Պուտինին բաց չեն թողնում. Ռուսաստանում կատարյալ խուճապ է


Պուտինին բաց չեն թողնում. Ռուսաստանում կատարյալ խուճապ է

  • 10-03-2020 16:52:20   | Ռուսաստան  |  Վերլուծություն

ՌԴ Պետդումայի «Եդինոյա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան՝ նա, որ տասնամյակներ առաջ թռել է տիեզերք, առաջարկել է զրոյացնել ՌԴ նախագահ Պուտինի նախագահական ժամկետը եւ նոր Սահմանադրության ընդունումից հետո նրան տալ նորից առաջադրվելու հնարավորություն:
 
 
Ավելի վաղ, ՌԴ լիբերալ-դեմոկրատ Ժիրինովսկին առաջարկել էր չեղարկել նախագահի ընտրությունը եւ չինական մոդելով նախագահ ընտրելու հնարավորություն տալ Պետխորհրդին: Դրա հնարավոր նախագահ էլ դիտարկվում է Պուտինը, որը Սահմանադրությամբ նախատեսում է ավելացնել Պետխորհրդի լիազորությունը:
 
 
Ինքը Պուտինը օրերս հայտարարել էր, թե չի ուզում լինել Պետխորհրդի նախագահ, որովհետեւ դա կբերի երկիշխանության: Նա միաժամանակ ասել էր, թե Ռուսաստանին պետք է ուժեղ նախագահական իշխանությունը:
 
Պուտինը ձեւացնու՞մ է, թե մտադիր է հերթական ժամկետն ավարտելուց հետո հեռանալ՝ որպեսզի առաջանա «ազգովի խնդրանքի» գործընթաց, թե՞ այդ «խնդրանքը» ձեւավորվում է նրա հնարավոր հեռանալու հետ կապված խուճապից:
 
Ան բանից հետո, երբ ՌԴ նախագահը ամենամյա ուղերձում ազդարարեց սահմանադրական փոփոխության մասին եւ փաստացի ակնարկեց, որ պատրաստվում է հանձնել իշխանությունը, Ռուսաստանի իսթեբլիշմենտում հասունանում է թերեւս կատարյալ խուճապ: Այստեղ իրավիճակը մոտավորապես նման է Հայաստանին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարվեց «անփոխարինելի»: Իհարկե շատերը համոզված են, որ դա հենց այն էր, ինչ Սարգսյանն էր ուզում եւ ինքն էր կազմակերպել:
 
Բայց, մյուս կողմից, հաջորդի շուրջ ներիշխանական էական հակադրությունները հանգեցնում են նրան, որ առաջանում է նախորդի հեռանալու հետ կապված վախ, հատկապես երբ նախորդը այնքան էլ պարզորոշ չի շարադրում իր ծրագրերը: Այդ պարագայում, Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» մեջ ՀՀԿ-ականները տեսնում էին իրենց անփոխարինելիությունը: Որովհետեւ չունեին ավելի լավ առաջարկ, ավելի որոշակի, համոզիչ առաջարկ իշխող որեւէ այլ դեմքից կամ շրջանակից:
 
Նույն կերպ, Պուտինը մատնել է անորոշության՝ ոչ ոք չի հասկանում, նա հեռանում է, թե ոչ, ինչպես է հեռանում, ում է թողնում նախագահությունը: Դա բերում է խուճապի: Կամ, գուցե ոմանք հասկանում են եւ մտահոգվում դրա պատճառով, պատկերացնելով նաեւ, որ Ռուսաստանում բարդ ներքին ու արտաքին վիճակը գրեթե անխուսափելի է դարձնում «էլիտայի հաշվին» որեւէ զոհաբերություն: Ինչպես, ի դեպ, Հայաստանի պարագայում:
 
Բայց ոչ ոք չի պատրաստվում ստանձնել թե զոհաբերվողի, թե նաեւ զոհաբերության որոշման պատասխանատուի դերը: Լավագույն տարբերակը Պուտինի «անփոխարինելիությունն» է: Մինչդեռ, այստեղ միանգամայն հարաբերական է՝ այդպես նրա համար լա՞վ է, «ազգովի խնդրանքով» պահելու է իշխանությունը, թե՞ վատ, որովհետեւ մնալու է այդ «խնդրանքի» տակ, չափազանց լավ պատկերացնելով նման իրական խնդրանքի բացակայությունը:
 
Այդ պայմաններում, զոհաբերվողը կարող է դառնալ հենց ինքը: Իսկ Ռուսաստանում հեղափոխության թավշե տեսակը կարող է չստացվել, հոգեբանությունն ու ավանդույթներն այլ են:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն