Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից առաջ և հետո
17-01-2020 11:48:07 | Հայաստան | Հարցազրույցներ
Հարց. Պարոն Մնացականյան, ուզում էի իմանալ, թե ի՞նչ քննարկումներ են լինելու այս նիստում, և արդյո՞ք դա վերաբերելու է ռուսական կառավարության հրաժարականին:
Զոհրաբ Մնացականյան. Սրանք պարբերական բնույթ կրող հանդիպումներ են. այս անգամ քննարկումների հրավիրել է «Իմ քայլը» խմբակցությունը, և ես ուրախությամբ այն ընդունել եմ: Մեր քննարկման թեմաները բավական լայն են, որովհետև դրանք բոլորը վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին արտաքին ոլորտի մասով, և այն գործունեությանը, որը մենք վարում ենք արտաքին ոլորտում: Դա բավական լայն օրակարգ է, որը վերաբերում է մեր երկրին, մեր տարածաշրջանի շուրջ զարգացումներին, մեր գործունեությանը տարբեր ուղղություններով, մեր գործընկերների հետ...
Հարց. Պարոն Մնացականյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի և Մերձավոր Արևելեքի զարգացումները:
Զոհրաբ Մնացականյան. Մենք արդեն արտահայտվել ենք այդ հարցով: Արտաքին գործերի նախարարությունը մշտապես տեղեկացնում է հասարակությանը: Բնականաբար մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը մեզ հարևան տարածաշրջանում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ անմիջապես հարևանության մեջ լինելով և ունենալով մի իրավիճակ, երբ մեր անմիջական գործընկերները ունեն տարաձայնություններ, և դա նաև ազդեցություն ունի մեր տարածաշրջանի, տարածաշրջանային անվտանգության և մեր երկրի անվտանգության վրա. ի վերջո սա մեր հարևանությամբ է տեղի ունենում: Այդ առումով երկրի ներսում՝ Հայաստանում, համակարգված աշխատում է մեր ազգային անվտանգության ողջ համակարգը, որպեսզի մենք պատրաստ լինենք: Միաժամանակ մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ: Դուք նկատել եք, որ մենք համապատասխան հեռախոսազրույցներ ենք ունենում. մեր դիվանագիտական անձնակազմը բոլոր ուղղություններով շատ ակտիվ աշխատում է: Մենք իրապես հույս ունենք, որ միայն խաղաղ, բանակցային ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը, և խուսափել որևէ զարգացումներից, որոնք տանում են էսկալացիայի:
Հարց. Պարոն Մնացականյան, Ազգային ժողովում վարչապետը տարեվերջին հայտարարեց, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա: Եթե այդպես է, ապա զրոյից ե՞ն սկսվելու բանակցությունները:
Զոհրաբ Մնացականյան. Ոչ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին: Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, իսկ 25 տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել բանակցային գործընթացի ամենագործուն և ամենաարդյունավետ, միջազգայնորեն ճանաչված շրջանակը, այդ գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ: Այդ ամենի մեջ մեզ համար չափազանց էական և սկզբունքային է՝ համադրել այդ բազմաթիվ պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն են գտնում մեզ համար առաջնային, գերակա դիրքորոշումները:
Հարց. Առաջիկայում սպասվո՞ւմ է հանդիպում Էլմար Մամեդյարովի հետ:
Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, բանակցային գործընթացը շարունակական է: Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել: Հակառակը, մենք շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում: Ես առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, որ այն օրվանից, երբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը՝ 2018 թ. մայիսից, որևէ պահ չի եղել, որ մենք հետաձգենք գործընթացը: Անցյալ տարվա ընթացքում եղել են բավական ակտիվ աշխատանքներ, նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, ղեկավարների մակարդակով պաշտոնական հանդիպում եղել է մարտին, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Գործընթացը շարունակվում է: Գիտեք, որ մենք հանդիպման մասին համանախագահների միջոցով միաժամանակ ենք հայտարարում:
Հարց. Վերջին հանդիպումից հետո շատ սուր հարցազրույցով հանդես եկավ Էլմար Մամեդյարովը: Դա հետագա գործընթացի վրա ինչպե՞ս կանդրադառնա:
Զոհրաբ Մնացականյան. Ինձ վրա դա չի անդրադառնա: Մենք բանակցություններից չենք խուսափում:
Հարց. Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվո՞ւմ է:
Զոհրաբ Մնացականյան. Դեռևս վաղ է խոսել նման բանի մասին: Մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել:
Հարց. Պարոն նախարար, կխնդրենք ներկայացնել՝ պատգամավորներին հիմնականում ի՞նչ հարցեր էին հետաքրքրում:
Զոհրաբ Մնացականյան. Քննարկումը փակ էր. բնականաբար, պետք է հարգել այդ ֆորմատը: Բայց խոսեցինք հիմնականում նրա մասին, ինչ ասել եմ նախքան հանդիպման մեկնարկը: Ես միանշանակ բարձր եմ գնահատում նման հանդիպումների արդյունավետությունը, նաև խորհրդարանական հարթակը, որը եղել և մնում է շատ կարևոր մեզ համար, որտեղ նաև դիվաագիտությունն է երևում: Ի դեպ, խորհրդարանական դիվանագիտությունը բավական կարևոր ակտիվ ուղղություն է, և այստեղ մեր համագործակցությունը և շփումները մեծ նշանակություն ունեն. սա այդ լրացուցիչ հարթակն է: Իհարկե, մենք և հանձնաժողովներով, և խորհրդարանական խմբերով, տարբեր մարմիններում պատվիրակություններով՝ լինի դա ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ կամ մյուսները, բոլոր ձևաչափերում իրականացնում ենք այս գործառույթը: Խմբակցությունների հետ նման ձևաչափով հանդիպումներ նույնպես իրականացնում ենք, որպեսզի ավելի ամրապնդենք ընդհանուր արտաքին քաղաքականության իրականացման այդ էֆեկտիվությունը, որտեղ խորհրդարանական հատվածը ունի իրականացնելու իր կարևոր աշխատանքը:
Հարց. Պարոն նախարար, կխնդրեի ներկայացնել՝ գերիների փոխանակման մասով ինչ նորություններ կան: Արդյո՞ք շարունակվում է գործընթացը:
Զոհրաբ Մնացականյանը. Այս հարցը ինձ համար չափազանց զգայուն է, և շատ վատ եմ ընդունում այն, որ մենք ունենք այս իրավիճակը, բայց, դժբախտաբար, դեռևս այս պահին ես ոչինչ չունեմ ասելու:
Հարց. Գործընթացը շարունակվում է՞:
Զոհրաբ Մնացականյան: Իհարկե, գործընթացը շարունակվում է:
Հարց. Ռուսաստանի կառավարության փոփոխությունը ինչ-որ ձև կարո՞ղ է ազդել Հայ-ռուսաստան հարաբերությունների վրա:
Զոհրաբ Մնացականյան: Հայ-ռուսական հարաբերությունները ունեն բավական ամուր հիմքեր և բավական հարուստ օրակարգ: Այդ հարուստ օրակարգի շրջանակներում և մեր բոլոր ձևաչափերում մեր աշխատանքները շատ էֆեկտիվ են, շատ ակտիվ, և մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատում ենք:
Հարց. Կարող եք հստակեցնել, արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:
Զոհրաբ Մնացականյան. Կխնդրեմ հարգենք այն մոտեցումը, որ միաժամանակ ենք հայտարարում: Բայց ինչպես նշեցի, մենք չենք խուսափում, և բնականոն բանակցային գործընթացն անհրաժեշտ է շարունակել, անհրաժեշտ է միշտ ներգրավված լինել և աշխատել: Այդ տրամաբանության մեջ, երբ կհամաձայնացնենք բոլոր անհրաժեշտ մանրամասները հանդիպման հետ կապված, կհայտարարենք: