Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար
18-02-2020 18:50:31 | Հայաստան | Հարցազրույցներ
lragir.am-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը
Ձեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մի շարք հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը: Մասնավորապես, հարց է բարձրացրել, թե արդյոք գործող Սահմանադրությունը լեգիտիմ է, թե ոչ: Ձեր կարծիքով, լեգիտի՞մ է Սահմանադրությունը, եւ եթե լեգիտիմ չէ, ի՞նչ պետք է անի իշխանությունը, անտեսի՞ գործող Սահմանադրությունը:
Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական Հայաստանում քրեաօլիգարխիկ վարչախումբը յուրացրել էր ժողովրդի իշխանությունը։ «Ընտրություններ» կոչված գործընթացը աղերս չուներ ժողովրդավարության հետ։ Դրանք անցնում էին վախի մթնոլորտում, վարչական ռեսուրսների չարաշահմամբ, քրեական տարրերի և օլիգարխների ռեսուրսների հաշվին` ընտրակաշառքի և շանտաժի միջոցով։ Մենք բազմիցս ենք նշել, որ նման միջավայրում, նման պայմաններում, նման ուժի կողմից ընդունված Սահմանադրությունը լեգիտիմության մեծ խնդիր ունի։ Այդ լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու համար առաջարկել ենք կառավարող ուժին նախկին վարչախմբին տալ իրավաքաղաքական գնահատական, հայտարարել այս փուլը անցումային փուլ, ներառական քննարկումների ճանապարհով կազմակերպել նոր Սահմանադրության մշակում, կազմակերպել ազատ, արդար Սահմանադրական հանրաքվե, որից հետո ձևավորված իշխանության երեք ճյուղերն էլ կունենային լեգիտիմության բարձր աստիճան։
Ընդհանրապես, որքանո՞վ է մեծ վտանգը, որ այսօր գործող ՍԴ–ի հարցը լուծելուց հետո նոր ՍԴ–ն կլինի իշխանությունից կախված եւ հնազանդ: Ի՞նչ երաշխիքներ են պետք այդ մտավախությունը հաղթահարված համարելու համար:
Ցավոք, կա այդպիսի մտավախություն։ Խնդիրը անձերը չեն։ Այս Սահմանադրությունը ոչ թե ապահովում է բալանսը իշխանության երեք ճյուղերի միջև, այլ մի ճյուղի կողմից դարձնում է մյուսներին վերահսկելի` Ազգային Ժողովի կողմից` Սահմանադրական դատարանը, և Սահմանադրական դատարանի կողմից՝ Ազգային ժողովը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին հաստատում է Ազգային ժողովը։ Ստացվում է, որ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ, նման լիազորություններ ունենալով, մեծ հաշվով ինքն է որոշելու, թե ովքեր լինեն ՍԴ նոր դատավորները։ Սա դատարանը կախվածության մեջ դնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Դա է պատճառը, որ մենք նախքան հանրաքվեին մասնակցելու մասին որոշում ընդունելը, հարցեր ենք ուղղել կառավարող քաղաքական ուժին, վստահ լինելու համար, որ գործընթացը չի հանգեցնի նման անցանկալի հետևանքների։
Եթե այդուհանդերձ, հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ թվով «այո» ձայներ չապահովվեն, Ձեր կարծիքով, ո՞րը պետք է լինի իշխանությունների հաջորդ քայլը:
Մեր բարձրացրած հարցերը միայն մեզ չեն հուզում։ Հանրության լայն հատված կիսում է մեր մտահոգությունները, և ես հույս ունեմ, որ կառավարող ուժը, այնուամենայնիվ, կտա դրանց պատասխանները, դրանով մեծացնելով «այո»-ի հաղթանակի հնարավորությունը։ Այդուհանդերձ, եթե «այո»-ն չհավաքի պահանջվող քանակ, հույս ունեմ, որ գոնե այդ ժամանակ կառավարող ուժն իր մեջ ուժ կգտնի, կտա նախկիններին քաղաքական գնահատական, կհայտարարի անցումային շրջանի մասին և կանի այն քայլերը, որոնք կբերեն լեգիտիմ Սահմանադրություն և Սահմանադրական դատարան ունենալուն։
Դուք առաջարկում եք, որ արդեն այսօր իշխանությունը հրապարակի ապագա ՍԴ իր թեկնածուների անունները: Դա ինչ խնդիր է լուծելու՝ հաշվի առնելով, որ թեկնածուներ են առաջադրելու նաեւ ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը:
Դա, կարծում եմ, հնարավորություն կտա ինչ որ չափով կանխատեսել կառավարող ուժի քայլերի տրամաբանությունը։ Օրինակ, եթե այդ ցանկում լինելու են ներկա անդամներից դատավորներ, դա այլ հարցեր է առաջացնում, եթե լինելու են կառավարող ուժից անդամներ, դա այլ հարցեր է առաջացնում։ Քանի որ հանրության հետ չկա բաց և թափանցիկ երկխոսություն, մենք փորձում ենք այդ հարցերի միջոցով գտնել մեզ հուզող խնդիրների պատասխանները։
Եթե հանրաքվեն բարեհաջող ավարտ ունենա եւ ձեւավորվի նոր ՍԴ, արդյոք դա բավարար է դատական համակարգի անկախությունն ապահովելու համար, ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն դրան:
Կարծում եմ, հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար։ Դրանով է հենց կարևորվում կառավարող ուժի բաց և թափանցիկ գործունեությունը, հանրության հետ երկխոսությունը։ Ես չեմ տեսնում կառավարող ուժի հաջորդ քայլը պետականաշինության մեջ, ու հենց այդ անկանխատեսելիությունն է, որ խնդիրներ է առաջացնում։ Դրա վառ օրինակն էր ՍԴ դատավորների թոշակի անցնելու առաջարկելը, կադրային քաղաքականության մեջ անհասկանալի նշանակումները, որոնք հետո դարձյալ խնդիրների հանգեցրին։ Ցավոք, կառավարող ուժի քայլերի տրամաբանությունը, կամ դրա բացակայությունը թույլ չի տալիս մեկ քայլից ավելի կանխատեսել, ու էս պարագայում ասել, թե որը պիտի լինի հաջորդ քայլը անկախ դատարան ունենալու համար, շատ դժվար է։ Այս իրավիճակում ես դրա հնարավորությունը չեմ տեսնում։