Սերժանտական ինստիտուտն այս պահին նորմալ չի գործում. այն պետք է ուժեղացվի. ռազմական փորձագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սերժանտական ինստիտուտն այս պահին նորմալ չի գործում. այն պետք է ուժեղացվի. ռազմական փորձագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-02-2020 17:47:08   | Հայաստան  |  Հասարակություն



Բանակում պետք է համակարգային փոփոխություններ լինեն, ուժեղացվի սերժանտական ինստիտուտը: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին մեկ ու կես ամսում խաղաղ պայմաններում բանակում արձանագրված մահացությունների դեպքերին: 
 
Ըստ նրա՝ զինվորի մահվան յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել յուրովի՝ պատճառների մասին հստակ պատկերացում կազմելու համար: 
 
«Փաստը մնում է փաստ, որ մենք բանկում ունենք խնդիրներ և այդ խնդիրների արդյունքում ունենք տասը զոհ, որը շատ վատ է: Իրականում միջանձնային հարաբերությունների պատճառով զոհերի թվաքանակի նման տենդենցը ես համարում եմ ոչ թե վատ, այլ շատ վատ»,- ընդգծեց Կ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե այս հարցում պատկան մարմինները չգնան համակարգային փոփոխության, ապա պետք է սպասել ավելի վատ դեպքերի: 
 
Ռազմական փորձագետի խոսքերով՝ բանակում պետք է տեղի ունենա սպաների, սերժանտների և շարքայինների պատասխանատվության վերաբաշխում՝ սպայական կազմից պատասխանատվության որոշ շրջանակ պետք է փոխանցվի շարքային կազմին:  
 
«Տեսեք, օրինակ՝ 10-15 շարքայինի համար մեկ սերժանտ ենք հատկացնում և այդ սերժանտը բացառապես պատասխանատու է այդ 15 հոգու միջանձնային հարաբերությունների համար, այսինքն՝ սերժանտի վրա չի դրվում շարք կանգնեցնելը, սովորեցնելը, շարային քայլելը կամ զենք քանդել հավաքելը: Տվյալ դեպքում արդեն սերժանտն ամեն ինչ անելու է, որ իր ենթակայության տակ գտնվող 10-15 հոգին ունենան շատ լավ հարաբերություններ»,- մանրամասնեց Կ. Հովհաննիսյանը: 
 
Նրա խոսքերով՝ նշյալ գործառույթը պետք է իրականացնի հենց սերժանտը, ով ամբողջ օրը զինվորների կողքին է և ավելի լավ է տեղյակ վերջիններիս ներանձնային հարաբերություններին, իսկ սպաները չեն կարող ամբողջ օրը հսկողություն սահմանել այս առումով: 
 
Փորձագետի կարծիքով՝ զինվորները խնդիրների դեպքում խուսափում են խոսել սպաների հետ, մինչդեռ սերժանատական ինստիտուտի ուժեղացման դեպքում զինվորը կդիմի սերժանտին, քանի որ նրան կդիտարկի որպես հավասարը հավասարի. «Սերժանտական ինստիտուտն այս պահին նորմալ չի գործում, քանի որ ի՞նչ չափորոշիչներով ենք առաջնորդվում, երբ որ սերժանտական այդ ինստիտուտն ենք փորձում ընտրել, ովքե՞ր են նրանք վերջիվերջո, արդյո՞ք նրանք լիդերներ են, արդյո՞ք ունեն բավարար գիտելիքներ, արդյո՞ք նրանք ունակ են կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, թե դրանք այն մարդիկ են, ովքեր այս կամ այն ճանապարհով հայտնվել են այդ ուսումնական զորամասերում և փորձում են ինչ-որ հարցեր լուծել կապված իրենց ծառայության հետ»: 
 
Կ. Հովհաննիսյանը գտնում է, որ սերժանտներին բանակ գործուղելու հստակ չափորոշիչներ պետք է սահմանվեն, որպեսզի այդ չափորոշիչներին չբավարարող զինվորը չհայտնվի սերժանտի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: 
 
Անդրադառնալով վերջին ողբերգական դեպքերով պայմանավորված որոշ շրջանակների պնդումներին, թե Պաշտպանության նախարար պետք է հրաժարական տա, ռազմական փորձագետը նկատեց. «Պետք է վստահ լինենք, որ բանակում մի քարը շարժենք, ամբողջ պատը փուլ չի գա»: 
 
Նրա համոզմամբ՝ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ համակարգի: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն