Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչու պետք է գնան ընտրատեղամասեր
18-02-2020 13:09:35 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը
Տիկին Ջուլհակյան, ի՞նչ տեղի կունենա, եթե հանրաքվեի նախօրեին ՍԴ յոթ դատավորներ հրաժարական տան։ Այնուամենայնիվ, հանրաքվե պետք է տեղի ունենա՞։
Եթե հանրաքվեի առարկան ուղղակի սպառվի, ապա հանրաքվե անելու իմաստն այլևս չի լինի։ Մենք չենք կարող հանրաքվե անել գոյություն չունեցող հարցի շուրջ, այսինքն՝ եթե ՍԴ անդամները հրաժարական ներկայացնեն, ապա քաղաքացուն հարցնել՝ արդյոք ինքը կողմ է, որ ՍԴ 7 անդամները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, ուղղակի կկորցնի իր իմաստը։
Բայց կա օրենսդրական բաց։
Այո, կա այդ բացը։ Դա թերևս պայմանավորված է նրանով, որ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք գտնվում։ Երբ օրենսդիրը նախկինում հանրաքվեի մասին օրենք է ընդունել, ենթադրում եմ, որ չի նախատեսել այն դեպքերը, երբ մինչև հանրաքվեն հանրաքվեի առարկան ուղղակի սպառվում է։ Այսինքն՝ ստանդարտ իրավիճակների շուրջ է ձևավորել իր բանավեճը կամ քննարկումը նախագիծը կազմելիս, հետո նաև ընդունելիս։ Հետևաբար, չի նախատեսել լուծումներ այն դեպքերի համար, երբ հանրաքվեի առարկան մինչև հանրաքվեի օրը ուղղակի սպառվում է, և հանրաքվեով լուծվելիք խնդիրը լուծվում է մինչև հանրաքվեն։ Կապրենք, կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես բնավ չունեմ վստահություն, որ ՍԴ 7 անդամների ամբողջ կազմը հրաժարական կներկայացնի։ Չեմ բացառում, որ նրանց մեջ լինեն մի քանիսը, որոնք գնան այդ քայլին, այդ թվում մինչև փետրվարի 27-ը, օգտվելով վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից։ Կարծում եմ՝ ամբողջ կազմը չի գնա այդ քայլին, և մենք, այսպես թե այնպես, կունենանք հանրաքվե։
Այնուամենայնիվ, եթե ՍԴ բոլոր 7 անդամները հրաժարական տան, ստացվում է, որ հանրաքվեի վրա գումարների անիմաստ վատնո՞ւմ է լինելու։
Եթե լինի, ապա գուցեև այո, բայց կրկնեմ, որ ես նման կանխատեսում չունեմ, չեմ կարծում, որ դա հնարավոր տարբերակ է։
Ինչպե՞ս է իշխանությունը համոզելու քաղաքացուն գալ ընտրատեղամաս՝ հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ միշտ եղել է անտարբերություն։
Ես կարծում եմ, որ քաղաքացուն համոզելու խնդիր չի առաջանալու, քանի որ քաղաքացին շատ լավ գիտակցում է, թե ինչ կարևորության հարցի առաջ է մեր պետությունն ու հանրությունը կանգնած։ Պետք է նորից արձանագրեմ, որ դատական իշխանության խնդիրների, այդ թվում նաև ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին քաղաքացիները խոսում են պարբերաբար և մեզ ամիսներ շարունակ պահանջ են ներկայացնում՝ օր առաջ լուծել թե դատական համակարգի անկախության, թե ՍԴ ճգնաժամի հարցը։ Օրինակ՝ հիմա շատ է խոսվում այն մասին, որ տեսեք, գյուղացուն հետաքրքրում է բացառապես իր սոցիալական վիճակը, նրան չի հետաքրքրում դատական իշխանությունը, ՍԴ-ն։ Ես պետք է չհամաձայնեմ նման բան պնդողների հետ, որովհետև մարզային այցերի ժամանակ իմ փորձով եմ համոզվել, որ ՍԴ-ի խնդիրը բազմիցս բարձրաձայնվում է նաև մարզերում։ Ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է, թե երբ է այս ճգնաժամը վերջապես լուծվելու։ Ես կարծում եմ, որ հավելյալ բացատրությունների անհրաժեշտություն պարզապես չի լինի քաղաքացիներին համոզելու համար, թե ինչու իրենք պետք է գնան ընտրատեղամասեր։ Մենք բոլորս քանիցս համոզվել ենք, որ ՀՀ քաղաքացին շատ ռացիոնալ և պրագմատիկ է ու ամեն անգամ, երբ տեսնում է իր մասնակցության անհրաժեշտությունը, համոզվում է՝ իր մասնակցությունը փոփոխությունների հասնելու համար կարևոր է, չի վարանում ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին։
«Ոչ»-ի քարոզարշավի խումբն արդեն իր գոյության մասին է հայտարարել։ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի միանում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին։ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» ևս հայտարարել են, որ չեն մասնակցում գործընթացին։ Այն, որ որևէ քաղաքական ուժ չի միանում «ոչ»-ի շտաբին, դրանից իշխանությունը շահո՞ւմ է, թե՞ տուժում։
Այս հարցը մեր քաղաքական ուժի կողմից բարձրացվել է ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ ընդդեմ որևէ քաղաքական ուժի, այլ հանուն։ Այսինքն՝ անկախ նրանից՝ «ոչ»-ի շտաբ կձևավորվի, թե ոչ, ինչ գործող անձինք կլինեն «ոչ»-ի շտաբում, մեր նպատակը հանուն ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, սահմանադրական լեգիտիմություն ունեցող ՍԴ ձևավորելն է։ Բնավ կարևոր չէ, թե ով է ներկայացնելու «ոչ»-ի կողմը, կամ ներկայացնելու է, թե ոչ։ Այն անձինք, ում մասին խոսում եք, որ «ոչ»-ի շտաբ են ձևավորել և դա ՀՀԿ-ն չէ, ես ստիպված եմ նշել, որ ես չեմ կարող վստահ պնդել, որ դա ՀՀԿ-ն չէ։ Ակնհայտ է, թե ովքեր են կանգնած այդ անձանց շրջանակում, ակնհայտ է, որ, այսպես ասած, իրավաբանները պարզապես անկախ փորձագետներ չեն, քանի որ այդ անձանց մի մասին մենք տեսել ենք կոնկրետ ճամբարներում, կոնկրետ գործունեություն ծավալելիս։ Այդ մարդկանց մի մասը դեռ շարունակում է կոնկրետ քաղաքական ուժի կամ ուժերի շահեր սպասարկել։ Հետևաբար, ես պետք է արձանագրեմ, որ ՀՀԿ-ն և ոչ միայն ՀՀԿ-ն, այո, մասնակցում են այս քարոզարշավին, գուցե առաջին հայացքից իբր չեզոք թվացող դեմքերով։ Ընդ որում՝ շատ ավելի ակտիվ է մասնակցելու, որքան հանրաքվեի օրը մոտենա, որովհետև ՀՀԿ-ն պարզապես սարսափում է այն մտքից, որ վերջին բաստիոնը, որ կարող էր իր համար վերջին պաշտպանության հանգրվան դառնալ, կորցնել։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ինձ համար սպասելի էր, որ ԲՀԿ-ն ձեռնպահ կմնա այս հարցում գործուն մասնակցություն ունենալուց, սպասելի էր նաև «Լուսավոր Հայաստանի» դեպքում։ Սակայն այստեղ պետք է տարբերակում մտցնել, թե որ դեպքում ինչն է եղել պատճառը։ Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է գործընթացին, սակայն նաև ակնհայտ է, որ չի կարող չունենալ բավարար ողջամտություն հասկանալու համար, որ «ոչ»-ի ճամբարում ակտիվ կերպով ընդգրկվելը նշանակելու է քաղաքական մահ՝ իրենց ոչ այնքան երկարամյա քաղաքական ուժի համար։ Դա է պատճառը, որ ԼԿՀ-ն որոշել է չմասնակցել։ Իհարկե, այն խոսքերը, որոնցով ուղեկցվեց «Լուսավոր Հայաստանի» իբր չմասնակցելը այս գործընթացներին, ընդամենը պատրվակ էին և փաթեթավորում էին այն, ինչ իրենք էին պատկերացնում այս գործընթացների հետ կապված։ Խորքային առումով, իրենք շատ լավ գիտեն, որ սա կարող է լինել իրենց կարապի երգը, դրա համար կայացվել է նման որոշում։
Կոպիտ ասած, լավ կյանքից չէ, որ «Լուսավոր Հայաստանը» որոշել է չմասնակցել քարոզարշավին։ Բացի այդ, «Լուսավոր Հայաստանին» դուր չի գալիս, որ մենք իրենց հիշեցնում ենք «երրորդ ճանապարհի» հետ կապված իրենց նկրտումները, բայց ցավոք, իրենց գործելաոճը միշտ բերում է մի կետի, որ մենք իրենց փորձում ենք հետ պահել երրորդ ճանապարհներից, որը միանշանակորեն ժողովրդին պարտության տանելու ճանապարհն է, բայց իրենք այդուհանդերձ, իրենց ճաշակին են մնում։ Ճաշակին ընկեր չկա, հետևաբար, ես կարծում եմ՝ իրենք պետք է իրենց վերաբերմունքը փոխեն այն բանի նկատմամբ, որ մենք, այո, իրենց հիշեցնելու ենք, որ իրենք երրորդ ճանապարհն են սիրում։ Ի վերջո, եթե մի բան սիրում ես, պետք է բացահայտ խոստովանես դա, չամաչես դրանից և չնեղվես, երբ քեզ ասում են, որ դու նախընտրում ես այսինչ բանը։