Մենք բոլորին կոչ ենք անում իրենց պահել օրենքի սահմաններում


Մենք բոլորին կոչ ենք անում իրենց պահել օրենքի սահմաններում

  • 20-03-2020 10:45:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragiram -ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Արցախում նախընտրական ժամանակաշրջանը թեժ է անցնում, նախօրեին էլ միջադեպ գրանցվեց, 10-ից ավելի մարդու բերման ենթարկեցին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

 
Իրավիճակը թեժանում է, թե մարդիկ փորձում են թեժացնել։ Մենք բոլորին կոչ ենք անում իրենց պահել օրենքի և ընդհանրապես քաղաքակրթության սահմաններում, ով ուզում է լինի։ Որովհետև դա ճիշտ չէ։ Մեկը սա է անում, մյուսը նա է անում, հերիք է էլի արդեն։
 
Պետք է գործի բոլորի համար օրենքի հավասարության սկզբունքը։ Որևէ մեկը օրենքից դուրս որևէ բան չպետք է անի, և պետք է պետությունն այնքան ուժեղ լինի, որ անկախ ամեն ինչից, օրենք խախտողը պետք է պատասխան տա՝ ով ուզում է լինի։ Ուզում է շարքային քաղաքացի լինի, ուզում է քաղաքական ուժի ղեկավար լինի, ուզում է պաշտոնյա լինի, բոլորի համար օրենքը պետք է լինի հավասար։ Այստեղ պարզապես այլընտրանք չկա։
 
Դուք բացառո՞ւմ եք ընտրությունների հետաձգումն այս փուլում՝ հաշվի առնելով Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը։
 
Այս պահի դրությամբ նման հեռանկար դեռ չկա, Արցախում որևէ դեպք չի հայտնաբերվել, իսկ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր։ Այս 10 օրում ես չգիտեմ՝ ինչ համաճարակ պետք է լինի, որ մենք այստեղ նույնպես որոշումներ կայացնենք արտակարգ դրության վերաբերյալ։ Պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի համաճարակը կանխվի, հանկարծ չտարածվի։ Ուղղակի պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի նաև հասարակությունը, այդ թվում քաղաքական ուժերը։ Դուք գիտեք, որ արդեն փակ տարածքներում հանդիպումներ գրեթե չեն իրականացվում, ինչը շատ կարևոր է։ Տեսնենք։
 
Իսկ հնարավո՞ր է, որ խուճապ լինի, և չգնան ընտրությունների։
 
Խուճապը ես ավելի վտանգավոր եմ համարում, քան բուն հիվանդությունը։ Պետք է սառնասրտորեն մոտենալ։ Այո, կա այդպիսի վարակ աշխարհում, բայց այդ վարակը մահացու չէ, ժանտախտ չէ։ Դա այնպիսի հիվանդություն չէ, որից փրկություն չկա։ Նորմալ, պրոֆիլակտիկ միջոցներով հնարավոր է կանխել և վերացնել այն։ Հույս ունեմ, որ ամբողջ աշխարհում էլ հնարավոր կլինի արագ այս համաճարակի դեմն առնել։ Կարծում եմ 1-2 ամսում կավարտի այս ամենը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ