«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ. լուսավորված նոր փողոցներ՝ Արփի գյուղում


«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ. լուսավորված նոր փողոցներ՝ Արփի գյուղում

  • 07-02-2020 12:00:22   | Վայոց ձորի մարզ  |  Կազմակերպություններ

Գործընկեր կազմակերպությունների ընտրած ռազմավարությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է ևս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է և թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն և մարդ-վայրի բնություն հակասության կարգավորման նախադրյալներ:
 
Գյուղի բնակիչների համար, նախորդ ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Ծրագրի շնորհիվ, լուսավորվել է հենց այդ մասը՝ հնարավոր վտանգը հետագայում կանխելու համար:
 
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանն ու համայնքի  բնակիչներ:
 
«Այն, ինչ իրականացնում ենք այս ծրագրի շրջանակում, շատ կարևոր է: Փորձում ենք փոխել բնության ռեսուրսներն անխնա սպառելու մոտեցումը: Դա կարևոր է վաղվա սերնդի համար: Երբ տարբեր գյուղերում նման համակարգ ենք գործարկում, մարդիկ սկզբում գնահատում են առաջին հայացքից տեսանելին՝ վառ լուսավորությունը: Կարճ ժամանակ անց, հատկապես այնտեղ, որտեղ երկրորդ փուլն է իրականացվում, զգում են ծրագրի մյուս՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական արդյունավետությունը: Նաև այն, որ երեկոյան ժամերին կա անվտանգ քայլելու հնարավորություն: Այդ ամենը թույլ է տալիս փոխել նաև մարդկանց մտածելակերպն ու փնտրել զարգացման այլ հեռանկարներ»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի մեկնարկն այս գյուղում տրվել է 2018 թվականին: Առաջին փուլով գործընկերները լուծել են գյուղի գլխավոր փողոցի արտաքին լուսավորության խնդիրը: Այդ ժամանակ կառուցվել է 51 լուսադիոդային (LED) լուսարձակից բաղկացած համակարգ և լուսավորվել 2կմ հատված: Այսպիսով, երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում, գործընկեր կառույցների և Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Արփի գյուղում տեղակայվել է 111 LED լուսարձակ և լուսավորվել 4300մ հատված:
 
Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման համար,  տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
 
Կենսաբազմազանությամբ հարուստ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը՝ էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվում գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:
 
Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչև գիշերվա 01:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:
 
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
 
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
 
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
 
FPWC-ի մասին
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ․-ից։
 
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
 
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ