Հայ ավետարանչական ընկերակցությունը 12000 երեխայի Սուրբծննդյան նվերներ է բաժանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20-01-2020 16:59:18 | Հայաստան | Բարեգործություն
Արդեն ավանդույթ է դարձել, երբ Հայաստանի հայ ավետարանչական ընկերակցությունն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոները նշանավորում է ոչ միայն տոնական միջոցառումներով, այլև մանկական ներկայացումներով:
Այս օրերին ընկերակցության Բաղրամյան 18 հասցեում տեղակայված դահլիճը լեփ-լեցուն էր: Այստեղ հյուրընկալված փոքրերի ու նրանց ուղեկցող ծնողների համար «Հայասա» թատերախումբը խաղում էր «Երեք զամբյուղ» խորագրով բեմադրված ներկայացումը:
Կամավորներից ձևավորված թատերախումբը բեմից հավաքվածներին էր փոխանցում Սուրբ Ծննդյան խորհուրդը, այն է՝ Աստծո սերը մեկ ուրիշին փոխանցելու, մարդկանց անշահախնդիր ուրախություն պարգևելու գաղափարը:
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության միջոցառումներից փոքրիկներն ու նրանց ծնողները հեռանում են տպավորված ու գեղեցիկ փաթեթավորված նվերներով:
Միայն այս տարի բաժանվել է 12000 նվեր, որոնք պատրաստվել են աշխարհի տարբեր վայրերում ապրող ընկերակցության անդամների նվիրատվությունների շնորհիվ: