1991-ից ի վեր սեփականաշնորհման գործարքները պետք է ուսումնասիրվեն
21-12-2019 11:33:16 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պարոն Բաբաջանյան, առաջարկում եք ստեղծել 1991թ.-ից ի վեր սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ այսպիսի հանձնաժողովի ձևավորման։
Անկախացումից ի վեր Հայաստանում տեղի ունեցած սեփականաշնորհման գրեթե բոլոր գործարքները, հատկապես խոշոր, ռազմավարական նշանակության ձեռնարկությունների պարագայում, եղել են խնդրահարույց, հասարակության շրջանում կասկածներ են առաջացել դրանց առնչությամբ: Ժամանակը ցույց է տվել սեփականաշնորհված շատ ձեռնարկությունների անարդյունավետությունը, դրանց մի մասը կամ ընդհանրապես դադարել է գործել, կամ գործել է խիստ անարդյունավետ: Բացի այդ, հատկապես խոշոր օբյեկտների դեպքում սեփականաշնորհման գործարքները վերաբերել են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին՝ կապ, հեռահաղորդակցություն, էներգետիկա և այլն: Ու այդպիսով սեփականաշնորհման այդ գործարքներն ունեցել են նաև չափազանց կարևոր քաղաքական նշանակություն՝ ինչպես ներքին քաղաքական ստատուս քվոյի հաստատման, իշխանությունների համար հենարան հանդիսացող խոշոր սեփականատերերի խավի ձևավորման, այնպես էլ որոշ ձեռնարկությունների դեպքում արտաքին քաղաքական առումով: Չմոռանանք, որ անցած տասնամյակների ընթացքում տեղի ունեցած մասնավորեցման գործարքների արդյունքում են կասկածելի սեփականատերերի տիրապետության տակ անցել այնպիսի կենսական նշանակության ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, հեռահաղորդակցությունը, էներգետիկան և այն: Ընդ որում, դրանց մի մասը տարբեր գործարքների արդյունքում անցել է այլ պետությունների կամ օտարերկրյա ընկերությունների, ինչպես օրինակ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, կոնյակի գործարանը, արդյունաբերական շատ ձեռնարկություններ: Բոլոր այս կասկածելի, հաճախ խորհրդավորությամբ պատված գործարքների հետ կապված հասարակության շրջանում առկա կասկածները, անպատասխան հարցերը երբևէ պետք է պատասխան ստանան: Դա է քննիչ հանձնաժողով ստեղծելու իմ նախաձեռնության հիմնական դրդապատճառը:
Խորհրդարանական ուժերն արձագանքե՞լ են Ձեր նախաձեռնությանը։
Ես պաշտոնապես նամակով դիմել եմ խորհրդարանի երեք խմբակցություններին: Պաշտոնական պատասխաններ դեռևս չեմ ստացել: Սակայն անձնական զրույցների մակարդակում իմ նախաձեռնությունը ողջունող դրական արձագանքներ եմ ստացել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների իմ բազմաթիվ գործընկերներից, որոնց մեծ մասը պատրաստակամություն է հայտնել նաև մաս կազմելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Լիահույս եմ, որ այս դրական արձագանքները կստանան նաև պաշտոնական ձևակերպում, և արդեն խմբակցություններին հղված իմ նամակին ի պատասխան ես կստանամ խորհրդարանական ուժերի քաղաքական աջակցությունը հաստատող դիրքորոշումներ:
Ընդհանրապես կո՞ղմ եք, որ տարբեր հարցերի շուրջ ԱԺ քննիչ հանձնաժողովներ ձևավորվեն։ Որքանո՞վ է առհասարակ արդյունավետ այդ ձևաչափը, որքանո՞վ են մինչ այս պահն այն իրենց արդարացրել տարբեր խնդիրների համար ձևավորված հանձնաժողովները։
Քննիչ հանձնաժողովի ինստիտուտը նոր կառուցակարգ է, որը ներդրվել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Այսօր էլ մենք ունենք մի քանի հարցերի ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունավետության մասին դեռևս վաղ է գնահատականներ տալ, քանի որ ԱԺ-ի կողմից այդ հանձնաժողովներին տրված ժամկետները դեռևս չեն ավարտվել: Ձեր հարցի ենթատեքստը կարծում եմ ավելի շատ վերաբերում է նախկինում տարբեր հարցերի ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներին, որոնք չեն փայլել բարձր արդյունավետությամբ և հիմնականում գործել են տվյալ պահի քաղաքական թելադրանքի ու կոնյունկտուրայի տրամաբանության շրջանակներում: Փոքր-ինչ այլ է քննիչ հանձնաժողովների պարագան՝ ինչպես լիազորությունների շրջանակի, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխատանքի տրամաբանության առումով: Քննիչ հանձնաժողովների ինստիտուտն արդյունավետ գործիք է խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում և բնականաբար նպաստում է ԱԺ դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այդ առումով հույս ունեմ, որ մասնավորեցման հարցերի ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը, եթե քաղաքական աջակցության դեպքում ձևավորվի, զերծ կլինի այսրոպեական կոնյունկտուրայից և հատվածական քաղաքական շահերից ու կկարողանա տալ այն հարցերի պատասխանները, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ հուզել են մեր հասարակությանը: