Նպաստների ինստիտուտը մարդուն ներքաշեց աղքատություն, որը ունեցավ սերնդե-սերունդ փոխանցվելու հատկություն


Նպաստների ինստիտուտը մարդուն ներքաշեց աղքատություն, որը ունեցավ սերնդե-սերունդ փոխանցվելու հատկություն

  • 10-01-2020 13:31:05   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
 
 
Տիկին Տիգրանյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը բազմոցին պառկած մարդու աղքատությունը չի հաղթահարելու։ Նման հայտարարությունները նպաստո՞ւմ են, որ նման մարդիկ աշխատելու խթան ունենան։ 
 
Ես ամբողջությամբ կիսում եմ տեսակետը, որ միայն սեփական ջանքով և աշխատանքով կարելի է ստեղծել բարեկեցություն։ Մարդիկ, որոնք ոչինչ չեն ձեռնարկում իրենց վիճակը փոխելու ուղղությամբ, ընդամենը բողոքավորի դերում են, բնականաբար, նրանց կյանքում դրական ոչինչ չի կարող փոխվել, որովհետև պետությունը որքան էլ ջանա, որքան էլ խրախուսի, իրենք որևէ նախաձեռնողականություն չեն դրսևորում։ Երկար ժամանակ խոսվել է նաև նպաստների ինստիտուտի մասին, որը մեր երկրում, ըստ էության, հակառակ էֆեկտն ունեցավ։ Նպաստների ինստիտուտը ոչ թե նպաստեց, որ կարիքավոր մարդը վերագտնի իրեն, ֆինանսապես ցնցումներ քիչ ապրի և կարողանա հաղթահարել աղքատությունը, այլ ավելի խորացրեց, մարդուն ներքաշեց դեպի աղքատություն, որը ունեցավ սերնդե-սերունդ փոխանցվելու հատկություն։
 
Հիմա խոսվում է, որ նպաստների ինստիտուտը լուրջ վերանայման կարիք ունի, ընդհուպ խոսվում է այն վերացնելու մասին։ Դուք դրան կողմնակի՞ց եք, արդյոք դա լուրջ ցնցումների չի հանգեցնի։
 
Այստեղ երկու հարց կա. նախ պետք է նպաստի ինստիտուտի հասցեականությունը հստակեցնել, ինչը կնշանակի, որ կարող է բացահայտենք, որ չունենք այնքան նպաստառուներ, որքան գրանցված են բազայում։ Եվ պետք է հասցեականացնել այդ օգնությունը կոնկրետ ընտանիքի այն անդամին, որն ունի դրա կարիքը։ Եթե անձը չափահաս է և աշխատունակ, կարծում եմ՝ նա երբևէ նպաստառու չպետք է համարվի, որովհետև դա նրան ուղղակի ապամոտիվացնում է աշխատանք փնտրելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ նպաստառու համարվող քաղաքացին եթե անցնի աշխատանքի, ապա առաջին 6 ամսվա ընթացքում նրա նպաստը չի ընդհատվի։ Սա նշանակում է, որ մարդը չի ունենա մտավախություն, որ եթե աշխատանք գտնի, կզրկվի նպաստից։ Մինչև հիմա հաճախ մարդը նպաստը գերադասում էր աշխատանքից։ Հիմա պետությունը, հետևելով իր հռչակած քաղաքականությանը, գնում է այն ճանապարհով, որ առաջին 6 ամսվա ընթացքում մարդը շարունակի ստանալ նպաստ, որպեսզի ինքը նաև այդ ադապտացիոն շրջանից դուրս գա և նաև ֆինանսական ցնցումներ քիչ զգա։ Դա կխրախուսի, որ նպաստին զուգահեռ մարդը փորձի գտնել աշխատանք։ Ես այլ ճանապարհ չեմ պատկերացնում, քան այն, որ մարդը պետք է իր սեփական աշխատանքով իր համար բարօրություն ու կեցության բավարար պայմաններ ստեղծի։
 
Կառավարությունը երեկ որոշում կայացրեց, որ այս տարվա հուլիսի 1-ից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի համար միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 հազար դրամ։ Այսպիսի որոշումները կօգնե՞ն ժողովրդագրական խնդիր լուծել, թե ոչ։ Որքանո՞վ է  այս որոշումը նպաստելու ծնելիության աճին։
 
Միանշանակ նպաստելու է, բայց ասեմ, որ սա համընդհանուր ծրագրային փաթեթի ընդամենը մեկ բաղադրիչն է։ Կառավարության նույն նիստում հաստատվեց, որ ոչ միայն աշխատող մայրերը երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում առաջին 2 տարում ստանալու են նպաստ, այլ նաև գյուղական համայնքներում չաշխատող մայրերը։ Ընդ որում՝ ստանալու են ոչ թե 18 հազար դրամ, այլ 26.500 դրամ։ Սա գյուղական համայնքներում դեմոգրաֆիական առումով շատ կարևոր դերակատարում ունի։ Վերջին վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ ծնելիությունը քաղաքներում աճել է, իսկ գյուղական համայնքներում՝ նվազել։ Սա պայմանավորված է գյուղական համայնքներում կանանց զբաղվածության ցածր մակարդակով։ Այս մեկ բաղադրիչով պետությունը խթանում է գյուղական համայնքներում ծնելիությունը։ Բայց սրան զուգահեռ կան նաև այլ ծրագրեր, որոնք աշխատող մայրերին հնարավորություն են տալիս երեխայի խնամքի խնդիրները հոգալ դայակի ինստիտուտի միջոցով և վերադառնալ աշխատանքի։ Որքան գիտեմ՝ այս տարի 477 շահառու ներգրավված է այդ ծրագրում։ Դա նշանակում է, որ կանայք կարող են հաջողությամբ իրենց մասնագիտական ունակությունները համատեղել մայրության հետ։ Մայրությունը երբևէ չպետք է խոչընդոտի կնոջը վերադառնալ աշխատանքի և համալրել աշխատող քաղաքացիների շարքերը։
 
Նախորդ տարի շատ խոսվեց հայրենադարձության մասին օրենք ունենալու անհրաժեշտության մասին։ Խոսվեց, որ արտերկրում բնակվող հայերի հոսք կլինի դեպի Հայաստան։ Որքանո՞վ է իրատեսական կանխատեսումը, որ 2050 թվականին կարող ենք ունենալ 5 մլն բնակչություն։
 
Ես իրատեսական եմ համարում այդ թվերը, դրանք ինձ համար չափազանցված չեն, բայց նաև պետք է  հաշվի առնել, որ իր ծրագրերում պետությունը չպետք է իր նշաձողը դնի այսօրվա իր հնարավորությունների սահմաններին համապատասխան, նա պետք է իր տեսլականը դնի որպես զարգացող երկիր, թե ինչպիսին ես ուզում լինել: Հետևաբար քո ծրագրերը պետք է ավելի հավակնոտ լինեն, որպեսզի դու ձգտես դրանց հասնելու: Այստեղ ոչ միայն ներգաղթի, հայրենադարձության խնդիրն է, այլ նաև  ծնելիության խնդիրն է: Ես ուրախությամբ եմ լսում, որ իմ շրջապատում կան մարդիկ, որոնք 3-րդ ու 4-րդ երեխաների մասին են մտածում կամ արդեն ունեն: Սա նշանակում է, որ մարդու մոտ ստեղծվել է կայուն տնտեսական վիճակ, նա վստահ է, որ կարող է բարեկեցություն ապահովել իր զավակների համար և վստահաբար գնում է այդ քայլերին: Մեկ ընտանիքի օրինակով կարող ենք անալոգիա անել պետության համար, այսինքն մարդը այս պետության մեջ տեսնում է իր մնալու, կայանալու, զարգանալու հեռանկարը: Հետևաբար, այն բոլոր բարեփոխումները, որ արվում են սոցիալական ոլորտում, ի վերջո, նաև նպաստում են ընտանիքի՝ որպես հասարակության հիմնական օղակի, կայացմանը, նաև ծնելիության աճին, որով կլուծենք դեմոգրաֆիկական խնդիրը:
 
Հայրենադարձության մասին խոսելիս չպետք է շատ երազային, ուտոպիստական լինենք, ու մտածենք, որ մարդիկ, որոնք ծնվել ու մեծացել են արտերկրում, արդեն իսկ այնտեղ ստեղծել են իրենց գործունեության համար բարենպաստ միջավայր, կկարողանան մեկ օրում հեշտությամբ հաղթահարել այդ ամենը, մեկ օրում բոլոր կապերը կտրել ու գալ Հայաստանում ամեն ինչ սկսել զրոյից: Դա նշանակում է, որ մենք նաև պետք է թիրախային սերնդի հետ գործ ունենանք: Բնականաբար, ավելի հեշտ ադապտացվում են երիտասարդները, որոնք դեռ չեն ստեղծել իրենց բիզնեսը, տարբեր բիզնես և գործընկերային կապերով կապված չեն: Միջին ու ավագ տարիքի մարդկանց համար տնտեսական շահերի կենտրոնը նրանց համար Հայաստանը չէ, և նրանց համար դժվար կլինի Հայաստանում նոր գործ, նոր բիզնես դնելը: Բացի այդ, որոշակի տարիքից հետո մարդը ձգտում է կայունության, և նա չի կարող իրեն հարմարավետ զոնայից դուրս գալ: Այս առումով ես գիտեմ օրինակներ, որ շատ երիտասարդներ վերադարձել են Հայաստան: Հենց նրանց երիտասարդ լինելն է, որ նպաստել է դրան, նրանք կարող են նման քայլերի գնալ: Նրանց օրինակը որպես հաջողված պատմություն կարող է կիրառվել մյուսների դեպքում: Հետևաբար, ես երբևէ չեմ մտածել, որ հայրենադարձությունը օրենք գրելու ուժով պետք է լինի, որ եթե կա օրենք, այդ փաստի ուժով մարդիկ հետ կգան: Դա լինում է աստիճանաբար, վստահություն ստեղծելով տվյալ երկրի հանդեպ, տնտեսական աճ գրանցելով, կայունություն, հանդարտություն, խաղաղություն ապահովելով: Այս ամենը գրավական է, որ մարդիկ հետ կգան իրենց հայրենիք, իրենց արմատներին, իրենց երեխաների ապագան այստեղ կերտելու:

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ