Բանակի այս սպանությունների վրա մեծ գումարներ են աշխատում. սևազգեստ մայրեր


Բանակի այս սպանությունների վրա մեծ գումարներ են աշխատում. սևազգեստ մայրեր

  • 20-02-2020 12:46:15   | Հայաստան  |  Հասարակություն

Բանակի այս սպանությունները կոռուպցիա է, դրանց վրա մեծ գումարներ են աշխատում: 
 
Այս մասին այսօր  կառավարության շենքի առջև հերթական բողոքի ակցիան իրականացնելիս հայտարարեց 2010 թվականի մարտին խաղաղ պայմաններում բանակում մահացած ժամկետային զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: 
 
Ըստ նրա՝ արդեն 10 տարի է, ինչ պարբերաբար բարձրաձայնում է իր որդու սպանության մասին, սակայն որևէ արձագանք չկա, հարուցված քրեական գործերը չեն բացահայտվում. 
 
«Իմ տղային սպանել են, որովհետև ինքն ականատես ա եղել սալյարկի գողությանը, որը որ ինքն ա ինձ ասել: Ես էս տասը տարի ա գոռում գոչում եմ, այն ժամանակ նույնիսկ նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը Հայաստանի առաջին ալիքով հայտարարություն արեց, որ այո՛, Վալերի Մուրադյանն ականատես է եղել զորամասում բազմաթիվ չարաշահումների»,- մանրամասնեց Ն. Մուրադյանը՝ հավելելով, որ անգամ այդ հայտարարությունից հետո որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: 
 
Սևազգեստ մոր համոզմամբ՝ անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է բանակում զինծառայողների մահվան նոր դեպքերի, որոնք որակվում են ինքնասպանություն և այդքանով ամեն ինչ փակվում է: 
 
«Իմ էրեխուն զորամասում քնած տեղը խեղդել են, հետո կախել են, դա ներելի՞ ա, դա ընդունելի՞ ա, ու ոչ մեկ մեղավորներ չեն պատժվում: Ինչքան լավ ա, ինքնասպանություն գրում են ու դիակներ ա, որ ուղարկում են»,- շեշտեց Ն. Մուրադյանը: 
 
Վերջինիս խոսքերով, եթե անգամ ինքնասպանություններ են կատարվում բանակում, դա ևս խայտառակություն է և խոսում է բանակում առկա խնդիրների մասին: 
 
Որդեկորույս մայրը պնդում է՝ քրեական գործերը չեն բացահայտվում, որովհետև այդ գործերով զբաղվող մարդիկ մեծ գումարներ են աշխատում: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն