«Եթե մարդիկ ուզում են ավելի շատ գումար ստանալ, ապա համալսարանը պետք է օպտիմալացվի».Գեղամ Գևորգյան
12-12-2019 16:48:56 | Հայաստան | Հարցազրույցներ
ԵՊՀ ղեկավարության և Արհմիության միջև ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զրուցել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանի հետ:
- Պարո՛ն Գևորգյան, ինչի՞ց սկսվեց Ձեր և ԵՊՀ արհմիության միջև հակասությունը:
- Հուլիսին ինձ դիմեցին համալսարանից, թե ինչու է իրենցից գանձվում Արհմիության անդամավճարը, այն պարագայում, երբ իրենք Արհմիության անդամ չեն: Դրա համար հուլիսի 8-ին ես հրաման տվեցի, որ Արհմիության անդամավճարները գանձվեն աշխատողի դիմումի համաձայն: Այսինքն՝ աշխատողը հաշվապահություն պետք է ներկայացներ դիմում, որով խնդրում էր, որ անդամավճարն իր աշխատավարձից փոխանցվի Արհմիության հաշվին: Այդ ժամանակ Արհմիության նախագահը հղում արեց Կոլեկտիվ պայմանագրին, որով գործատուն, այսինքն՝ ռեկտորը, պարտավորվում էր աշխատողներից, շեշտում եմ աշխատողներից, այլ ոչ թե Արհմիության անդամներից, կատարել գանձում՝ հօգուտ Արհմիության: Դա Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է, որովհետև որևէ մեկն իրավունք չունի տնօրինելու մարդու աշխատավարձը՝ չհաշված օրենքով սահմանված դեպքերը: Այդ ժամանակ Արհմիության նախագահը ներկայացրեց ցուցակ, թե ովքեր են Արհմիության անդամ դառնալու համար դիմում գրել: Այդ դիմումներում նշված էր նաև, որ խնդրում են իրենց աշխատավարձի մեկ տոկոսը գանձել՝ հօգուտ Արհմիության: Արհմիության նախագահի ներկայացրած դիմումների քանակը 1970 էր: Հետագայում մենք պարզեցինք, որ հօգուտ Արհմիության մոտ 900 հոգու անդամավճար է գանձվել այն դեպքում, երբ այդ մարդիկ անդամ չեն եղել: Այդ գումարը կազմում է ավելի քան 6.7 մլն դրամ: Ի դեպ, վերջերս գրություն եմ ուղարկել Արհմիության նախագահին, որ վերադարձնի այդ գումարը, որպեսզի մենք էլ կարողանանք այդ մարդկանց վերադարձնել իրենց փողերը: Խոսքը միայն 2019 թվականի մասին է: Եթե հետ գնանք, իսկ մենք պետք է հետ գնանք, ապա պարտքն ավելի մեծ կլինի, և նա պարտավոր է վերադարձնել այդ գումարը:
Քանի որ Արհմիության նախագահը հղում էր անում Կոլեկտիվ պայմանագրին, դա պատճառ դարձավ, որ ես նախաձեռնեմ պայմանագրի խզումը: Ըստ Կոլեկտիվ պայմանագրի՝ կողմերից յուրաքանչյուրը կարող է խզել, լուծել պայմանագիրը՝ այդ մասին 3 ամիս առաջ տեղյակ պահելով մյուս կողմին, ինչը ես արել եմ: Նա դիմել է դատարան, որն անհասկանալի պատճառներով գործը վարույթ է ընդունել և արգելանք է դրել պայմանագիրը խզելու վրա: Դատարանի պատճառաբանությունը, որն Արմեն Ավետիսյանի պատճառաբանության կրկնությունն է, այն է, որ այդ պայմանագիրը խզելով՝ կողմերից մեկը, այս դեպքում՝ Արհմիությունը և աշխատակիցները, կարող են ինչ-որ հարցերով տուժել: Դա պայմանագիրը չխզելու հիմնավոր պատճառ չէ, քանի որ ցանկացած պայմանագրի խզում կարող է կողմերից մեկին դուր չգալ: Կա պայմանագրի խզման պայման, որը ես կատարել եմ. այն է՝ մյուս կողմին երեք ամիս առաջ տեղյակ պահելը: Նշեմ նաև, որ Արհմիության մուտքերն ավելի քան 30 տոկոսով նվազել են, որովհետև ավելորդ գումարներ մենք այլևս չենք փոխանցում: Դա է հիմնական պատճառը, որ նա աղմկում է. պակասել են դրամական հոսքերը, որոնք նա տնօրինում է:
- Արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը բարձրաձայնում է, որ իր շնորհիվ ԵՊՀ 30 աշխատակիցներ չեն ազատվել աշխատանքից: Արդյո՞ք ճիշտ է այդ պնդումը:
- Նրան ներկայացվել է ցուցակ, եթե չեմ սխալվում, 29 հոգու աշխատանքից ազատելու կամ այլ աշխատանքի տեղափոխելու վերաբերյալ: Նա չի տվել իր համաձայնությունը՝ չհիմնավորելով, թե ինչու: Ի դեպ, մինչ իմ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար դառնալը նրա նախագահության 13 տարիների ընթացքում չի եղել որևէ դեպք, որ նա անհամաձայնություն հայտնի մարդուն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Սա առաջին դեպքն է: Իսկ իրականում կրճատվելու էր 6 հոգի, և ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ այդ 6-հոգանոց ստորաբաժանումը որևէ օգտակար գործառույթ չունի համալսարանում: Էլի դատավարության պատճառով գործընթացը կասեցված է: Իրականում խոսքը 6 հոգու էր վերաբերում:
- Երկու օր առաջ էլ ԵՊՀ արհմիությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ առաջիկայում ԵՊՀ-ում սպասվում են զանգվածային կրճատումներ: Ձեր մեկնաբանությունը դրա մասին:
- Ես չգիտեմ՝ նա, զանգվածային ասելով, ինչ է հասկանում, դա 10, 20, թե 2000 հոգին է: Մի հիմնարկի համար 10-15 հոգին կարող է լինել զանգվածային, իսկ համալսարանի նման մեծ կազմակերպության պարագայում դա մեծ թիվ չէ: Իսկ իրականում սպասվում է հետևյալը. համալսարանում ուսանողության թիվը վերջին մի քանի տարվա ընթացքում 20 տոկոսով նվազել է, որը բերելու է դասախոսական հաստիքների նվազմանը: Այստեղ հաշվարկը շատ հստակ է. կա ուսանող, կա ժամ, կա դասախոսական հաստիք, և չկա ուսանող, չկա դասախոսական հաստիք: Այսինքն՝ այդ մասով կրճատումներ եղել են: Ես դասախոսական կազմի աշխատավարձը սեպտեմբերին առնվազն 10 տոկոսով կբարձրացնեմ, որովհետև կլինի ուսման վարձերի որոշակի բարձրացում, որը կուղղվի միայն դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը: Եթե վարչական կազմը կամ ուսումնաօժանդակ կազմը և կամ տնտեսական կազմը ցանկանում են, որ իրենց աշխատավարձերը նույնպես բարձրանան, ստորաբաժանումները պետք է օպտիմալացվեն: Դասախոսական կազմը չի կարող անընդհատ նվազել, իսկ ուսումնաօժանդակ, վարչական, սպասարկող անձնակազմը՝ ոչ: Հիմա եթե դա համարում են զանգվածային կրճատում, թող համարեն: Ես չեմ պատրաստվում ինձ վրա վերցնել կրճատման ամբողջ բեռը: Ես կստեղծեմ հանձնաժողով: Թող հանձնաժողովը որոշի՝ որ օղակներում ինչքան ավելորդ հաստիք կա, և թող հանձնաժողովն առաջարկի օպտիմալացման մեխանիզմ: Եթե մարդիկ ուզում են ավելի շատ գումար ստանալ, ապա համալսարանը պետք է օպտիմալացվի: Եթե ընդամենը պետք է ասվի՝ հանկարծ մարդ չկրճատվի, բայց աշխատավարձերը պետք է բարձրացվեն, այդ դեպքում թող ասեն, թե ինչ աղբյուրից բարձրացնենք աշխատավարձը: Այդ նույն Արմեն Ավետիսյանն ամպագոռգոռ առաջարկություն է արել աշխատակիցների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ: Թող 100 տոկոս հայտարարեր, եթե չէր նշելու աղբյուրը: Նման անպատասխանատու հայտարարություններ միշտ էլ կարելի է անել: Պետք է նշել, թե որտեղից: Կրճատումներ կլինե՞ն, թե՞ չեն լինի: ԵՊՀ-ն մեծ օրգանիզմ է, ավելի քան 2000 մարդ է աշխատում այստեղ, և բնական է, որ տարվա ընթացքում միշտ էլ փոփոխություններ լինում են: