Հեղափոխությունը դեռ պետք է տեղի ունենա, և պետք է դրա համար ներդնենք մեր հնարավորություններն ու ջանքերը
28-12-2019 11:22:11 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը
Պարոն Սահակյան, ամփոփում ենք 2019-ը։ Կառավարող ուժն այսօր որքանո՞վ ունի իրեն համարժեք ընդդիմություն։ Եվ որքանո՞վ է այդ ընդդիմությունը կարողանում ազդեցություն ունենալ իշխանության կայացրած որոշումների վրա։
Հանրային ընկալման տեսակետից ընդդիմությունը շա՜տ լայն հասկացություն է։ Ամեն մեկն իր պատկերացումներն ունի դրա մասին։ Ձեր հարցի ենթատեքստից ես հասկանում եմ, որ նկատի ունեք մի ուժ, որը կարող է կառավարող ուժին կաշկանդել չանել որոշակի քայլեր կամ ստիպել անել այնպիսիք, որոնք ինքն է ճիշտ համարում։ Այդ առումով, ցավոք, գործող սահմանադրությունը որևէ շանս չի թողնում կառավարության վրա այդպիսի ազդեցության համար։ Վիճակն ավելի տխուր է դառնում, երբ կառավարող ուժը ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունի։ Այսինքն՝ չկան փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմներ։ Այսպիսի պայմանների ստեղծումն, իհարկե, ներկայիս կառավարող ուժի ձեռքի գործը չէ, սակայն այն բարեհաջող օգտվում է ստեղծված պայմաններից։ Այնպես որ, համակարգում, երբ որևէ ուժ, անկախ իր ստացած քվեների քանակից, կարող է կայուն մեծամասնություն ունենալ խորհրդարանում և դրա բերումով կառավարություն և դատական համակարգ ձևավորել, անիմաստ է խոսել համարժեք ընդդիմության մասին։ Այդպիսի ուժը, բացի իր խիղճն ու բարոյականության սահմանները, այլ զսպող հանգամանք կարող է չունենալ։
Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները տնտեսական ցուցանիշներ են հրապարակում։ Երեկ էլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի նոյեմբերը խփեց տարվա ռեկորդը՝ 10․1 տոկոս տնտեսական ակտիվություն։ Որքանո՞վ եք դուք տնտեսական ակտիվություն նկատում, և արդյոք պե՞տք է ոգևորվել այս թվերով, թե ոչ։
Տնտեսական ակտիվություն, իհարկե, կա։ Սակայն որպեսզի երկու տարի առաջ տեղի ունեցածը չհանգեցներ տնտեսական ակտիվության որոշակի աճի, պետք էր շատ համառորեն աշխատել։ Պետք էր խիստ դիմադրել բնական երևույթներին, որպեսզի այդպիսի աճ չլիներ։ Կարելի է փաստել, որ դեռևս կանխատեսելիության պակաս կա։ Դեռևս նկարագրված չէ այն մոդելը, որին մենք ձգտում ենք։ Դրա մասին կարելի է ենթադրություններ անել։ Օրինակ, իրականացվող քայլերը կարող են տպավորություն ստեղծել, որ մենք գնում ենք Վրաստանի ճանապարհով։ Բայց Վրաստանի քաղաքացիներին այդ ճանապարհը բարեկեցության չհանգեցրեց, և այսօր արդեն տեսնում ենք, որ եղած նվաճումներն էլ պատմական կարճ ժամանակ հետո կորսվում են։ Մոտեցումները, որ հաճախ բարձրաձայնում է վարչապետը, թե կառավարությունը պայմաններ է ստեղծելու, իսկ շուկան անտեսանելի ձեռքի միջոցով ինքնակարգավորվելու է, տանում են ձախողումների։ Դրա օրինակը կարելի է տեսնել ոչ միայն Վրաստանում, այլ աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ օրինակներով։ Նույնիսկ բարեկեցիկ համարվող երկրներում, որոնցից է, օրինակ, Ֆրանսիան, այդ մոտեցումները ճգնաժամերի է հանգեցնում, որի արտացոլումն է դեղին բաճկոնավորների պայքարը։ Այնպես որ, ներկայացվող թվերից ոգևորվել պետք չէ, առավել ևս, եթե ոգևորվողը նաև շուտ հիասթափվող է։
Պարոն Սահակյան, ողջ տարվա ընթացքում հայտարարված տնտեսական հեղափոխությանը ո՞ր չափով մոտեցանք կամ հասանք։
Կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ իրականացված փոփոխություններն, ի վերջո, հանգեցնելու են տնտեսական հեղափոխության։ Գիտե՞ք, երբ հայտնի չէ, թե ինչ ասել է տնտեսական հեղափոխություն, կարելի է պնդել, որ 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ տնտեսական հեղափոխություն է։ Դա արհեստածին բառակապակցություն է, որի տակ ինչ ասես կարող է հասկացվել, և տնտեսական հեղափոխության արդյունքը կախված է բացառապես այն ստեղծողի վառ երևակայությունից։ Օրինակ, տնտեսական հեղափոխություն հռչակողը կարող է պնդել, որ եթե հաշվետու տարում հանրապետության տարածքում 100.000-ով ավելի ՀԴՄ կտրոն տպվի, քան նախորդող նման ժամանակահատվածում, ապա տնտեսական հեղափոխությունը տեղի է ունեցել։ Քանի որ հստակ սահմանված չէ, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն, ապա հնարավոր էլ չէ չափորոշիչների որոշակի ֆիլտրով անցկացնել և հաստատել կամ հերքել նման պնդումը։
Իմ անձնական ընակլումներն այնպիսին են, որ իրականացրած կամ նախատեսվող քայլերով հնարավոր չէ տնտեսության մեջ որևէ կտրուկ դրական, հեղափոխական համարվող փոփոխության հասնել, քան տեղի է ունենում հիմա՝ բնական փոփոխություններին չդիմադրելով կամ նվազ դիմադրելով։ Այդպես են գտնում նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը կազմողները, որոնք տարեկան ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսում և 2020 թվականի պետական բյուջե կազմողները, որոնք հաջորդ տարում նույնիսկ ստվերի կրճատում չեն կանխատեսել։
Կառավարող ուժը ո՞ր ոլորտներում հաջողեց, ըստ Ձեզ, և ո՞ր ոլորտներում ձախողեց կամ չկարողացավ բարեփոխումներ իրականացնել։
Ըստ իս, չհաշված մարտավարական որոշ թերություններ, հաջողված է արտաքին քաղաքականությունը։ Մասնավորապես, Արցախի խնդրի կարգավորման պրոցեսում էական դրական տեղաշարժեր են նկատվում սկզբունքային դիրքորոշումների որդեգրման առումով։ Կարծում եմ՝ նման սկզբունքային դիրքորոշումներ որդեգրելը հաջողության տանող ճանապարհ է։ Ցավով պետք է արձանագրել, որ տպավորություն կա, թե արտաքին գործերի նախարարն ինքը մեր դիրքորոշումներին չի հավատում ու անընդհատ փորձում է արդարանալ դրանց համար։ Այդպիսի վախվորած քաղաքականությունը նախորդ քաղաքական համակարգի համար էր բնորոշ և անպատեհ է ներկա իրողությունների պայմաններում։
Կարելի է հաջողված համարել ճանապարհների վերանորոգման աշխատանքները, դրանց ծավալները, որոնք հեշտացնում են քաղաքացու կյանքը, հաճելի դարձնում առօրյան։ Սակայն նույնը չի կարելի ասել այլ ենթակառուցվածքների մասին։
Կարող եմ առանձնացնել Երևանի ավագանու աշխատանքը։ Անզեն աչքով էլ երևում է, որ ավագանին եզակի հետևողականություն է ցուցաբերում հանրային շահի լավագույն սպասարկման գործում։ Այստեղ շատ դժվարությամբ է քաղաքի կառավարման գործադիր հատվածը փորձում ավագանուն համապատասխանել նշված չափորոշիչով։ Ակնհայտ են բազմաթիվ էական թերացումները, որոնք նաև մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել։
Մնացած մասով ուրախանալու և կտրուկ փոփոխություններ արձանագրելու առանձնակի հնարավորություն չկա։ Ցավոք, ձախողումների մասին խոսելու ավել շատ առիթներ են եղել։ Ակնհայտ է հանրային կառավարման ոլորտի մարտահրավերներին կառավարող ուժի անպատրաստ լինելու հանգամանքը, ինչի մասին վերջերս բավականին էմոցիոնալ խոսեց նաև վարչապետը։ Անձնապես ինձ համար ձախողումներից էականներն են այնպիսի բարեփոխումների բացակայությունը, որոնք բխում էին հեղափոխական օրակարգից։ Դրանք վերաբերում են նոր իրողություններն արտացոլող, լեգիտիմ սահմանադրության ընդունմանը, քաղաքական համակարգի փոփոխություններին, ապօրինի կուտակված սեփականության հետ կապված հարցերի կարգավորմանը, դատական համակարգի ազատականացմանը, արդարադատության իրականացմանը, ուղիղ ժողովրդավարության տարրերի մասին խոսակցությունների և դրանից բխող կարգավորումների բացակայությանը։ Մի ամբողջ տարի կառավարությունն ու հանրությունը այսպիսի կարևոր գործերը թողած, զբաղված էր Ռոբետ Քոչարյանի խափանման միջոցի և Հրայր Թովմասյանի պաշտոնի հետ առնչվող հարցերի քննարկմամբ։ Այնպես որ, հեղափոխությունը դեռ պետք է տեղի ունենա, և մենք պետք է դրա համար ներդնենք մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը։