Ռոբերտ Քոչարյանն Էրդողանի եւ Պուտինի արանքում. Պատահակա՞ն է այդ տեղեկությունը


Ռոբերտ Քոչարյանն Էրդողանի եւ Պուտինի արանքում. Պատահակա՞ն է այդ տեղեկությունը

  • 05-03-2020 15:40:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանական լրատվամիջոցները խանդավառությամբ տարածել են հայկական մամուլում եւ ռուսական Կոմերսանտում գրեթե համաժամանակ տեղ գտած տեղեկությունը՝ հայ-ռուսական հարաբերության խնդիրների մասին: Ըստ այդ տեղեկությունների, որ պատրաստակամորեն տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ռոբերտ Քոչարյանի գործը հայ-ռուսական հարաբերության խնդիր է, Կրեմլը դժգոհ է Երեւանից եւ անգամ չեղարկել է ապրիլին սպասվող Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան:
 
Яндекс.Директ
 
Есть противопоказания. Посоветуйтесь с врачом.
Онкологический центр
Ведущие врачи онкологи. Без очереди. Международные протоколы. Без очередей. 24/7.
Узнать больше
euroonco.ru
Նախորդ տարի աշնանը Կրեմլի խոսնակ Պեսկովը ԱՊՀ Վեհաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունը պայմանավորված չէ Քոչարյանի գործով, եւ Փաշինյանի ու Պուտինի միջեւ առկա է աշխատանքային լավ հարաբերություն:
 
Իրավիճակն այժմ եւ մի քանի ամիս առաջ էապես տարբեր է իհարկե, եւ այստեղ հարցն ամիսներն էլ չեն, այլ գործնականում 2020 թվականի հունվարի 3-ից միջազգային հարաբերություններում ԱՄՆ սկսած վիրահատական միջամտությունը: Դա հիմնավորապես փոխել է ուժերի ռեգիոնալ հարաբերակցությունն ու հաղորդակցման տրամաբանությունը, այդ թվում մերձավորարեւելյան ռեգիոնում ձեւավորված Աստանայի ձեւաչափում՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա:
 
Դրա ազդեցությունը դրսեւորվում է Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ Ասադը ռուսական եւ իրանական աջակցությամբ անցել է հակագրոհի եւ ձեռք բերել կարեւոր դիրքեր: Թուրքիան հայտնվել է խաղից դուրս մնալու եզրին եւ պահանջներ է ներկայացնում Ռուսաստանին ու Իրանին:
 
Ռուսաստանի հետ հարաբերության հարցում թուրքական պահանջներն անկասկած ներառում են նաեւ Կովկասը: Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասում ավանդաբար պայմանավորվել են Հայաստանի, եւ մի քիչ էլ Վրաստանի հաշվին: Դրա արդյունքում շահել է Ադրբեջանը: Արցախյան հաղթանակով հայերը կոտրել են ռուս-թուրքական այդ ավանդույթը, եւ ինքնիշխան դիմադրությամբ կասեցրել այն վերականգնելու 2016-ի ապրիլյան փորձը: Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը գործնականում անցել է առաջ եւ պաշտպանական մարտավարությունից անցում է կատարում իրավիճակ ստեղծելու, քայլ առաջ անելու մարտավարության, ինչը նախորդ տարեվերջին ձեւակերպեց նաեւ պաշտպանության նախարարը՝ Հայաստանը դուրս է գալիս խրամատային պաշտպանության մարտավարությունից:
 
Այդ համատեքստում է Մյունխենի անվտանգային համաժողովից հետո Նիկոլ Փաշինյանի հռչակած «մյունխենյան սկզբունքները», որը նախորդ իշխանության, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում իբրեւ բանակցային հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքների ծուղակից հայկական պետականությունը դուրս բերելու ձեւակերպված հայտն է:
 
Պատահակա՞ն է, որ այդ հայտի փաստի առաջ կանգնած Էրդողանի եւ Պուտինի հանդիպումից առաջ տարածվում է Ռոբերտ Քոչարյանի գործի հանդեպ Կրեմլի մտահոգության «տեղեկությունը», որի գեներացմանն է լծվում նաեւ Ադրբեջանը: Ադրբեջանն անշուշտ այստեղ ունի իր էական շահագրգռությունը, որովհետեւ հայերի հաշվին պայմանավորվելու «ավանդույթի» չեղարկումն ի վերջո բերելու է Ադրբեջանի հաշվին ռուս-թուրքական պայմանավորվածության մեխանիզմի հավանականության: Բաքվի համար դա եթե չլինի վերջը, ապա կարող է դառնալ վերջի սկիզբը: Այն, որ այդ ռիսկից խուսանավելու հարցում Բաքուն կգտնի գործընկեր կամ լոբբիստ ռուսական շրջանակներ, կասկածից վեր է: Ամբողջ հարցն այն է, թե մի՞թե կգտնվեն գործընկերներ նաեւ հայկական շրջանակներում: Գործընկերներ, որոնք ի դեպ կզոհաբերեն ոչ միայն հայկական շահերը, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանին, նրան օգտագործելով Էրդողան-Պուտին հանդիպումը Հայաստանի դեմ շրջելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն