Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպանդանոցային սպանդ

21-01-2020 18:23:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպանդանոցային սպանդ։ 
 
Գործող իշխանությունը ոչ միայն ռազմավարական հարցերում, այլև առհասարակ շարունակում է մերժել հարցերը համակարգային կերպով լուծելու մեթոդը:
Նման մոտեցման հետևանքով գրեթե ամեն շաբաթ ականատես ենք լինում արդարացի բողոքի ակցիաների:
 
Ծննդատներ փակելու ապիկար որոշմանը հաջորդեց չկշռադատված մեկ այլ որոշում՝ այս անգամ պարտադիր սպանդանոցային սպանդի վերաբերյալ, որի կարգն, ի դեպ, ընդունվել էր նախկինների օրոք, բայց չէր կիրառվում:
 
Ինչպես միշտ,
կառավարությունն այս որոշումը կայացրել է առանց շահագրգիռ կողմերի, տվյալ դեպքում առաջին հերթին՝ անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, հետ քննարկման:
 
Բացի այդ, դարձյալ ինչպես միշտ, չի կատարել անհրաժեշտ հաշվարկներ, հաշվի չի առել փոքր և միջին տնտեսվարողների ծանր վիճակն ու պայմանները, նրանց նկատմամբ խոշորների մենաշնորհային դիրքի էլ ավելի ուժեղացումը, մթերման համակարգի բացակայությունը, սանիտարական և անասնաբուժական համակարգի անմխիթար վիճակը, սպանդանոցների արտադրողականությունը, դրանց անբավարար քանակությունը և շատ գյուղերից զգալի հեռավորությունը, ինչպես նաև շատ այլ կարևոր հանգամանքներ:
 
Մինչդեռ՝ առանց նշված պայմանները բավարարելու և դրանց հետ կապված պրոբլեմները լուծելու, պարտադիր սպանդանոցային սպանդի պահանջը գրեթե անհնար է դարձնում մսամթերքի արտադրությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների հետագա գործունեությունը:
 
Մեր զորակցությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին, իսկ գործող իշխանությանը կոչ ենք անում լսել նրանց, բավարարել նրանց արդարացի պահանջները և պարտադիր սպանդանոցային սպանդի կարգը կիրառել միայն դրա համար բավարար պայմաններ ապահովելուց հետո:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
21 հունվար 2020 թ., Երևան
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար