Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

25-02-2020 15:40:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ  Սերժ Սարգսյանը, որն արդեն ժամանել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայր, նախքան իր գործով նիստին մասնակցելը բարձրախոսով ելույթ ունեցավ՝ իր աջակիցների շարքերում կանգնած:
 


«Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը»,- ասաց Սարգսյանը՝ խնդրելով ցուցարարներին իր երախտագիտությունը հայտնել իրենց մերձավորներին, հարազատներին, որոնք չեն փորձել նրանց համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը. «Ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու»,- հավելեց ամբաստանյալ Սարգսյանը:
 
«Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր
է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ, ամենուր»,- ասաց նա՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին:
 
Հիշեցնենք, որ այսօր այստեղ նշանակված է դիզվառելիքի գործով առաջին դատական նիստը, որը կսկսվի րոպեներ անց:
 
Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ
Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 586 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար