Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր


Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

  • 14-01-2020 18:35:48   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն և Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես զրույցի առանցքում հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք հերթական նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերն էին։
 
Վարոս Սիմոնյանը, ով հանդիսանում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։ Էկոնոմիկայի փոխնախարարը նաև  գոհունակություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու առիթով։
 
Շնորհակալություն հայտնելով Վարոս Սիմոնյանին հանդիպման համար, դեսպան Բեդրիխ Կոպեցկին առաջարկել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել մարտին՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Նա հավելել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն գործարարներ, ինչը թույլ կտա կազմակերպել նաև B2B ձևաչափով հայ և չեխ գործարարների հանդիպումները։ Չեխիայի դեսպանը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովան է։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մեկնարկել հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները։
Նոյյան տապան  -   Տնտեսություն