Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են Ա-330-ի 41 զոհվածների
մարմինները
10-06-2009 17:15:00 | Բրազիլիա | Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որոնողական ջոկատները
հայտնաբերել են «Էյր Ֆրանս» ֆրանսիական ավիաընկերության Ատլանտյան
օվկիանոսում հունիսի 1-ին անհետացած Ա330 ինքնաթիռի զոհված 41
ուղեւորների մարմինները, տեղեկացրել են Բրազիլիայի ՌՕՈՒ եւ ՌԾՈՒ
ներկայացուցիչները:
Վաղօրոք հաղորդվել էր ինքնաթիռում եղած 228 մարդուց 28
զոհվածների մարմինները հայտնաբերելու մասին:
«Էյր Ֆրանսի» 447 չվերթը օդ էր բարձրացել Ռիո դե Ժանեյրոյի
միջազգային օդանավակայանից եւ պետք է վայրէջք կատարեր Փարիզի Շառլ
դը Գոլի անվան օդանավակայանում: Ինքնաթիռի հետ կապը խզվել էր
թռիչքից չորս ժամ անց, երբ օդանավը գտնվում էր Ատլանտյան օվկիանոսի
վրա: Այս աղետը ամենախոշորն էր «Էյր Ֆրանսի» 75-ամյա պատմության
ընթացքում: