Հայաստանում կմշակվի Մարդու իրավունքների պաշտպանության<br /> ազգային ծրագիր <br />


 

Հայաստանում կմշակվի Մարդու իրավունքների պաշտպանության
ազգային ծրագիր

  • 29-05-2009 19:00:00   | Հայաստան  |  Իրավունք
 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը, որում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, Եվրոխորհրդի, Եվրոմիության, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ եւ փորձագետներ, մայիսի 29-ին գումարել է իր անդրանիկ նիստը: Այն վարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: Ա.Բաղդասարյանն առաջարկել է եռամսյա ժամկետում քննարկման ներկայացնել ծրագրի ընդհանուր դրույթները, իսկ տարեվերջին լրամշակված փաստաթուղթը ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանին` այլ երկրների իր գործընկերների հետ համապատասխան եզրակացություն ձեւավորելու համար: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ուշադրություն է հրավիրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության խնդրին: Ինչպես նշված է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդագրությունում, ըստ հանրապետության նախագահի հրամանագրի` Մարդու իրավունքների ազգային ծրագիրը պետք է հաստատվի 2010թ.-ին, իսկ 2011թ.-ին պետք է մեկնարկի ծրագրի իրականացումը:
Նոյյան տապան  -   Իրավունք