ԼՀԿ-ն առաջարկում է համաներում կիրառել բանակում չծառայած և հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 3647 քաղաքացիների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԼՀԿ-ն առաջարկում է համաներում կիրառել բանակում չծառայած և հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 3647 քաղաքացիների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-02-2020 17:34:14   | Հայաստան  |  Հասարակություն



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գրություն է ուղարկելու ՀՀ կառավարություն՝ առաջարկելով համաներում կիրառել Հայաստանից դուրս այս պահին հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 3647 քաղաքացիների նկատմամբ: 
 
Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, նշյալ քաղաքացիները տարբեր պատճառներով, այդ թվում նրա գնահատմամբ՝ ոչ լավ օրից, հեռացել են Հայաստանից և այսօր չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ այդ դեպքում վերջիններս անմիջապես կալանավորվելու են Զինված ուժերում չծառայելու համար: 
 
Ըստ Է. Մարուքյանի՝ վերջին համաներման ժամանակ խորհրդարանը ներում է շնորհել առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց, և քանի որ վերոնշյալ քաղաքացիների կողմից տարբեր պատճառներով բանակից խուսափելը միջին ծանրության հանցագործություն է, նրանց ևս պետք է ներում շնորհել: 
 
«Հիմա այն մարդիկ, ովքեր 8, 9, 10 տարեկանում տարբեր իրավիճակների բերումով հանրապետությունը լքել են իրենց ծնողների հետ, հետո դարձել են մինչև 27 տարեկան, ինտեգրվել են ինչ-որ երկրում, բայց ուզում են գան հայրենիք, մենք նրանց չտա՞նք հնարավորություն»,- հարց է բարձրացնում պատգամավորը: 
 
Նրա խոսքերով, եթե կուսակցության առաջարկն ընդունվի, ապա տեղի կունենա ոչ միան պահեստազորի համալրում 3647 հոգով, այլև այդ քաղաքացիները, եթե ամուսնացած չեն՝ կամուսնանան և կապրեն Հայաստանում՝ այդպիսով որոշակի առումով լուծելով նաև դեմոգրաֆիական խնդիրներ: 
 
Մարուքյանը հիշեցրեց, որ մինչ այս Հայաստանում գործում էր օրենսդրական մի կարգավորում, ըստ որի՝  ՀՀ 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, որոնք հետախուզման մեջ էին գտնվում Զինված ուժերում չծառայելու համար, կարողանում էին գալ Հայաստան և 1 մլն 800 հազար դրամ վճարելով՝ հաշվառվել պահեստազորում, ստանալ զինգրքույկ.
 
«Հանրապետական կուսակցության ժամանակ բերվեց նախագիծ, որով ուզում էին 1 մլն 800 հազարը դարձնել 9 մլն դրամ: «Ելք» դաշինքը՝ մենք, կռիվ տվեցինք և այդ գումարը դարձավ 3 մլն 600 հազար: Անցյալ տարի ԼՀԿ-ն ներկայացրեց նույն նախագիծը, երկարացվեց այդ ժամկետը և դեկտեմբերի 31-ով այն ավարտվեց: Մեր նոր նախաձեռնությունը, որպեսզի այդ ժամկետը նորից երկարի, կառավարությունը մերժեց՝ նշելով, որ դա սխալ լուծում է»: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն