Կառավարությունը բիզնեսին հրատապ աջակցելու նպատակով 25 մլն դրամի չափով փաթեթ կգործարկի


Կառավարությունը բիզնեսին հրատապ աջակցելու նպատակով 25 մլն դրամի չափով փաթեթ կգործարկի

  • 19-03-2020 15:00:47   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունը բիզնեսին հրատապ աջակցելու նպատակով 25 մլն դրամի չափով փաթեթ կգործարկի: 
 
Ինչպես կառավարության նիստի սկզբում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ևս 25 մլն դրամի սոցիալական աջակցության փաթեթ պատրաստ կլինի` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար : 
 
Նրա փոխանցմամբ՝ երեկ քննարկել են հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: 
 
«Ես ուզում եմ ասել, որ մեր որոշումը միանշանակ է՝ կրկին և կրկին մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ այն լավն էր ՀՀ-ում: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել  շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս, ր այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, և այդ տրամաբանությունը հետևյալն է՝ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա, որ որդեգրել ենք, և իհարկե, լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը։ Հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է և մենք պետք է առերեսվենք, համարժեք քայլեր ձեռնարկենք նաև այդ սոցիալական մարտահրավերների կապակցությամբ, բայց շատ կարևոր է, որ դրանք լինեն արդար, արդյունավետ, հասցեական»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։
 
Վերջինիս խոսքերով՝ մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ կստեղծվի, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան՝ չնայած նրան, որ այդ պարամետրերը մեծ անորոշություն են պարունակում: 
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով բիզնեսի աջակցության փաթեթը, նշեց, որ այն այսօրվանից կդրվի հանրային քննարկման գործընկերներ և շահագրգիռ կողմերի հետ: 
 
Ըստ նրա՝ փաթեթի տրամաբանությունը հետևյալն է. 
 
«Իհարկե, կորոնավիրուսի և գլոբալ շուկաների այսօրվա իրավիճակը նախ և առաջ բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ պետք է ունենանք ֆինանսական բարձիկներ, որոնք հնարավորություն կտան տնտեսվարողներին այդ բարձիկներն օգտագործելով՝ սպառման անկակոն ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների: Ըստ այդմ՝ ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկների մի շարք, մասնավորապես, երեք հիմանակն, որը ենթադրում է վարկերի համաֆինասնավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Ի՞նչ տրամաբանություն ենք դրել ծրագրում. հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում՝ դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն կամ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դիֆիցիտ, կամ տոկոսադրույթի գծով ծախսեր»: 
 
Մ. Գրիգորյանը նկատեց, որ նշյալ երեք խնդիրն էլ իրենք լուծել են օժանդակության երեք ձևերով` համաֆինասնավորում, վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play