Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում


Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում

  • 12-02-2020 18:38:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողով:
 
Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից:
 
Բացման խոսքում փոխնախարար Գայլանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին քննարկմանը ներկա գտնվելու և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացին շարունակական հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ հատկապես ընգծելով գործընկեր հասարակական կազմակերպությունների ընդդիմախոսական կեցվածքի կարևորությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի զգոնության խթան: Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մարմնի ստեղծման գործընթացին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է, որ ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերն ընդունվեն հնարավորին մասնակցային և ներառական գործընթացի արդյունքում՝ այդպիսով ապահովելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրային լայն վստահություն:
 
Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Գալյանը քննարկման մասնակիցներին  ներկայացրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծով սահմանված իրավակարգավորումները: Մասնավորապես՝ անդրադարձել է Կոմիտեի ձևավորմանը, նախագահի ընտրության մեխանիզմին, գործունեությանը, աշխատակիցների սոցիալական երաշխիքներին, Կոմիտեի հաշվետվողականությանը ԱԺ-ին, Կոմիտեի ծառայողների ընտրության բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ինչպես նաև օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանված այլ կարգավորումներին: 
Այնուհետև, հաջորդել է մասնակիցների և փոխնախարարի միջև հարցուպատասխանը: 
 
Աշխատաժողովի հաջորդ փուլում Արդարադատության նախարարության աշխատակազմի  Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը մասնակիցներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփումը:
 
 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն