Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

  • 25-02-2020 18:56:25   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: 
Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:
 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնությունը, նույնպես կարևորեց նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրենսդիր մարմնի և եկեղեցականների միջև՝ վստահություն հայտնելով, որ դրանք  կունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողության հարցում: Վեհափառն ընդգծեց, որ նման հանդիպումներն ու զրույցները միանշանակ ծառայելու են ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝  օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։ 
 
Հայցելով Երկնավորի օգնականությունը ԱԺ պատգամավորներին կարևոր այդ հանձնառության մեջ՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը: 
 
Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին և առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:
 
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն ընծայվեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն