեք ո՛չ այս ամբիոնից, ո՛չ որեւէ տեղից չի հնչել՝ «դուք մեր դուրը չեք գալիս եւ դրա համար հեռացեք» արտահայտությունը: Չի եղել նման բան: Որեւէ մեկն «Իմ քայլը» խմբակցությունից չի հնչեցրել արտահայտություններ՝ գնդակահարելու, այրելու, ինկվիզիցիայի ենթարկելու մասին: Չի՛ եղել, եւ մանիպուլյացիայի մի՛ ենթարկեք». ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես սկսեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին նախագծի շուրջ իր այսօրվա ելույթը:
 


Շարունակելով իր միտքը՝ Մակունցն ընդգծեց, որ փոխարենը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից լսում են ցանկացած փոփոխության գնալու մերժում, հրաժարում, թույլ չտալու մոտեցումներ:
 
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարեց, թե նախագծի քննարկման ողջ ընթացքում որեւէ
իրավական հիմնավորում չի հնչել, հնչել է քաղաքական հիմնավորում՝ «դուք մեր դուրը չեք գալիս, դուք պետք է գնաք»:
 
Մակունցը կրկին ներկայացրեց, թե ինչ է նախատեսում քննարկվող նախագիծը. «Մենք երբեւէ չենք նշել նաեւ, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման: Չի հնչել նման արտահայտություն: Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, եւ այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը: Այս նախագծով մենք առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնոլորտում, իսկ համերաշխությունը չի լինում միակողմանի, համերաշխության գնում են երկու կողմերը համատեղ, եւ սա, իրոք, ձեռքսեղմման առաջարկի նախագիծ է, եւ մենք գտնում ենք, որ սրանով կարող է մեկնարկ տրվել դատաիրավական համակարգում, տվյալ պարագայում՝ Սահմանադրական դատարանում խորքային բարեփոխումներ իրականացնելուն: Սա է ամբողջ նպատակը, եւ այն, ինչ չի հնչել մեր կողմից, խնդրում ենք չվերագրել մեզ որեւէ պարագայում»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:  
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 384 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար