ՓՄՁ-ները սպասողական դիրքում են. 2018 թվականի համեմատ` 2019-ին ընկերություններն ավելի քիչ կապիտալ ներդրումներ են կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-03-2020 19:22:22 | Հայաստան | Տնտեսություն
2018 թվականի համեմատ 2019-ին առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերություններն ավելի քիչ են կապիտալ ներդրումներ կատարել:
Ինչպես «Ամերիա» ընկերության կողմից իրականացված հերթական հետազոտությունն է ցույց տվել, ի տարբերություն արտահանող ՓՄՁ-ների՝ ներմուծմամբ զբաղվողները վատատես են իրենց ապագայի նկատմամբ:
Հետազոտության համար ընկերությունը դիտարկել է հանրապետության առնվազն հինգ խոշոր քաղաքաներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93,8 տոկոսը գերփոքր է, 5,1 տոկոսը՝ փոքր, իսկ մոտ 1 տոկոսը միջին:
«Մենք ՓՄՁ ոլորտի վերաբերյալ ունենք մի շարք հետազոտություններ. Առաջինը մենք իրականացրել էինք 2013 թվականին , հիմա ոնցոր փորձում ենք հասկանալ՝ ինչ է փոխվել այս ընթացքում, ինչ նոր զարգացումներ կան, ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել և դրա հետ կապված շատ կարևոր է, որ հարցման մեթոդաբանությունը կիրառված թույլ է տալիս համեմատական վերլուծություն անել և գնահատել ազդեցությունը, այսօրվա իրավիճակը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Նրա խոսքերով՝ չնայած որ Հայաստանում ՓՄՁ -ն ամենախոշոր ոլորտն է, այդուհանդերձ, այն լավ չենք պատկերացնում:
Տ. Ջրբաշյանը նկատում է, լուրջ խնդիրներ կան ՓՄՁ-ի սահմանման հետ: Այս հարցում անգամ պետական մարմինները տարբեր ձևակերպումներ են տալիս, ինչը դժվարացնում է ոլորտում պետական քաղաքականության իրականացումը:
Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության խնդիրը՝ հետազոտության ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանկերի հետ ՓՄՁ-ների համագործակցությանը: Դիտարկված ՓՄՁ-ների 86 տոկոսը նշել է, որ վերջին 3 տարում օգտվել է բանկային որևէ ծառայությունից, ինչը դրական ազդեցություն է ունեցել նրանց գործունեության վրա:
Տ. Ջրբաշյանն ասաց՝ բանկերի հետ հարաբերություններն ի տարբերություն 2013 թվականի հետազոտության արդունքների՝ բավականին բարելավվել են:
Ինչ վերաբերում է ՓՄՁ-ների այս տարվա ընդհանուր սպասումներին, ապա Ջրբաշյանը դրանք դրական, բայց շատ զգուշավոր է գնահատում: Հանգամանքը պայմանավորված է Հայաստանի տնտեսությունում առայժմ առկա որոշակի անորոշություններով:
«Ամերիա»-ի ներկայացուցչի կարծիքով՝ դատական համակարգում խորքային բարեփոխումնները և դրանց հետևանքով արդյունավետ աշխատանքը կարող են նպաստել երկրի տնտեսական կյանքի որոշակիացմանը:
ՓՄՁ-ների սպասողական դիրքը չի ժխտում նաև Էկոնոմիկայի փոխնախարարը:
Նաիրա Մարգարյանի փոխանցմամբ՝ աջակցման և իրազեկման ծրագրերով այս տարի կփորձեն ուղղորդել ՓՄՁ-ներին դեպի ներդրումներ: