Հայ փախստականների տունդարձի իրավունքի միջազգայնացման հրամայականը.Շահան Գանտահարյան

14-12-2019 10:22:49   | Հայաստան  |  Վերլուծություն
 


Բաքվի կողմից Ղարաբաղի ադրբեջանական համայնքի բանակցություններին ներգրավման մասին կատարվող բարձրաձայնումները հակադարձություն են
պաշտոնական Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի հայկական կողմի առաջադրանքին: Փախստականների հարցը թեժ պահելու Բաքվի քաղաքականությունը պատմություն ունի: Այն ուղղված չէ միայն միջազգային ընտանիքին՝ ուշադրություն գրավելու, մարդասիրական զանազան ծրագրերից օգտվելու եւ միջազգային հանրային կարծիքի վրա զգայուն ալիքներ հաղորդելու համար:
 
Ուրեմն, ըստ ԵԱՀԿ 1992 թ. մարտի  24-ի Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են ՀՀ-ն, Ադրբեջանը, ինչպես նաեւ ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչներ: «Այլ»  ձեւակերպումը Բաքուն շահագործում է իր շահերից բխած մեկնաբանություններ հրապարակայնացնելով:
 
Երկրորդ. ՀՀ-ն եւ Արցախը երբեք չեն ընդունել ԼՂ ադրբեջանական համայնք ձեւակերպումը, թեեւ այդ համայնքի ներկայացուցիչները միշտ անուղղակի ձեւով ներկայացվել են բանակցություններին 1994-97 ժամանակահատվածում։ Այդ ներկայությունը եղել է ադրբեջանական պաշտոնական պատվիրակության մաս կազմելով: Իբրեւ անկախ միավոր ղարաբաղաադրբեջանական համայնքը երբեք չի մասնակցել որեւէ բանակցության: .
 
Ադրբեջանը երբեք չէ ընդունել ԼՂ-ի բանակցային կողմ լինելը, թեեւ բանակցել է եռակողմ ձեւաչափով 1994-97-ին:
Ադրբեջանի մարտավարությունը եղել է այն, որ կա՛մ  բանակցում են  ՀՀ-ն եւ Ադրբեջանը, հետեւաբար` ԼՂ հարցը տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ։ Կա՛մ, եթե ՀՀ-ն խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին, ապա ԼՂ-ում կա երկու համայնք:
 
Հայկական կողմի մեկնաբանությունը` ղարաբաղաադրբեջանական համայնքը բանակցային ձեւաչափին չներառելու առումով քաղաքականորեն ընկալելի է: Այդ կարգավիճակը ունեցող ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի ընտրություններին․ հետեւաբար բանակցող Ալիեւը ներկայացնում է նաեւ իրենց։
 
Այժմ ղարաբաղաադրբեջանական համայնքի անունով Թուրալ Գյանջալիևը, որը ներկայանում է իբրեւ այդ համայնքի նախագահ միջազգային ընտանիքի անուղղակի հասցեագրված ուղերձներ է հրապարակում, թե իրենք պատրաստ են հայերի հետ խաղաղությամբ գոյակցելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում  հակարմարտության լուծումից հետո։
 
Ադրբեջանը փորձում է լիարժեք օգտագործել փախստականների տունդարձի իրավունքի սկզբունքը, Ստեփանակերտի բանակցային սեղանի միացման առաջադրանքին հակադրելով  փախստականների միավորի մասնակցության անհրաժեշտությունը: Մինչդեռ փախստականների տունդարձի խնդիրը չի կարող միակողմանի բնույթ ունենալ: Անկախ նրանից, որ բանակցային կետերի այս հարցը ներառված է տարբեր փաստաթղթերում` մադրիդյան,
նորացված մադրիդյան, կազանյան, լավրովյան, թե ԵԱՀԿ-ի տարբեր հայտարարություններում:  Ադրբեջանից եւ հյուսիսային Արցախից բռնատեղահանված կամ ուղղակի Բաքվի կազմակերպած ջարդերից փախած հայ փախստականների թղթածրարը միջազգայնացման բոլոր նախադրեալներն ունի:
 
Հայկական կողմը բոլոր պատճառները ունի աշխուժորեն արծարծելու Բաքվի ջարդարար քաղաքականությա նիբրեւ հետեւանք հայ փախստականների տունդարձի իրավունքը, միջազգային տարբեր ատյաններում: Եւ այդ հարցի արծարծման առընթեր բարձրացնելու` Արցախի բռնագրավված տարածքների Արցախի Հանրապետության վերակցման առաջադրանքը:
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 924 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար