Ես եկել եմ այստեղ աշխատելու, ոչ վարկանիշ բարձրացնելու, ոչ իջացնելու, ոչ միջինացնելու. Հայկ Մարության


Ես եկել եմ այստեղ աշխատելու, ոչ վարկանիշ բարձրացնելու, ոչ իջացնելու, ոչ միջինացնելու. Հայկ Մարության

  • 25-12-2019 15:13:49   | Հայաստան  |  Հասարակություն



Ես եկել եմ այստեղ աշխատելու, ոչ վարկանիշ բարձրացնելու, ոչ իջացնելու, ոչ միջինացնելու: 
 
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 
 
Ըստ նրա՝ այս պահին Երևանի քաղաքապետարանից առավել բաց հիմնարկ գոյություն չունի: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ են մամուլում տեղ գտած հրապարակումները, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին, Հ. Մարությանը նշեց, որ դարձյալ ապատեղեկատվություն է տարածվել: 
 
«Այս պահին ես չգիտեմ ճիշտն ասած, ինքը կապ ունի, թե ոչ այն առումով, որ կա ՍՊԸ. Եթե չեմ սխալվում «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել երկու մեքենա այս պահին: Մենք պայմանագիր ունենք կնքված իրենց հետ եռակողմ նվիրատվության մասին հինգ մեքենայի մասով, բայց այս պահին երկուսն են նվեր տվել: Քանի որ նոր է տեղի ունեցել այդ ընդունում-հանձնումը, այսօր կհրապարակենք այդ երկու մեքենան, որը մենք նվեր ենք ընդունել»,- ընդգծեց քաղաքապետը՝ հավելելով, որ մյուս մեքենաների մասին տեղեկությունը կհրապարակեն այն պահին, երբ փաստացի նվիրատվությունը փոխանցված կլինի: 
 
Այն դիտարկմանը, թե «Ջերմուկ Գրուպ»-ը հենց Արսենյաններին է, Հայկ Մարությանը նկատեց, որ ինքը Երևանի քաղաքապետն է, ոչ թե պետռեգիստրի աշխատող, ով պետք է ասի, թե որ ընկերությունն ում է պատկանում: 
 
Անդրադառնալով իր նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի կողմից լրատվամիջոցներից մեկի հրապարակման հիման վրա վարույթ հարուցելու փաստին՝ Երևանի քաղաքապետը նշեց. 
 
«Այստեղ երկու կոմպոնենտ կա. մի կոմպոնենտը կապված է լրատվամիջոցների հետ, մյուսը՝ այդ նորաստեղծ հանձնաժողովի հետ: Երբ հրապարակվեց օրաթերթի կողմից տեղեկատվությունը, նույն օրը բոլոր փաստաթղթերով դա հերքվեց մեր կողմից: Այնուամենայնիվ, այդ հանձնաժողովը վարույթ է հարուցել: Ես մի փոքր զրուցել եմ իմ իրավաբան գործընկերների հետ ու հետաքրքրվել, թե մինչև վարույթ հարուցելը չկա՞ նախաքննության փուլ, ասեցին՝ կա, պետք է նյութեր հավաքեն, նոր վարույթ հարուցեն: Վարույթ հարուցելուց հետո նոր դիմել են համապատասխան նյութերի պահանջով: Կարծում եմ այդքան ժամանակ, այդքան գումար, այդքան ռեսուրս պետական ծախսել են մի բանի վրա, որն ակնհայտ է: Ընդամենը 3000 դրամ կարող էին վճարել և պետռեգիստրում տեսնել, որ ես մինչև իմ քաղաքապետ դառնալը, այլևս այդ ընկերության տնօրեն չեմ հանդիսացել: Եթե այդ 3000 դրամը չկա, ես պատրաստ եմ իմ 400 հազար դրամ աշխատավարձից տրամադրել այդ կառույցին, որպեսզի ստուգեն»: 
 
Հիշեցնենք, ոչ «Ժողովուրդ» օրաթերթը հոդված էր հրապարակել՝ «Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի օրենք է խախտել» վերնագրով ու պնդել, թե 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր՝ «Երկուս ու կես» ՍՊԸ-ն: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն