Հանրաքվեն վերաբերում է ոչ այնքան ՍԴ գործող կազմին, ինչպես ներկայացվում է, այլ մեր ապագային
19-02-2020 10:05:41 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պարոն Բաբաջանյան, ապրիլի 5-ին կայանալու է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Որքանո՞վ եք այն արդարացված համարում, չե՞ք կարծում, որ խնդիրը կարող էր լուծվել ԱԺ մակարդակում և չհասցվել հանրաքվեի։
Դուք իրավացի կլինեիք, եթե մենք սահմանադրական հանրաքվեի խնդիրը դիտարկենք սոսկ որպես ՍԴ գործող կազմի փոփոխության հարց։ Իրականում, սակայն, հանրաքվեի նպատակն ու առաքելությունը շատ ավելի խորքային են։ Այն օրգանապես կապված է մի կողմից՝ թավշյա հեղափոխության շարունակականության, մյուս կողմից՝ որպես դրա հետևանք Հայաստանում արմատական փոփոխությունների իրականացման ու ժողովրդավարության մակարդակի խորացման հետ։ Այսինքն՝ գլոբալ իմաստով սահմանադրական հանրաքվեն ուղղված է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությանն ու կայացմանը։ Հակառակ դեպքում, եթե ճգնաժամի հանգուցալուծման նպատակը ժողովրդավարության պաշտպանությունը չլիներ, որևէ այլ նպատակ չէր կարող արդարացնել այնպիսի կտրուկ միջոցը, ինչպիսին հանրաքվեն է: Իսկ այն հարցում, որ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվեի անցկացումը ուղղակիորեն կապված է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության հետ, ես որևէ կասկած չունեմ։ Որովհետև սահմանադրական այս հանրաքվեով մենք ԱՅՈ ենք ասելու ոչ միայն ու ոչ այնքան ՍԴ գործող կազմի հեռացմանը, որքան երկրում արմատական բարեփոխումների իրականացման շարունակականությանը, ինչը ժողովրդավարության պաշտպանության ուղղակի երաշխիք է։ Եվ այստեղ ես վստահ եմ, որ մենք չպետք է սահմանափակվենք միայն հանրաքվեով։ Հանրաքվեն կարող է և պետք է առիթ դառնա, որպեսզի մենք վերջապես իրավաքաղաքական գնահատական տանք Սահմանադրական դատարանի անցած շուրջ երկու տասնամյակների գործունեությանը, ՍԴ-ի հանցակցությամբ ու մասնակցությամբ ժողովրդի ընտրության բռնաբարման ակտերին։ Առանց այդ իրավաքաղաքական գնահատականի մենք չենք կարող ինստիտուցիոնալ առումով հասնել սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանը։ Առանց այդ իրավաքաղաքական գնահատականի այս ողջ գործընթացը դառնում է իմաստազուրկ ու բովանդակազուրկ։ Ես խորաապես համոզված եմ, որ գործող Ազգային ժողովի կողմից այդ իրավաքաղաքական գնահատականը պետք է տրվի մինչև սահմանադրական փոփոխությունները հանրության դատին ներկայացնելը։ Առանց այդ իրավաքաղաքական գնահատականի խնդրի ձևակերպումը, ախտորոշումը դառնում է թերի, և առանց դրա մենք լայն իմաստով ոչինչ չենք ավելացնելու Հայաստանի ո՛չ ժողովրդավարությանը, ոչ էլ սահմանադրականությանը։
Սա չափազանց կարևոր է նաև հաջորդ՝ նոր Սահմանադրական դատարանի կազմի համար, դրա արդյունավետ գործունեության համար։ Նոր Սահմանադրական դատարանը պետք է լինի ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխավորը։ Ինչ վերաբերում է հարցի նեղ դրվածքին, թե արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, որ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունները կատարեր ԱԺ-ն, ապա միանշանակ՝ ոչ, Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով ընդունելու տարբերակն անհամեմատ ավելի նախընտրելի է, քան եթե դա կատարվեր ԱԺ-ի կողմից։ Որովհետև հանրաքվեն շատ ավելի բարձր լեգիտիմության աստիճան է ապահովում, երկրորդ՝ ոչ մի դեպքում դա չի դիտարկվի որպես մեկ քաղաքական ուժի կողմից դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու փորձ: Բացի այդ, հանրաքվեն հրաշալի նախադեպ և քննություն է Հայաստանի ժողովրդավարության համար: Եթե որևէ Սահմանադրական դատարան հասել է այնպիսի հանգրվանի, որ իր կազմի մեծամասնությունը իր լեգիտիմության և սահմանադրականության հետ կապված նման խորը կասկածներ ունի, ապա սա շատ լավ նախադեպ է, որ նման խնդիրները այսպիսի կտրուկ հանգուցալուծում ստանան: Մյուս կողմից՝ սա հրաշալի նախադեպ է նաև այն առումով, երբ քաղաքական ուժերի միջև անհամաձայնության դեպքում հարցը դրվում է հանրաքվեի: Այսինքն՝ խնդրի լուծումը դրվում է քաղաքացու քվեի առջև, այն սուբյեկտի առջև, որի իրավունքների և ազատությունների ու կամքի պաշտպանն է այն ատյանը, որի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է հանգուցալուծվի: Բացի այդ, եթե այս փոփոխություններն ընդունվեին ԱԺ-ի կողմից, դա որոշակիորեն կստվերեր դատարանի հեղինակությունն այն առումով, որ փոփոխությունները կկատարվեին մեկ քաղաքական ուժի միջոցով: Եթե որևէ ուժ, տվյալ դեպքում՝ իշխող ուժը, վերցներ այդ խնդիրը լուծելու հանձնառությունը, ՍԴ-ն իր ողջ գործունեության ընթացքում կապվելու էր հենց այդ քաղաքական ուժի հետ։
Ինչպե՞ս կարող է ի վերջո հանգուցալուծվել սահմանադրական փոփոխությունների՝ ՍԴ-ի կողմից քննության ենթարկելու հարցի թնջուկը։ Շատ իրավաբաններ պնդում են, որ դա ամենախնդրահարույց հարցերից մեկն է այս ողջ գործընթացում։
Երբ 2015 թվականի Սահմանադրությունն ամբողջ ծավալով մտավ ուժի մեջ, 213-րդ հոդվածը, որն ապահովում էր ՍԴ անդամների պաշտոնավարումը, նախատեսված էր Սահմանադրության այնպիսի դրույթների շարքում, որոնք կարող են փոփոխվել ԱԺ-ի կողմից։ Մինչդեռ 2005 թվականի Սահմանադրությամբ ՍԴ դատավորի կարգավիճակի վերաբերյալ որևէ սահմանադրական դրույթ կարող էր փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Այս ողջ ընթացքում Հանրապետական կուսակցության այսօրվա կարկառուն ներկայացուցիչների ձեռամբ ՍԴ դատավորի կարգավիճակը կախված է եղել պառլամենտում եղած քաղաքական ուժերի դասավորությունից։ Ուստի կարելի է ենթադրել, որ 2015թ. Սահմանադրական հանրաքվեի ժամանակ արդեն Հանրապետական իշխանությունը հստակ ծրագրել էր իր հաղթանակը 2017-ի ընտրություններում։ Այսինքն՝ Սահմանադրության 213-րդ հոդվածը ՍԴ անդամների և օրվա քաղաքական իշխանության միջև առևտրի հնարավորություն էր տալիս, ուստի ՀՀԿ-ն, ԱԺ-ում ունենալով բավարար ձայներ, կարող էր նույն այդ Սահմանադրության ուժով որոշում կայացնել ՍԴ անդամների հետագա պաշտոնավարման համար։
Այս իրավիճակի պատճառները թաքնված են այն իրողության մեջ, երբ 2015 թվականից ի վեր ուժի մեջ մտավ Սահմանադրության նախագծերի սահմանադրականության նախնական պարտադիր ստուգման նորմը։ Իրականում շատ քիչ պետություններ կան, որտեղ դա համարվում է պարտադիր նորմ։ Իսկ Հայաստանում Սահմանադրական դատարանի՝ նման նախագծերի ստուգման ուղարկելու պատճառները եղել են ոչ թե նորմատիվ պահանջ, այլ բխել են բացառապես քաղաքական պրոցեսների տրամաբանությունից, և դա դարձել է սահմանադրական սովորույթ։ Օրինակ՝ կան պետություններ, որտեղ այդ նորմը Սահմանադրության մակարդակով ամրագրված չէ, բայց դա այնքան բնական է համարվում, որ ոչ մեկը կասկածի տակ չի առնում դա, և դրա պատճառը շատ պարզ է՝ այդ պետություններում ՍԴ-ի հանդեպ ունեցած վերաբերմունքն ու ՍԴ-ի լեգիտիմությունն այնքան բարձր են, որ դա որևէ մեկը չի վիճարկում։ Իսկ երբ այս դրույթը Հայաստանում հասցվեց սահմանադրական նորմատիվ պահանջի՝ գործող ՍԴ-ի առկայության պարագայում, որը ո՛չ իշխանության մյուս ճյուղերի, ոչ էլ հանրության շրջանում հեղինակություն չուներ, մենք հանգեցինք մի իրավիճակի, որտեղ ամենապարզ հարցադրումները չունեն ոչ մի բացատրություն։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է հեղինակություն և լեգիտիմություն չունեցող Սահմանադրական դատարանը դատողություններ անել Սահմանադրության նախագծի սահմանադրականության վերաբերյալ։
Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմնական թեզերի վրա պետք է կառուցվի ԱՅՈ-ի քարոզարշավը։ Արդյոք հանրության լայն շերտերի համար հասանելի՞ են սահմանադրական իրավական նրբությունները։ Դուք ևս հայտարարել եք, որ Ձեր համախոհներով մասնակցելու եք ԱՅՈ-ի քարոզարշավին, ո՞րն է լինելու Ձեր հիմնական ուղերձը դրա ընթացքում։
Ինչպես նշեցի, իրականում ապրիլի 5-ի հանրաքվեն վերաբերում է ոչ այնքան ՍԴ գործող կազմին, ինչպես ներկայացվում է, այլ մեր ապագային, վաղվա օրվան, լայն իմաստով՝ Նոր Հայաստանին։ Դա է հիմնական ուղերձը, որ ես իմ համախոհների հետ փորձելու եմ հասցնել հանրությանը։ Մենք պետք ունենք ապագայի օրակարգերի, ապագայի ռազմավարությունների ու ծրագրերի, որոնց իրականացման հարցում գործող ՍԴ-ն լուրջ խոչընդոտ է։ Կարևոր է հասկանալ, որ ապագա բարեփոխումների մեծ մասը պայմանավորված է լինելու այս կամ այն սահմանադրական փոփոխությամբ, և այստեղ կապն ուղիղ ՍԴ-ի հետ առաջնային է, Սահմանադրության մեջ ցանկացած փոփոխություն, նախագծի ստուգումը ՍԴ-ի լիազորությունների տիրույթում է։ Երկրորդ՝ եթե մենք չխոսենք որևէ բարեփոխման մասին, եթե մենք չխոսենք հակակոռուպցիոն պայքարի մասին, եթե մեր նպատակը ժողովրդավարության պաշտպանությունը չի լինելու, այդ դեպքում հանրաքվեն կդառնա իմաստազուրկ։ Գործնականում բոլոր արմատական բարեփոխումները, ինչպես, օրինակ, հակակոռուպցիոն խորքային պայքարը կամ այլ ոլորտների սկզբունքային փոփոխություններն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Սահմանադրական դատարանի հետ։ Մենք չենք կարող ունենալ և հանդուրժել ՍԴ, որը կարող է ընդդիմանալ այդ բարեփոխումներին։
Ինչ վերաբերում է ավելի լայն իմաստով հանրաքվեի ու ժողովրդավարության միջև կապին, ապա երբ արձանագրում ենք, որ ժողովրդավարության պաշտպանությունը պետք է լինի ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հրամայականը, պետք է նկատի ունենանք, որ ժողովրդավարության իրականացման առաջնահերթ ամենապարզ ձևերը ընտրությունն ու հանրաքվեն են։ Եվ եթե մենք չունենք սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության պահանջներին բավարարող ՍԴ, եթե այդ ՍԴ-ի հանդեպ հանրությունն ու քաղաքական կուսակցությունները չունեն վստահություն, և՛ ընտրությունները, և՛ հանրաքվեները մշտապես ցնցումների առիթ են հանդիսանալու, որովհետև այդ պրոցեսների արդյունքում առաջացող վեճերը, այն տեսքով, որ հասնում են ՍԴ, պետք է հանգուցալուծում ստանան, իսկ այդ հանգուցալուծումը տվողի նկատմամբ վստահության բացակայության պայմաններում քաղաքական լարվածությունը երբեք չի թուլանալու։ Այնպես որ, այս հանրաքվեն հիմնաքարային նշանակություն ունի ինչպես այսօրվա, այնպես էլ ու առավել ևս՝ ապագայի քաղաքական գործընթացների, դրանց անցնցում ընթացքի համար։
Այս առումով հանրաքվեն դադարում է լինել սոսկ իշխանության խնդիրը, ինչպես ներկայացվում է շատ ընդդիմադիրների կողմից։ Հանրաքվեն իրականում պետության խնդիրն է, քանի որ դրա արդյունքներով լուծվելու է ոչ թե իշխանության, այլ պետության ու հասարակության համար կարևոր խնդիրը։ Ի վերջո, մենք դրա արդյունքում ունենալու ենք վստահության ու հեղինակության բարձր պաշարով Սահմանադրական դատարան, որը դառնալու է ժողովրդավարության ու սահմանադրական կարգի պաշտպանության կարևորագույն, եթե ոչ՝ ամենակարևոր ինստիտուտը։
Իսկ քարոզարշավի ընթացքում պատրաստվո՞ւմ եք համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, թե՞ դրան մասնակցելու եք միայն Ձեր նախաձեռնող խմբով։
Քարոզարշավի ժամանակ համագործակցության որևէ խնդիր չունենք, բաց ենք բոլոր ոչ իշխանական այն ուժերի հետ համագործակցության համար, որոնք հայտարարել են ԱՅՈ-ին աջակցելու մասին։ Այդպիսի քաղաքական ուժերը բազմաթիվ են, և չեմ բացառում առաջիկայում նրանց հետ կոնսուլտացիաների, քննարկումների անցկացումը։ Չեմ բացառում անգամ ոչ իշխանական ուժերի հետ ԱՅՈ-ի միասնական շտաբի ձևավորումը։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անելու առավելագույնը՝ սահմանադրական փոփոխությունների կարևորությունն ու նշանակությունը հասարակությանը հասցնելու և հանրաքվեում համոզիչ հաղթանակ ապահովելու համար։ Հետևաբար այդ նպատակին հասնելու համար պատրաստ ենք գործընկերային ցանկացած համագործակցության։ Ինչ ձևաչափով կլինի այդ համագործակցությունը՝ ցույց կտան առաջիկա շաբաթների զարգացումները։