Հայաստանն ու Վրաստանը ընտրություն կտան Ռուսաստանին


Հայաստանն ու Վրաստանը ընտրություն կտան Ռուսաստանին

  • 05-03-2020 10:38:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Վրաստանին թերեւս անհրաժեշտ են նոր քայլեր Ռուսաստանի ուղղությամբ, որոնք սակայն ամենեւին չեն ենթադրում զիջում, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին հղած ուղերձում: Զուրաբիշվիլին նշել է, թե Ռուսաստանը չպետք է հույս ունենա, որ Վրաստանին կարող է շեղել եվրատլանտյան ուղուց, սակայն, եթե նա ունի Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերության նպատակ, ապա դա բխում է բոլորի շահից:
 
Վրաստանի նախագահի ուղերձը ժամանակագրական առումով հաջորդել է Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած երկօրյա պաշտոնական այցին, որն ավարտվեց մարտի 4-ին: Նիկոլ Փաշինյանը Վրաստանում քննարկել է անվտանգային հարցեր: Այցից հետո Հայաստանի վարչապետն արդեն Հայաստանի խորհրդարանում հայտարարել է, որ հայերն ու վրացիները այս ռեգիոնում ապրում են հազարամյակներ եւ ունեն ապագայի համար իրենց կյանքի համատեղ պլանները քննարկելու լիակատար իրավունք:
 
Արդյոք Հայաստանի վարչապետն ակնարկում էր, որ կան ռեգիոնալ պլաններ, որոնք անտեսում կամ արհամարում են Հայաստանի ու Վրաստանի այդ իրավունքը: Թերեւս առանց այդ ակնարկի էլ այդ պլանների առկայությունը ակնհայտ է:
 
Հայաստանն ու Վրաստանը գտնվում են արտաքին եւ անվտանգային տարբեր վեկտորներում: Մյուս կողմից, սակայն, Երեւանն ու Թբիլիսին խորքային առումով ունեն մեկ բնական անհրաժեշտություն՝ այդ տարբերությունը դարձնել փոխադարձ անվտանգության «կոոպերացիայի» հավելյալ ռեսուրս:
 
Ինչպես Թբիլիսին է Հայաստանի համար եվրատլանտյան բլոկի հետ հաղորդակցության հավելյալ ռեսուրս, հարթակ, այդպես էլ Երեւանը Թբիլիսի համար Ռուսաստանի հետ հաղորդակցության հարթակ է, առավել եւս այն պայմաններում, երբ դրսեւորում է ինքնիշխան քաղաքականության հատկանիշներ: Այդպիսի Երեւանը Ռուսաստանի հետ հարաբերության առումով կարող է որոշակի ինքնավստահություն ներշնչել նաեւ Վրաստանին:
 
Հայ-վրացական տանդեմն այդ իմաստով պետք էամբողջացնի ռեգիոնալ անվտանգային համակարգի այն հեղափոխությունը, որ մոտ քառորդ դար առաջ գործնականում իր ուժով արել է Հայաստանը արցախյան հաղթանակով: Վրաստանը քառորդ դար փորձել է հնարավորինս տարածություն պահել այդ իրողությունից, սակայն անցնող քառորդ դարը վկայեց, որ դրանով Թբիլիսին ոչ թե հեռացրել է ավելորդ ռիսկերը, այլ հակառակը: Վրաստանն այժմ պետք է միանա Հայաստանին ռեգիոնալ անվտանգության նոր համակարգը ամբողջացնելու համար:
 
Այդ հանգամանքը ի վերջո Ռուսաստանին կարող է մի կողմից դնել ընտրության առաջ, մյուս կողմից տալ ընտրության հնարավորություն, որից նրան փորձում է զրկել Թուրքիան: Իհարկե, հարցն այն է, թե արդյոք Մոսկվան ի վիճակի է Հայաստանն ու Վրաստանը դիտարկել ոչ թե կայսերական տարածք, այլ իր համար կենսական ռեգիոնում անվտանգության հարցում գործընկեր: Բայց միջազգային իրողությունների եւ նոր աշխարհակարգի ձեւավորման տրամաբանությունը Մոսկվային չեն թողնում իր համար կենսական տարածքում միջազգայնորեն լեգիտիմ էական դերակատարում պահպանելու այլընտրանք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն