ԵՊՀ-ն շարունակական կառույցի խորհրդանիշ է, որը մեզ փոխանցվել է Առաջին հանրապետությունից


ԵՊՀ-ն շարունակական կառույցի խորհրդանիշ է, որը մեզ փոխանցվել է Առաջին հանրապետությունից

  • 01-02-2020 11:18:16   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am -ի զրուցակիցն է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
 
Պարոն Մելքոնյան, մամուլը գրում է, որ մարտին սպասվող ԵՊՀ ռեկտորի ընտրություններին Դուք նույնպես մտադիր եք մասնակցել։ Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել։
 
Նախ՝ ես չեմ հայտարարել, որ անպայման մասնակցելու եմ, պարզապես չեմ բացառել իմ մասնակցությունը։ Լինելով գիտական դաշտի ներկայացուցիչ՝ ես ուզում եմ ավելի փաստարկված խոսել, ուստի երբ ռեկտորի ընտրության հայտարարությունը կհրապարակվի և առաջադրումները կլինեն, նոր դրանից հետո կարող եմ հանդես գալ որպես թեկնածու։ Այս պահին ուղղակի կարող եմ ասել, որ չեմ բացառում իմ մասնակցությունը ընտրություններին և դրա համար միգուցե ունեմ որոշ պատճառներ։ Առաջին՝ տեսլականը համալսարանի զարգացման, երկրորդ՝ իմ վարչական փորձը, քանի որ 10 տարուց ավելի եղել եմ դեկան ու դեկանի տեղակալ՝ ղեկավարելով ամենակարևոր ֆակուլտետներից մեկը, կրթական տարատեսակ հարցերի շուրջ իմ փորձառությունը և մոտեցումները, ինչպես նաև այն պատկերացումները, թե  իրատեսության շրջանակներում ինչ կարելի է անել համալսարանի զարգացման համար։ Սրանք միգուցե այն դրդող հանգամանքներն են, որոնք ինձ ստիպում են ասել, որ ես չեմ բացառում իմ մասնակցությունը։
 
Ձեր կարծիքով՝ լրջագույն պայքար կլինի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար՝ հաշվի առնելով, որ, օրինակ, պաշտոնակատարի ընտրության ժամանակ պայքարը երկու հոգու միջև էր։
 
Դեռ առաջադրումներ չկան, երբ կլինեն, նոր կարող ենք ասել, թե ինչպիսի մրցակցություն կլինի։ Բայց ես տրամադրված եմ կարծելու, որ այդ մրցակցությունը լինելու է հանուն համալսարանի, ոչ թե ընդդեմ։ Դա ավելի շատ լինելու է ծրագրերի, մոտեցումների մրցակցություն։ Եվ ի վերջո, դա մայր բուհի ռեկտորի ընտրություններ են, և մրցակցությունը, բնականաբար, պետք է ձևավորվի ակադեմիական գրված ու չգրված օրենքների շրջանակներում, կոլեգաների փոխադարձ հարգանքի գաղափարի հիման վրա։
 
Հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որ կային նախորդ ռեկտորի ժամանակ և հիմա էլ լուծում չեն ստացել, Դուք պատրա՞ստ եք դրանց լուծում տալ, եթե դառնաք ռեկտոր։
 
Ինձ համար ամենակարևորն իրատեսությունն է, որովհետև, իրոք, բազմաթիվ, տարբեր ոճի խնդիրներ կան կուտակված և, իհարկե, դրանք միանգամից լուծել հնարավոր չէ։ Բայց ես կարծում եմ, որ իրատեսական քայլեր կան, որոնք կարող են արվել։ Խնդիրների մի մասը կարող են լուծվել, մի մասը՝ նախադրյալներ ստեղծել լուծումների համար, մի մասի համար մասնակի լուծումներ գտնել։ Համալսարանը մեծ օրգանիզմ է և կարծում եմ, որ հայտարարել, որ այն կարճ ժամանակում դառնալու է աշխարհի առաջին տասնյակում ընդգրկված համալսարան, այնքան էլ ճիշտ չի լինի։ Բայց, կարծում եմ՝ կան լուրջ ռեսուրսներ համալսարանում կուտակված, լավ ավանդույթներ։ Նաև սա մեծ պատասխանատվություն է, քանի որ համալսարանը մեր հարյուրամյա կառույցներից է, կրթական բացառիկ կառույց, որը չի սահմանափակվում միայն կրթության ասպարեզով, այլ նաև ազգային արժեք է, շարունակական կառույցի խորհրդանիշ է, որը մեզ փոխանցվել է Առաջին հանրապետությունից։ Այսինքն, բարդագույն ժամանակահատվածում ստեղծված համալսարան է և, կարծում եմ, որ եթե 1919 թվականի բարդ իրավիճակում կարողացել է ստեղծվել, ապա դրանից 100 տարի հետո որքան էլ վիճակը բարդ լինի, մենք կկարողանանք իրատեսական քայլեր անել համալսարանն ավելի լավը դարձնելու և զարգացնելու ուղղությամբ։
 
Իշխանությունն ասում է, որ ինքը չունի նախընտրած թեկնածու, որ իսկապես դրված է բաց ընտրություն։ Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք իշխանության հետ, նախարարի հետ, և որքանո՞վ կարող են այդ հարաբերությունները նշանակություն ունենալ։
 
Իշխանություն ասվածը մի փոքր ընդհանրական հասկացություն է։ Դուք լավ գիտեք, որ ես քաղաքականության մեջ չեմ, քաղաքականացված չեմ, իմ հետաքրքրությունների ոլորտը առավելապես արտաքին քաղաքականությունն է, դրա համար ես իշխանությունների հետ ընդհանուր վերցրած որևէ հարաբերություն չունեմ, բայց իշխանության մեջ, ընդդիմության մեջ, հասարակական տարբեր շերտերում ունեմ մտերիմներ, ծանոթներ, գործընկերներ և այլն։ Իշխանության մեջ էլ ունեմ նախկին ուսանողներ, գործընկերներ, որոնց հետ ունեմ նորմալ հարաբերություններ, բայց ոչ քաղաքական։ Որովհետև ես այդ ոլորտում, ըստ էության, ընդգրկված չեմ։ Իսկ նախարարի հետ, որն արևելագետ է, իմ գործընկերն է, ես ունեմ նորմալ, գործընկերային հարաբերություններ, ինչպես այլ արևելագետների հետ։ Մենք երկար տարիներ դասավանդել ենք նույն ֆակուլտետում և ունենք կայուն, լավ հարաբերություններ, որոնք անկախ պաշտոնից, դիրքից և քաղաքական մոտեցումներից, մնում են նույնը և վստահ եմ, որ հետագայում էլ կմնան նույնը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ