Ամփոփվեցին միասնական քննությունների առաջին տասն օրվա<br /> արդյունքները<br />


Ամփոփվեցին միասնական քննությունների առաջին տասն օրվա
արդյունքները

  • 15-06-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամփոփվել են միասնական քննությունների առաջին տասն օրվա արդյունքները, որն հունիսի 13-ի ասուլիսում ներկայացրեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ այդմ, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաների միասնական քննություններին արձանագրվել են, համապատասխանաբար, 11.7, 12, 13 եւ 11.4 միջին միավորները: Նախարարը նշեց, որ նախորդ տարվա համեմատ նվազել է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննական միջին միավորը: Մինչդեռ «Անգլերեն» առարկայի քննության արդյունքների նախնական ամփոփումը վկայում է այն մասին, որ այս առարկայից դիմորդները կրկին բարձր միավորներ են ստացել: Այսպես, նախնական տվյալների համաձայն, օտար լեզվից քննություն հանձնած 8 հազար դիմորդներից 100-ը ստացել են 20 միավոր, իսկ ավելի քան 1000-ը` 18-19 միավոր: Ըստ Ա.Աշոտյանի, անգլերենի թեստերը համեմատաբար դյուրին են հաղթահարվել, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, որ թեստերը համեմատաբար մատչելի են եղել, երկրորդ` դիմորդներն այս քննությանն ավելի լավ են նախապատրաստվել: Բացի այդ, Ա.Աշոտյանը նշեց, որ հուլիսի 12-ին «Անգլերեն» առարկայի քննության ժամանակ առգրավվել են տասնյակից ավելի հուշաթերթիկներ: Նա չբացառեց, որ որոշ դիմորդներ արդեն հասցրել էին դրանցից օգտվել: Նախարարը հայտնեց, որ համապատասխան պատկան մարմինները զբաղվում են այդ հուշաթերթիկների սկզբնաղբյուրը եւ մեղավորներին բացահայտելու հարցով: Նշվեց, որ առաջիկա օրերին դիմորդները միասնական քննություն կհանձնեն «Ֆիզիկա», «Հայ ժողովրդի պատմություն», «Ռուսաց լեզու», «Քիմիա» առարկաններից: Ա.Աշոտյանը հայտնեց, որ մինչեւ հուլիսի կեսը նախարարությունը կկազամակերպի լրացուցիչ քննություններ` հարգելի պատփառներով բացակայածների, արտերկրում ուսումնական տարբեր ծրագրերով սովորողների, բանակից զորացրվածների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն